Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԿԱՊԱՐՈՒՀՈՒ ՇՈՐԵՐԸ ՀԱՎԱՔՈՂ ՉԿԱ

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Աշխատանքի շուկայի պահանջարկը Հայաստանում տարօրինակ է

«Դե, ինչ ասենք, մարալ լինի, ցանկալի ա կյաժ, սիրուն ոտքերով, ընենց չամիչ-մամիչ աղջիկ, էլի, մնացածը պատկերացրեք»,- աշխատանքի տեղավորման գործակալություններում իրենց պահանջած աշխատակցին այսպես են ներկայացնում գործարարները՝ քարտուղարուհու աշխատանք տալու համար: Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին գործակալության աշխատակիցները, երբ իրենց ճաշակով մի «մարալի» ուղարկում են տվյալ գործատուի մոտ, երբեմն վերջինս զանգում ու կես ժամ ամոթանք է տալիս, թե «էդ ի՞նչ աղջկա էիք ուղարկել, բա ամո՞թ չի, որ իմ քարտուղարուհին էդ կարգի աղջիկ լինի»: Ընդ որում, մարալ քարտուղարուհին ինչ-որ կոնստրուկցիաների վաճառքով զբաղվող ընկերությանն է անհրաժեշտ: Ավելի հետաքրքիր աշխատողների են փնտրում գիշերային ակումբները: Օրինակ, ակումբներից մեկը տարիներ շարունակ պահանջում է տղամարդ «հավաքարարի»՝ ստրիպտիզ պարուհու հանած շորերը շոուի ընթացքում հավաքելու համար: Գործակալությունն արդեն մի քանի տասնյակ տղաների է ուղարկել՝ ոչ ոք չի գոհացրել ակումբի տերերին. մեկը չի կարողացել շորերը հավաքելու ճիշտ պահը «բռնել» ու անընդհատ ընկել է պարուհու ոտքի տակ, մյուսը դա արել է շատ կոպիտ՝ առանց արտիստիզմի, մեկ ուրիշն էլ պարուհու սրտով չի եղել եւ այդպես շարունակ:
Վաղը Աշխատանքի եւ աշխատավորների տոնն է՝ Մայիսի 1-ը: Հայաստանում 78 հազարից ավելի մարդ այսօր աշխատանք չունի: Գործազուրկները հիմնականում այն մարդիկ են, որոնք ժամանակին Մայիսի 1-ին շքերթների էին գնում ու ոգեւորված բացականչում՝ «Կեցցե՛ սովետական ժողովուրդների բարեկամությո՜ւնը»: Հիմա նրանք ոչ շքերթի սիրտ ունեն, ոչ էլ գոռալու: Աշխատանքի տեղավորման մի շարք գործակալություններից «Առավոտին» տրամադրած տվյալներով՝ այսօր մեր երկրում պահանջարկ ունեն հաշվապահները, աման լվացողները, վարորդներն ու հավաքարարները: Ինչպես մեզ հետ զրույցում բացատրեցին «Ամուր դաշինք» աշխատանքի տեղավորման գործակալությունից. «Պատճառն այն չէ, որ Հայաստանում հաշվապահներ քիչ կան, պարզապես այդ մասնագիտության տեր մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն ունեն եւ աշխատանքային ստաժ, համակարգչային ծրագրերին չեն տիրապետում, իսկ կազմակերպություններն անպայման պահանջում են այդ հատուկ ծրագրերի իմացություն»: «Տնակ» գործակալությունից էլ պարզաբանեցին, որ իրենց մոտ միշտ պահանջարկ կա հավաքարարի ու աման լվացողի. «Էնպես չի, որ մի հատ աման լվացող մեր ժողովրդի մեջ չենք գտնում, չէ, ուղղակի դրանք այն օբյեկտներն են, որոնք մարդկանց միշտ տանում-չարչարում են, այնքան գործ են տալիս, որ 1-2 ամիս հետո մարդիկ թողնում-գնում են ու իրենք միշտ հավաքարարի պահանջ են ներկայացնում: Թե չէ, որպես այդպիսին, Հայաստանում, կարելի է ասել, աշխատանք չկա, դուք ինձնից լավ գիտեք էս երկրի վիճակը»:
«Անահիտ» գործակալության տվյալներով՝ մեծ պահանջարկ ունեն անգլերեն լեզվի մասնագետները. «Այսօր յուրաքանչյուր երկրորդ կազմակերպությանը պետք է լեզվի մասնագետ: Փոխարենը՝ բացարձակապես չկա հոգեբանի կարիք: Մեզ մոտ գրանցված հոգեբաններին հարմար գործ չի ճարվում: Դժվար է նաեւ տեղավորել երկրաբաններին, պատմաբաններին ու աշխարհագրության մասնագետներին»: «Տնակի» տվյալներով՝ իրենց մոտ աշխատանք չկա բանվորների, պատշարների, շինարարների համար. «Հատկապես հիմա, երբ շինարարության ոլորտը մեռավ, այդ մարդիկ գործ չունեն»:
«Ամուր դաշինք» գործակալության աշխատակցի խոսքերով՝ «Գործատուները շատ են հաշվի առնում աշխատողի տարիքն ու սեռը: Անգամ այն գործերը, որոնք հանգիստ կարող է անել տղամարդը, օրինակ՝ գանձապահ, հաշվապահ, դրանց համար պահանջում են բարետես աղջիկ: Ստացվում է, որ տղամարդկանց համար միայն բանվորական աշխատանք կա կամ առաքիչ-վարորդի, որոնց համար երկար տարիների վարորդական ստաժ ունեցող մարդու հարմար չեն փնտրում, դարձյալ նախապատվությունը տալիս են երիտասարդի»: Այս գործակալությունը մի կազմակերպությունից հետաքրքիր առաջարկ էր ստացել, թե «պահանջվում է բաստուրմա սարքող մարդ». «Մենք այդպես էլ չկարողացանք գտնել, որովհետեւ բաստուրմայի մասնագետ մեզ մոտ չէր գրանցվել»:
Նշենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պատվերով «Baker Tilly Armenia» կազմակերպությունն ուսումնասիրություններ է կատարել ու պարզել, որ մեր հանրապետությունում առաջիկա 1-2 տարիներին կանխատեսվում է, որ կլինի կարող բանվորների, ջուլհակների, հրուշակագործների, հացթուխների, ինչպես նաեւ մասնագիտություն չպահանջող բանվորների պահանջարկ: Շինարարության ոլորտում մեծ պահանջարկ է կանխատեսվում շինարարների, տարբեր արհեստավորների, զոդողների, մեխանիկների եւ բանվորների, առեւտրի ոլորտում՝ վաճառողների համար: Կանխատեսում են, որ մեծ պահանջարկ կունենան հաշվապահները, վարկային մասնագետները, աուդիտորները, բժիշկներն ու բուժքույրերը, ինչպես նաեւ գազի մասնագետները, խոհարարներն ու մատուցողները: Այս կանխատեսումները թող ծնողները միանշանակ չընդունեն ու իրենց երեխաներին դարձնեն հացթուխ, բժիշկ կամ ջուլհակ, որովհետեւ մեր երկրում աշխատանքի տեղավորվելն իրականում լրիվ ուրիշ գործոններով է պայմանավորված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել