Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՂԱՄՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Մայիս 03,2011 00:00

Երեկ «Սեւան» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում դեռեւս 2008թ. մարտի 1-ին, հենց հիվանդանոցում ձերբակալված, ապա կալանավորված  եւ  «իշխանության ներկայացուցչի»՝ ոստիկանի նկատմամբ, իբր, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով ու բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա 6 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀՇ վարչության անդամ Արամ Բարեղամյանը: Հիշեցնենք, որ «Սեւան» ՔԿՀ-ի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով վարչական հանձնաժողովը Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը դեռ ապրիլի սկզբին էր ուղարկել միջգերատեսչական անկախ հանձնաժողով, որն իր հերթին միջնորդության վերաբերյալ իր դրական եզրակացությունն ուղարկել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Երեկ հենց դատարանի որոշմամբ էլ նա «վաղաժամկետ պայմանականով» ազատ արձակվեց: Երեկ արդեն նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ իսկ Ձեզ համար դժվար չէ՞ երկխոսության գնալ այն իշխանության հետ, որը Ձեզ 3 տարի պահել է անազատության մեջ, հայտարարել է. «Համաձայն եմ, դժվար է, բայց դե, մենք ունենք փաստ. մենք այնքան բան տեսանք, այնքան վայրենություն տեսանք, ժողովուրդը ստիպեց, որ իրենք գան շախմատի տախտակի առաջ եւ ոչ թե քինգ-բոքսինգ խաղան մեզ հետ: Ժողովրդի հետ միասին մենք հասնելու ենք մեր նպատակին»: Ազատ արձակվելուց հետո ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Բարեղամյանն այցելել է Վանատուր գյուղ՝ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի գրասենյակ: Նա շուտափույթ ազատ արձակում է մաղթել Սասուն Միքայելյանին: Այնուհետեւ, 1in.am-ի մատուցմամբ, ՀԱԿ անդամները Հրազդանում ավտոերթ են անցկացրել եւ ուղեւորվել են Բարեղամյանի տուն: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ասելով, ավտոերթին մասնակցել է եռագույն դրոշներով մոտ հարյուր մեքենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել