Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ

Մայիս 03,2011 00:00

Ուսումնասիրվել են այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունն ուսումնասիրեց եւ անցյալ շաբաթ ամփոփեց 2009-2010թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում եւ տարածքային ստորաբաժանումներում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման օրինականության ուղղությամբ կատարված աշխատանքները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը (այսուհետ՝ ԱՊԿԲ) բաղկացած է 17 տարածքային բաժանմունքից, որոնցից 10-ը գործում է ՀՀ մարզերում, իսկ 7-ը՝ Երեւանի վարչական շրջաններում:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008-2009 թվական է փոխանցվել տուգանք պատժատեսակի դատապարտված անձանց վերաբերյալ 250 գործ՝ 56.686.200 դրամ գումարի չափով:
2009թ. տուգանք պատժատեսակի է դատապարտվել 596 անձ՝ 145.526.000 դրամ գումարի չափով: Նույն թվականին ԱՊԿԲ-ի կողմից կատարման է ընդունվել 846 անձի վերաբերյալ դատական ակտ՝ 202.394.800 դրամ գումարի չափով, որից փաստացի վճարում է կատարվել 280 անձի կողմից՝ 64.500.800 դրամ գումարի չափով, կամ կատարվել է վճարման ենթակա գումարի 31%-ը: 43 դեպքով տուգանքի վճարումը՝ 8.786.000 դրամ գումարի չափով, տարաժամկետվել է, 6 տուգանք պատժատեսակի կատարումը՝ 1.750.000 դրամ գումարի չափով, հետաձգվել է, 10 դեպքով տուգանքի կատարումը՝ 2.470.000 դրամ գումարի չափով, կասեցվել է, 240 դեպքով տուգանքի վերաբերյալ 53.310.000 դրամ գումարի չափով վարույթները կարճվել են (209-ը՝ համաներման, 21-ը՝ այլ հիմքերով), 187 տուգանք պատժատեսակ՝ 52.020.500 դրամ գումարի չափով, փոխարինվել է հանրային աշխատանքներով:
2009թ. 846 տուգանքի դատապարտվածներից 87-ը եղել է կին, 4-ը՝ անչափահաս, 16-ը եղել է հաշմանդամ, 12-ը՝ կենսաթոշակային տարիքի, իսկ 2-ը գտնվել է զինվորական ծառայության մեջ: Պատժի կրման ընթացքում նոր հանցագործություն է կատարել 3 դատապարտյալ:
2009 թվականից 2010 թվական է փոխանցվել տուգանք պատժատեսակի դատապարտված անձանց վերաբերյալ 145 գործ՝ վճարման ենթակա 32.010.00 դրամ գումարի չափով:
Իսկ 2010թ. ՀՀ դատարանների դատավճիռներով տուգանք պատժատեսակի է դատապարտվել 702 անձ՝ վճարման ենթակա 168.885.000 դրամ ընդհանուր գումարով:
2010թ. 100 դեպքով տուգանք պատժատեսակի կատարումը 17.084.400 դրամ գումարի չափով տարաժամկետվել է, 26-ը՝ 6.540.000 դրամ գումարի չափով, հետաձգվել է, 8-ի կատարումը՝ 1.872.000 դրամ գումարի չափով կասեցվել է, 20 գործ՝ 3.821.000 դրամ գումարի չափով, կարճվել է, 190 տուգանք պատժատեսակ՝ 47.431.000 դրամ գումարի չափով, փոխարինվել է հանրային աշխատանքներով: 2010 թվականից 2011 թվական է փոխանցվել 262 տուգանք պատժատեսակի կատարման գործ՝ 55.138.400 դրամ գումարի չափով:
2010թ. 847 տուգանքի դատապարտվածներից 72-ը եղել է կին, 1-ը՝ անչափահաս, 22-ը եղել է հաշմանդամ, 10-ը՝ կենսաթոշակային տարիքի, իսկ 6-ը գտնվել է զինվորական ծառայության մեջ: Պատժի կրման ընթացքում նոր հանցագործություն է կատարել 1 դատապարտյալ:
2010թ., նախորդ տարվա համեմատությամբ, տուգանք պատժատեսակի գումարի վճարումը ավելացել է 29.993.800 դրամով կամ 14%-ով:
2009թ. տուգանքի ձեւով պատժի կրումից համաներման կիրառման հետեւանքով ազատվել է 209 դատապարտյալ՝ վճարման ենթակա 53.310.000 դրամ գումարի չափով: Նշված գործընթացն առանձին դեպքերում իրականացվել է գործող օրենսդրության պահանջների խախտումներով, որի հետեւանքով դատապարտյալներն անհիմն պատիժ են կրել: Առանձին դեպքերում համաներման ակտի կիրառումը իրականացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.06.2009թ. ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ սահմանված ժամկետների խախտումով: Արձանագրվել են դեպքեր, երբ ԱՊԿԲ-ի բաժանմունքի միջնորդությունները քննության են առնվել առանց դատախազի մասնակցության, ինչով խախտվել են ՀՀ քրդատօրի 54-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 427-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է:
Բազմաթիվ դեպքերում տուգանքը տարաժամկետելու մասին որոշում կայացնելիս դատարանների կողմից խախտվել է ՀՀ քրօրի 51-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ դատարանը սահմանում է տուգանքի վճարման ժամանակացույց եւ որոշում ամեն անգամ վճարման ենթակա գումարի չափը:
Ուսումնասիրությամբ արձանագրվել էր նաեւ դեպք, երբ դատական ակտը, առանց օրինական ուժի մեջ մտնելու, դատարանի կողմից կատարման է ուղարկվել, որը կատարվելուց հետո կրկին ստացվել է որպես արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, երբեմն նույն ամբաստանյալի նկատմամբ դատավճռով նշանակվում է 2 հիմնական պատիժ՝ որոշակի ժամկետով ազատազրկման եւ տուգանքի ձեւով: Դատապարտյալն ուղարկվում է ազատազրկման ձեւով նշանակված պատիժը կրելու, իսկ տուգանքի կատարման մասով դատավճիռն ուղարկվում է ԱՊԿԲ-ի կատարման:
Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ վերը նշված պայմաններում դատապարտյալների համար տուգանքի փոխարեն նշանակված հանրային աշխատանքները՝ կասեցվելով ազատազրկման ժամկետների տեւողությամբ, վերջին հաշվով պետք է կատարվեն ազատազրկման ձեւով պատիժը կրելուց 3-ից 6, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ 10-15 տարի հետո: Ակնհայտ է, որ նշված ժամկետներն անցնելուց հետո դատապարտյալները կարող են ազատվել պատժի կրումից՝ դատավճռի կատարման վաղեմության ժամկետները անցնելու հետեւանքով:
Դատապարտյալների անձնական գործերի ընտրանքային ուսումնասիրությամբ
Պարզվել է, որ դատապարտյալների հետ կնքվող պայմանագրերում չի արտացոլվում այն աշխատանքների բնույթը, որոնցում ներգրավվում են դատապարտյալները, որի համար միայն դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրությամբ հնարավոր չի եղել պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարել դատապարտյալները, նկատի առնվե՞լ են, արդյոք, դատապարտյալների բնակության վայրին մոտ տեղակայված լինելու հանգամանքը եւ դատապարտյալի մասնագիտությունը, արդյոք նրանք չե՞ն ներգրավվել ՀՀ կառավարության 07.07.2005թ. «Կալանավորված անձանց եւ դատապարտյալներին արգելված աշխատանքների եւ պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 960-Ն որոշմամբ հաստատված աշխատանքներում:
Դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ դրանք ոչ բոլոր դեպքերում են վարվում ՀՀ կառավարության 26.10.2006թ. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման պահանջներին համապատասխան:
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատիժը իրականացվում է ՀՀ քրօրի 52-րդ հոդվածի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 27-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 26.10.2006թ. N 1561-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ գլխով նախատեսված դրույթներին համապատասխան:
2008 թվականից 2009 թվական կատարման է փոխանցվել 187 դատապարտյալի անձնական գործ: 2009թ. կատարման է ստացվել 140 դատավճիռ:
2009թ. որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատիժ է կրել 327 դատապարտյալ, որից 127-ը հաշվառումից հանվել է պատիժը փաստացի կրելու հիմքով, 2 դատապարտյալ պատիժ չի կրել եւ գործերը կարճվել են՝ մի դեպքում դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու, մյուս դեպքում՝ դատավճիռը բեկանելու հիմքով:
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատիժ կրող 286 դատապարտյալից 9-ը կանայք են: Նշված 286 դատապարտյալից 230-ը դատապարտվել է տրանսպորտային միջոցներ վարելու, իսկ 56-ը՝ այլ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:
Առաջարկվել էր hարցը ներկայացնել ՀՀ դատախազության կոլեգիայի քննարկմանը:
Պարբերաբար ստուգել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները կատարող մարմինների վարչակազմերի՝ պատիժների կիրառմանը վերաբերող հրամանների, կարգադրությունների եւ որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս միջնորդել վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ դատախազի կարծիքով հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների, կասեցնել այդ ակտի գործողությունը եւ այն վերանայելու միջնորդագիր ներկայացնել:
Պատժի ենթարկված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման կասկածի դեպքում պաշտոնատար անձանցից պահանջել բացատրություններ՝ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել