Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ՝ կենդանաբանական այգում

Ապրիլ 30,2011 00:00

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը խոսեց այգում իրականացված փոփոխությունների ու առաջիկա ծրագրերի մասին: Նրա ներկայացմամբ, մայիսի 1-ից այգու աշխատակիցները, հյուրերը եւ տնօրենը կունենան հատուկ անցագրեր: Ռ. Խաչատրյանը հայտնեց, որ ստեղծվել է Կենդանաբանական այգու՝ Հայաստանի էնդեմիկ տեսակները խորհրդանշող լոգոն եւ վեբ-կայքը՝ www.yerevanzoo.am: Տնօրենի խոսքերով՝ աշխարհի ոչ մի կենդանաբանական այգում այցելուներին չի թույլատրվում կերակրել կենդանիներին: Այսուհետեւ մեր երկրում նույնպես այցելուները կենդանիներին կերակրելու դեպքում կտուգանվեն 10 հազար դրամի չափով: Նախատեսվում է նաեւ նոր տոմսերի շրջանառության մեջ մտնելը, եւ 5 կտրոն հավաքած այցելուն հնարավորություն կունենա եւս մեկ անգամ անվճար այցելել այգի: Տոմսի արժեքն անփոփոխ կմնա՝ 300 դրամ: Այլեւս կենցաղային աղբը չի թափվելու այգում, ինչպես անցած քսան տարիների ընթացքում էր արվում. առանձին կհավաքվեն պլաստիկ տարաները, թուղթը, իսկ կենդանիների աղբը հումուսի տեսքով կօգտագործվի այգու խնամքի համար: Առաջիկա ծրագրերից կարեւորագույնը մեր այգին «Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիային» անդամագրելն է: Ասուլիսին ներկա էր Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, ով Հայաստան է ժամանել Երեւանի կենդանաբանական այգու հետ պաշտոնական համագործակցություն հաստատելու նպատակով: «Հայաստանն ունի բացառիկ բնություն, բուսական ու կենդանական աշխարհ, այդ պատճառով ես լիովին հնարավոր եմ համարում, որ այս այգին կարող է դառնալ տարածաշրջանում լավագույնը»,- ասաց նա: Ըստ Բալյանի՝ հինգ տարի է պետք, որ մեր այգին եվրոպական չափանիշներին համապատասխանի: Ռ. Խաչատրյանն էլ մտադիր է Կենդանաբանական այգին վերափոխել «Բնապահպանական կրթության եւ կենսաբազմազանության պահպանման ազգային կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել