Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նրանք «կստիպե՞ն» դատավորներին արդարադատ լինել

Մայիս 03,2011 00:00

Այսօր Հայաստանում մամուլի դեմ 12 դատական գործ կա: Ընդ որում՝ դրանց թիվը կտրուկ շատացավ այն բանից հետո, երբ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվեցին՝ հանվեցին Քրեական օրենսգրքից եւ ներառվեցին Քաղաքացիականում: Եթե նախկինում որեւէ մեկին զրպարտած կամ վիրավորած լրատվամիջոցի դեմ դատական հայցով հանդես եկողները քիչ էին, քանի որ ԵԽ անդամ պետությանը պատիվ չէր բերում բանտերում լրագրող ունենալը, եւ այդ համատեքստում գործերը գրեթե դատարան չէին հասնում, հասնելիս էլ՝ շատ հազվադեպ էր լրատվամիջոցի դեմ վճիռ կայացվում, ապա այժմ նման հայցերը սնկի պես սկսեցին աճել: Զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնելու ջատագով եւ այդ օրենքը մշակող Կարեն Անդրեասյանը՝ ներկայումս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, չնայած ստեղծված իրավիճակին, միանշանակ վստահ է, որ այդ հոդվածների ապաքրեականացումը ճիշտ եւ այլընտրանք չունեցող քայլ էր, առավել եւս, որ մինչեւ իր կողմից այդ օրենքի մշակումը՝ դեռ 2007-ին, ԵԽԽՎ-ն իր բանաձեւերից մեկով պահանջել էր դա Հայաստանից:
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը Պաշտպանի նախաձեռնությամբ կայացավ ֆորում՝ ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսի, լրատվամիջոցների, միջազգային փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որում քննարկվում էին ինչպես ՀՌԱՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրինագիծը, այնպես էլ մամուլի դեմ դատական արշավները՝ կապված զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման հետ: Երբ հայաստանցի լրագրողները հարցրին ներկա միջազգային եւ տեղական փորձագետներին՝ հաշվի առնելով առկա իրավիճակը, ի՞նչ են կարծում՝ որքանո՞վ էր ճիշտ այդ դրույթների ապաքրեականացումը, նրանք բոլորը միահամուռ էին՝ միանշանակ ճիշտ էր, եւ որեւէ այլընտրանք դրան ուղղակի չկա: «ԱՐՄՄԵԴԻԱ» ծրագրի ղեկավար, հայտնի լրագրող եւ հասարակական գործիչ Մանանա Ասլամազյանը նույնիսկ ասաց. «Ես ուղղակի ապշում եմ, որ ձեզ մոտ նման հարց է առաջանում, չէ՞ որ դա այնքան ակնհայտ է…»:
Այդուհանդերձ, որքան էլ որ իրավաբանորեն եւ տրամաբանորեն ճիշտ է վիրավորանքի եւ զրպարտության դրույթների ապաքրեականացումը՝ մոտ մեկ տարվա (օրենքն ընդունվել է անցյալ տարվա մայիսին) փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի դատական իշխանության ոչ նախանձելի (մեղմ ասած) վիճակում դա ուղղակի փորձանք դարձավ լրատվամիջոցների գլխին: Այսօր այդ օրենքից օգտվում են հատկապես օլիգարխներն ու նախկին եւ ներկա պաշտոնյաները եւ դատարանը՝ ընդառաջելով նրանց անհիմն պահանջներին, որպես տուգանք նշանակում նախատեսված ամենաբարձր չափը՝ 2 մլն՝ զրպարտության եւ 1 մլն՝ վիրավորանքի համար: Դեռ ավելին՝ փաստաբանական ծախսերի համար էլ նշանակվում է չհիմնավորված բարձր գին՝ 3 մլն դրամ:
Պաշտպանը գտնում է, որ թեեւ օրենքի ընդունումը անխուսափելի էր, բայց ստեղծված իրավիճակում լավագույն ելքը դատարաններին «ստիպելն» է, որ կայացնեն արդարացման վճիռներ: Իսկ այդ նպատակին հասնելու համար նա հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ստեղծել Տեղեկատվական վեճերի խորհուրդ, որի հիմնադիր անդամներն են՝ Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը եւ «ԱՐՄՄԵԴԻԱ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը: Այս Խորհրդի հիմնական գործառույթն է զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը եւ տեղեկատվության ազատությանը վերաբերող դատական գործերի կապակցությամբ խորհրդատվական մասնագիտական եզրակացությամբ հանդես գալը: Ինչպես նկատեց Կարեն Անդրեասյանը՝ դատավորների վրա օլիգարխների կամ պաշտոնյաների հնարավոր ճնշումը չեզոքացնելու համար այս Խորհրդի եզրակացությունները կարող են դատավորներին օգնող եւ ուղղորդող բնույթ ունենալ, եւ արդարացման վճիռը նրանք կարող են պատճառաբանել այդ Խորհրդի տված եզրակացությամբ:
Երբ ձեւավորված Խորհուրդը մի քանի անգամ շեշտեց, որ սա լրագրողների պաշտպանության կոմիտե չէ եւ ցանկացած պարագայում կանգնելու է ոչ թե անպայմանորեն լրատվամիջոցի, այլ ճշմարտության եւ արդարության կողմը, եւ եթե լրատվամիջոցը իսկապես թույլ տված լինի ակնհայտ զրպարտություն եւ վիրավորանք, Խորհուրդը չի խուսափելու դրա մասին բարձրաձայնել, լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ պարագայում չե՞ն վախենում, որ իրենք կդառնան ԶԼՄ-ների հերթական հարձակման թիրախ: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ ցանկացած նախաձեռնության համար հարկավոր է լինել «ռիսկով», իսկ իրենց ընդունած եզրակացությունների հիման վրա Խորհրդի վրա նման արշավներ, ըստ Բ. Նավասարդյանի եւ Մ. Ասլամազյանի, անպայման կլինեն, մանավանդ որ՝ Մանանա Ասլամազյանի դիտարկմամբ, որքան որ Հայաստանի դատական համակարգն է վարձահրավիրված (ՈվչՈՋՌՐՏՉՈվվօռ), նույնքան էլ լրատվամիջոցները:
Սակայն կյանքը ցույց տվեց, որ դեռ մինչեւ Խորհրդի կողմից ոչ միայն որեւէ եզրակացություն կամ որեւէ աշխատանք անելը, այլ ընդամենը նրա ստեղծումից ժամեր հետո որոշ լրատվամիջոցների կողմից արդեն իսկ սկսվեց այդ «արշավը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել