Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անտարբերության մատնված պետական տոն

Մայիս 03,2011 00:00

Կոմկուսը նշեց Մայիսի 1-ը

Մայիսի 1-ի՝ Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տոնական շքերթ էր կազմակերպել: Ամբողջ օրը տեղացած հորդառատ անձրեւը կոմունիստների տոնական տրամադրությանն ու տրամադրվածությանը չխանգարեց: Առավոտյան 11-ից Մարտիրոս Սարյանի արձանի մոտակայքում հավաքվել էին «ստաժավոր» կոմունիստները եւ կուսակցության երիտասարդ համակիրները՝ Երեւանից ու մարզերից: Տոնական պաստառներով, նվագախմբի ու հորդառատ անձրեւի ուղեկցությամբ շքերթի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մինչեւ Ստեփան Շահումյանի արձանը, որի տարածքում էլ անցկացվեց տոնական հանրահավաքը: Ուշագրավ էր, որ նախորդ տարիների համեմատ, այս տարի բավականին շատ էր շքերթին մասնակից երիտասարդների թիվը: «Առավոտի» զրույցներից պարզ դարձավ, որ ոմանց այդտեղ էր բերել հետաքրքրությունը. պարզվում է, որ նրանք կարծել են, թե այդ օրը կոմունիստների տոնն է, եւ զգալու ու հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են գերիշխել այդ օրը Սովետական Հայաստանում, որոշել են մասնակցել այդ շքերթին: Ոմանք ուղեկցում էին տատիկ-պապիկին: Իսկ մի հատվածի էլ մայիսմեկյան շքերթի էր բերել գաղափարական համոզմունքը. հետաքրքրված լինելով աշխարհաքաղաքական գործընթացներով, իրենց գիտակցական կյանքում մաշկի վրա զգացած լինելով լիբերալիզմի բացասական դրսեւորումները՝ նրանք գտնում են, որ եկել է սոցիալիստական գաղափարների արդիականության ժամանակը: «Առավոտի» հարցին՝ հավուր պատշաճի՞ է մեզանում նշվում Աշխատանքի եւ աշխատավորների օրը, թե՞ այն վերածվեց կոմունիստական տոնի՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց. «Այսօր բանվորին, հասարակ աշխատավորին ոգեւորելու այլ միջոց չկա, քան արժանավայել մեծարելը, որովհետեւ գործազրկությունը խեղդում է, իսկ աշխատողներն էլ պատշաճ աշխատավարձ չեն ստանում: Մարդիկ դեսուդեն ընկած թափառում են՝ թե որտե՞ղ մի բահ կգտնեն, որ պոչը բռնեն՝ այդ օրվա հացի փող աշխատեն: Ես կուզեի, որ պետական տոն համարվող Մայիսի 1-ը նշվեր այնպես, ինչպես հարկն է, ոչ թե բանվորը մեկ անգամ եւս զգա, որ ինքն արհամարհված է, որ ինքն այս երկիրը չի կառուցել, կամ ինքը չէ, որ կառուցել է այս երկիրը»: Ընկեր Թովմասյանին վրդովեցրել էր նաեւ այն, որ պետական տոնի օրով ոչ մայրաքաղաքում, ոչ հանրապետության մյուս բնակավայրերում որեւէ տոնական միջոցառում չկազմակերպվեց, որեւէ տոնական տեսք չհաղորդվեց. «Գոնե կենտրոնական փողոցներում մի լոզունգ, մի դրոշ փակցնեին, այն դեպքում, երբ աշխարհի 145 երկիր Մայիսի 1-ը մեծ շուքով է նշում: Հայաստանը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ինքն առաջադեմ աշխարհում տեղ չունի: Այսքանի հետ էլ դեռ առիթը բաց չեն թողնում կոմունիստներին քարկոծելու: Այն կոմունիստներին, որ երկիրը կառուցել ու տվել են իրենց, որ լափեն»: Ավելի ուշ հանրահավաքային իր ելույթում ընկեր Թովմասյանը հայտարարեց, որ այսօր, առավել քան երբեւէ, կոմունիստների վրա պատասխանատվություն է դրված՝ փրկել հայրենիքը: Հանրահավաքի մասնակիցների կողմից ընդունվեց ուղերձ՝ ուղղված հայ ժողովրդին, որում մասնավորաբար ասված է. «Թույլ չտանք, որ շարունակվի վերջին քսան տարիների այս դժոխքը, վերջ տանք խոհանոցային ողբին, զգուշանանք ընդդիմության անհասկանալի գործունեությունից: Կոմունիստները եղել են եւ մնում են ժողովրդի հետ ու պատրաստ են առաջնորդել նրա պայքարը՝ հանուն սոցիալիզմի եւ կոմունիզմի: Կառուցեցին կոմունիստները՝ ժողովրդի հետ միասին, մեր հիասքանչ Սովետական Հայաստանը, քանդեցին, թալանեցին ժողովրդավարներն ու բախտախնդիրները: Հավաքվենք եւ միավորվենք ՀԿԿ-ի շուրջ եւ փրկենք Հայաստանը»:

Հ. Գ. ՀՀ նախագահը Մայիսի 1-ի առիթով ուղերձ հղեց, իսկ վարչապետը շքանշաններ բաժանեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել