Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հորովելը»՝ Ստամբուլում

Ապրիլ 30,2011 00:00

Հայկական հարցը՝ թուրք լուսանկարիչ Էրհան Արիկի պրիզմայով

\"\"

«Առավոտի» երեկվա «Թուրք լուսանկարչի հորովելը» լուրում տեղեկացրել էինք, որ ապրիլի 29-ից մինչեւ հունիսի 15-ը Ստամբուլի «DEPO» ցուցասրահում կներկայացվեն թուրք լուսանկարիչ Էրհան Արիկի լուսանկարչական աշխատանքները: Ցուցասրահի երկու առանձին մասերում ներկայացված են լուսանկարներ՝ հայկական եւ թուրքական սահմանամերձ գյուղերից: Հեղինակը՝ ծնունդով Արդահանից Է. Արիկը «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ պատմում է, որ գյուղը, որտեղ ինքն է ծնվել, նախկինում «ժառանգել» են հայերից: Մինչեւ հիմնական դպրոցն ավարտելն ինքն ապրել է հայի օջախում: Դպրոցն ավարելուց հետո տեղափոխվել է ուրիշ քաղաք, այժմ ընտանիքը Ստամբուլում է ապրում, իսկ ինքը Լոնդոնում լեզուներ է ուսումնասիրում: Նրա խոսքով, Արդահանում գտնվող այդ տունը մինչ այժմ իրենց է պատկանում, հաճախ մեկնում ու որոշ ժամանակ ապրում է այնտեղ: Սենյակներից մեկն էլ խորդանոցի է վերածվել: Հայաստանի, հայերի ու հայ-թուրքական սահմանի մասին ցուցահանդեսը նրա առաջին ծրագիրը չէ, նաեւ մի քանի կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել, որոնցից մեկը, օրինակ, ցեղասպանությունից փրկված մեծահասակ կնոջ մասին է: Ցուցասրահի թուրք աշխատակիցներն ասում էին, որ նույնիսկ ամենասառնասիրտ թուրքն այդ ֆիլմը դիտելիս հուզվում է: «Մի անգամ երազիս հայտնվեց մի հայ, ասում էր՝ դա մեր տունն էր, որտեղ մենք ապրում էինք, ինչո՞ւ եք դուք այն խորդանոցի վերածել: Երազից հետո սկսեցի ավելի շատ կենտրոնանալ ցեղասպանության թեմայի վրա ու հասկացա, որ իրականում շատ բան չգիտեմ, որ այն տեղեկությունները, ինչ ստացել ենք մեր պաշտոնական աղբյուրներից, իրականում հեռու են իրականությունից: Մինչեւ այժմ թուրքերը մտածում են, որ ցեղասպանության համար պատասխանատու են հայերը, Հայաստանում հասկացա, որ դա միայն մեր վառ երեւակայության արդյունքն է»,- անկեղծանում է թուրք լուսանկարիչը ու հավելում, որ հենց երազից հետո որոշում է թողնել ամեն ինչ ու այցելել հայ-թուրքական սահմանին գտնվող հայկական ու թուրքական գյուղեր, չնայած նրան, որ հայրը դեմ էր: Ցուցասրահի մի հատվածում, որտեղ հայերի լուսանկարներն էին, պատին նաեւ նրանց պատմածներն էին զետեղված, իսկ թուրքականում այն սպիտակ է: Ինչպես թուրք լուսանկարիչն է փաստում՝ թուրքերն ասելու ոչինչ չունեն. «Հայերի ու թուրքերի հիշողությունները շատ տարբեր են: 1915-ի ցեղասպանությունից հետո մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում, ամեն ինչ անում են, որ չմոռանան, հիշեն նախնիների պատմությունը ու սերնդեսերունդ փոխանցեն, այդ հիշողությունները բոլորի մտքում են, իսկ թուրքերի մոտ ամեն ինչ հակառակն է. նրանք փորձում են մոռանալ, ջնջել այդ տարիների հետ կապված ամեն հուշ ու հիշողություն: Երբ հայերի հետ էի խոսում, հաճախ իմ ու նրանց սիրտը ցավից կծկվում էր, ուզում էին ամեն ինչ պատմել… Սկզբում մտածում էին, որ հայ եմ, հետո զարմանում, եթե թուրք եմ՝ ինչո՞ւ եմ այդտեղ: Մինչ այդ ես չէի հասկանում այդ մարդկանց: Հիմա մտածում եմ՝ եթե թուրքերը հասկանան հայերին, չեն օգտագործի նրանց օջախները որպես ախոռներ ու խորդանոցներ»: Մեր զրուցակիցն ասում է, որ իր լուսանկարներով ամեն ինչ անում է, որ թուրք հասարակությանը հիշեցնի իր զգացածի մասին: Իսկ ինչո՞ւ է ցուցահանդեսն անվանել «Հորովել»: Նա պատասխանում է. «Ակոսի» խմբագիրը մեկ անգամ հարցրել է՝ արդյո՞ք գիտե՞մ «Հորովելը», պատասխանել եմ՝ ոչ: Հետո գնացի հայրիկից հարցրի, թե ինչ է նշանակում հորովել: Նա ասաց, որ հորովելը թուրքական բառ է եւ երբ աշխատում էին այգիներում, երգում էինք այդ երգը: Համաձայն իմ հայրիկի ասածի, հորովելը հին թուրքական բառ է, բայց հիմա հասկանում եմ, որ այն բացառապես հայկական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել