Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏ ԱՐԱԳ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԳՏՆԵԼ»

Մայիս 03,2011 00:00

\"\"Ըստ Սուրեն Սուրենյանցի, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանն իրար շատ լավ են ճանաչում եւ կարող են արժանի գործընկերներ լինել:

– «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հանդես եկավ մի շարք պահանջներով, դրանց կատարումը արդյոք իրատեսական եւ հնարավո՞ր է: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա հնչեցին այդ պահանջները եւ ոչ՝ հայտնի ակցիայի ժամանակ:
– Ընդհանրապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարքագիծն աչքի է ընկնում հակասականությամբ. մի դեպքում նա դիմում է ծայրահեղ քաղաքական քայլի՝ առանց պահանջ ներկայացնելու, մեկ այլ դեպքում ներկայացնում է պահանջներ՝ առանց դրանց իրականացման մեխանիզմները նշելու: Այս առումով նրա վարքագիծը փոքր-ինչ հակասական է եւ չի տեղավորվում քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ: Ինչո՞ւ հիմա ներկայացվեցին այդ պահանջները: Իմ կարծիքով՝ ՀԱԿ-ի եւ իշխանության վերջին շրջանի իրար ընդառաջ արված քայլերից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց հանրությանը եւս մեկ անգամ իր մասին հիշեցնել, մանավանդ՝ ստեղծված իրավիճակում կարծես իսկապես վերացել է երրորդ ուժի պահանջը: Ինչ վերաբերում է բուն պահանջներին, դրանք բացարձակապես համարժեք չեն այսօր Հայաստանում ձեւավորված քաղաքական իրողություններին: Օրինակ, նոր Սահմանադրության ստեղծման պահանջը որեւէ կապ չունի Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման հետ: Ես չեմ ասում, թե գործող Սահմանադրությունն իդեալական է, գործող Սահմանադրությունը շտկվելու, փոխվելու, զարգացվելու բավականին մեծ ռեսուրս ունի, բայց այսօրվա քաղաքական իրավիճակի պատճառն ամենեւին էլ Սահմանադրությունը չէ, այլ այն է, որ հիմնական օրենքը հետեւողականորեն եւ պարբերաբար ոտնահարվում է իշխանության տարբեր մարմինների կողմից: Երկրորդ պահանջը՝ միջազգային դատարանի մասին, ուղղակի տարօրինակ է: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին թվում է, որ դա կարող է կանխարգելող նշանակություն ունենալ Հայաստանի պաշտոնյաների համար, չարաչար սխալվում է: Հայաստանի պաշտոնյաներին վախեցնում է միայն ու միայն սեփական աթոռից զրկվելու հեռանկարը: Այ, սրա մասին պետք է խոսեր պարոն Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյանի երրորդ պահանջը շատ ավելի վտանգավոր է (հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ վերցնելը եւ Ղարաբաղի անկախության ճանաչումը- Մ. Ե.), իր մեջ ունի ռիսկայնության բազմաթիվ էլեմենտներ: Ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան եւ ոչ էլ միջնորդ որեւէ երկիր պաշտոնապես չեն հայտարարել այն մասին, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացն ավարտված է: Բոլորը ֆիքսում են, որ կա փակուղային վիճակ, բայց պաշտոնապես որեւէ մեկը այդ պրոցեսի ավարտի մասին չի խոսում: Այս պայմաններում միանգամայն անտրամաբանական է Հայաստանի կողմից ստորագրության ետ կանչելը: Մանավանդ՝ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային իրադարձություններ չեն սպասվում: Ինչ վերաբերում է ԼՂՀ խնդրին, ապա, քանի դեռ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, միակողմանիորեն Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը հանգեցնելու է Հայաստանի միջազգային մեկուսացմանը, էլ չասեմ՝ պատերազմի վերսկսման իրական վտանգի մասին: Ով՝ ով, բայց Հայաստանի անկախ հանրապետության առաջին արտգործնախարարն այս ճշմարտությունը պետք է որ փայլուն հասկանար, եւ ես հույս ունեմ, որ հատկապես նրա այս վերջին պահանջը Հայաստանի իշխանությունները չեն կատարի:
– Տպավորություն կա, որ ընդդիմության երկու կողմերը ճնշում են իշխանություններին՝ ՀԱԿ-ը պահանջներ էր դնում, հիմա էլ միացավ «Ժառանգությունը» իր պահանջներով: Ձեր կարծիքով՝ ճնշվո՞ւմ են իշխանություններն այս պահանջների տեղատարափի պատճառով:
– Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան ձեռնարկել, դրա համար տարբեր գործոններ կան: Դիմացը ընտրություններ են, եւ իշխանությունը փորձում է քիչ թե շատ քաղաքակիրթ երեւալ, կա միջազգային կառույցների գործոնը, եւ վերջապես, գուցե իսկապես իշխանությունը անկեղծորեն է որոշել քիչ թե շատ բարեփոխվել: Ես չէի ուզենա նույն հարթության մեջ դիտարկել ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պահանջները: Ես ՀԱԿ-ի փաստաբանը չեմ, բազմաթիվ հարցերում նույնիսկ տարաձայնություններ ունեմ ՀԱԿ-ի հետ, բայց ՀԱԿ-ի պահանջները շատ համարժեք են եւ տեղավորվում են քաղաքական ճգնաժամի հաղթահարման տրամաբանության մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները բացարձակապես կապ չունեն այսօրվա քաղաքական իրականության հետ:
– Դուք տպավորություն չունե՞ք, որ այսօր իշխանությունը եւ ՀԱԿ-ը իրար ավելի շատ են «սիրում», քան կոալիցիայի անդամ մյուս երկու ուժերը:
– Սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ, սակայն քաղաքականության մեջ լուրջ եւ պատասխանատու դերակատարներն իրար ավելի շատ եւ ավելի լավ են հասկանում, քան ավելի նվազ դերակատարություն ունեցող ուժերը: Բնականաբար, ինչքան մեծ է քաղաքական ուժերի պատասխանատվությունը, այնքան նրանց վարքագիծը կանխատեսելի է: Այս առումով, ՀԱԿ-իշխանություն հարաբերությունները կանխատեսելի են, եւ նրանց գործողություններն ավելի ներդաշնակ կարող են լինել:
– Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրար արժանի՞ խաղընկերներ են:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական մասշտաբը, քաղաքական կալիբրը, որպես արժեքային համակարգի կրող, որպես երկրի առաջին նախագահ, շատ ավելի մեծ է, բայց իրենք կարող են երկխոսության սեղանի շուրջ արժանի գործընկերներ լինել: Ի վերջո, համատեղ շատ երկար ճանապարհ են անցել, իրար շատ լավ ճանաչում են եւ ցանկության դեպքում կարող են շատ արագ լուծումներ գտնել:
– Այսինքն՝ «Առաջ Հայաստա՞ն»:
– Դա վատ կարգախոս չէր, եթե կոնկրետ քաղաքական նպատակի համար չարժեզրկվեր: Ես մտածում եմ, որ, այնուամենայնիվ, մարտի մեկի իրադարձություններից եթե հետեւություններ են արել, ապա եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը պետք է փորձեն առաջիկա ընտրական պրոցեսները մի քիչ այլ հունով տանել, շատ ավելի քաղաքակիրթ մրցակցային դաշտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել