Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԵԿՆ ՈՒ ՎԱՂԸ

Ապրիլ 30,2011 00:00

Ասուլիս՝ ՀՖՖ-ում: Մանկապատանեկան ֆուտբոլն ու «Կոկա-Կոլան»

\"\"

Մանկապատանեկան ֆուտբոլը Հայաստանում խթանման կարիք ունի: Իսկ ի՞նչը կարող է ավելի խթանել պատանի ֆուտբոլիստներին, քան մասնակցությունը տարբեր մրցաշարերի: Հենց այդ նպատակով «Կոկա-Կոլա» ընկերությունը նախաձեռնել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2011»-ը, որում ընդգրկված են հանրապետության շուրջ 420 հանրակրթական օջախների երեք հազար դպրոցականներ: Մրցաշարն անցկացվում է ապրիլի 4-ից մայիսի 21-ը:
Երեկ ՀՖՖ-ում մրցաշարի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս էին հրավիրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու «Կոկա-Կոլա Հելենիք» ընկերության գլխավոր տնօրեն Գեւորգ Դանիելյանը: Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը խիստ կարեւորեց նման միջոցառումների գաղափարն ու իրագործումը, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ այլ ընկերություններ նույնպես հանդես կգան նման նախաձեռնություններով: Գեւորգ Դանիելյանն էլ իր հերթին նկատեց, որ արդեն ավանդույթ դարձած այս մրցաշարն ընդլայնում է աշխարհագրությունը. «Նմանատիպ միջոցառումներ անցկացվում են աշխարհի մոտ 100 երկրներում: Մեզ մոտ այս միջոցառումն ավանդույթ է դարձել: Լավագույն 32 թիմերը մայիսից կմասնակցեն վերջնական փուլին: Այս պահին կարող եմ ասել, որ այս նախաձեռնությունը կլինի շարունակական, իսկ թե հետագայում ինչ միջոցառումներ կլինեն՝ վաղ է խոսելը»: Հաղթող թիմերին «Կոկա-Կոլան» եւ ՀՖՖ-ն կարժանացնեն բազմաթիվ նվերների՝ մարզահագուստների, ֆուտբոլի գնդակների ու, ամենակարեւորը՝ 2011թվականի Ֆուտբոլի գավաթին:
Ռուբեն Հայրապետյանը, խոսելով նոր մեկնարկած Հայաստանի առաջնության ու «Արարատի» մասին, ուրախությամբ փաստեց, որ մրցաշրջանի մեկնարկում հաճելի տպավորություն են գործել մարզային թիմերը. «Ինձ համար շատ ուրախալի է, որ Գյումրիի թիմը մասնակցում է գավաթի եզրափակչին, առաջնությունում լավ է խաղում «Գանձասարը»: Որպես ֆեդերացիայի նախագահ, իմ նպատակն է եղել մարզերում ֆուտբոլը վերականգնելը»: Բացի այդ, ՀՖՖ ղեկավարն անդրադարձավ նաեւ հայկական ֆուտբոլում վերջին օրերի ամենաաղմկահարույց իրադարձությանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի կողմից ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի ծեծին ու «Արարատ» ակումբին՝ առհասարակ: Ըստ ՀՖՖ ղեկավարի, «Արարատ» ակումբը առաջնության մասնակցելու համար չէ: Այն ինտրիգներ սարքելու համար է: Ցավալի է, որ 7 թիմեր լարված պայքարում են, իսկ մեկը դուրս է եկել երամից ու անհասկանալի բաներով է զբաղվում»: Ի դեպ, ՀՖՖ կարգապահական կոմիտեի հենց երեկ կայացած՝ լրագրողների համար բաց նիստի ընթացքում որոշում ընդունվեց Արկադի Անդրեասյանին խուլիգանական արարքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ զրկել ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 դրամ, ինչպես նաեւ առաջարկել ՀՖՖ գործկոմին՝ Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ Արկադի Անդրեասյանին թույլ տված խուլիգանական արարքի ու սիստեմատիկ դրսեւորած անպարկեշտ, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ:
Հայաստան-Ռուսաստան խաղի արձագանքները
Թեեւ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը սպառնում էր բողոքել՝ ռուս երկրպագուների մի զգալի հատվածի՝ մարզադաշտ չմտնելու համար, ՀՖՖ-ին Ռուսաստանից դեռ չեն դիմել: Պատճառն էլ այն է, որ ՀՖՖ-ն անօրեն ոչ մի քայլ չի կատարել: «Դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էի, որ ռուս երկրպագուները չեն կարող մտնել այն սեկցիաները, որոնք նախատեսված էին հայ երկրպագուների համար: Այդ մասին անգամ գրված էր տոմսարկղերի վրա: Դա արվել է անվտանգության նկատառումներով, որպեսզի անախորժություններ չլինեն, ինչը սահմանված է ՖԻՖԱ-ի կանոնակարգով: Այո՜, եղել են բազմաթիվ մարդիկ, որոնց թույլ չենք տվել մտնել մարզադաշտ հենց այդ պատճառով: Առայժմ Ռուսաստանից մեզ չեն դիմել, քանի որ լավ գիտեն, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում: Ցավոք, իրականում եղել են պրոբլեմներ, եղել են դժվարություններ: Պատճառն այն մարդիկ էին, ովքեր պատճենահանված տոմսերով էին եկել ու դարպասների մոտ կուտակումներ առաջացրել: Ես ներողություն եմ խնդրում այն խոչընդոտների համար, որ առաջացել էին: Որպես ֆեդերացիայի նախագահ, ես ամեն օր նոր բան եմ սովորում: Անընդհատ տեսնում ենք, որ կան պրոբլեմներ: Բացեցինք երկրորդ դուռը, կբացենք նաեւ երրորդը», – ասաց Ռուբեն Հայրապետյանը: Նախագահը խոսեց նաեւ շատ շահարկվող՝ պարգեւավճարների թեմայի մասին: «Բնականաբար, ֆուտբոլիստները բնամթերքով չեն պարգեւատրվել: Նրանք դրամական պարգեւ են ստացել, չնայած որ իմ սրտով չէր՝ չհաղթեցին», – եզրափակեց ՀՖՖ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել