Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԱՂՈԹՔՆ ՈՒ CD-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլ 30,2011 00:00

Ռոբերտ Ամիրխանյանը վերջապես ունեցավ իր առաջին ձայնասկավառակը

\"\"
Ռ. Ամիրխանյանը եւ Ս. Սմբատյանը՝ CD-ի նախապատրաստական փուլում:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով հեղինակային համերգը եւ «Հայաստանի ձայնը» անդրանիկ CD-ի շնորհանդեսը: Կոմպոզիտորը մինչ այսօր ուներ երկու ձայնասկավառակ, որ խորհրդային տարիներին թողարկել էր «Մելոդիա» ֆիրման:
Անդրադառնալով Ամիրխանյանի առաջին CD-ին՝ «Առավոտը» 2010-ի տարեվերջին ներկայացրել էր դրա պատմությունը: Հիշեցնենք, որ 2009թ. Երեւանում կայացած կոմպոզիտորի հեղինակային երեկոյին ներկա գերմանացի երաժշտասերներ համերգից հետո Երեւանում փնտրում եւ չեն գտնում Ամիրխանյանի եւ ոչ մի CD: Վերադառնալով Գերմանիա, զանգում են կոմպոզիտորին, հայտնում իրենց պատրաստակամությունը՝ հոգալու երաժիշտների ձայնագրման, կեցության, ճանապարհի, բժշկական ապահովագրության եւ այլ ծախսերի մասին, միայն թե հայ հեղինակն ունենա CD: Փաստորեն, Ամիրխանյանի այս CD-ի համար պարտական ենք գերմանացիներին: Աշխատանքներին մասնակցել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան), մեներգիչներ Սեդա Ամիր-Կարայանը, Իրինա Զաքյանը, Գեւորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Գուրգեն Բավեյանը եւ «Պրոմենադ» վոկալ անսամբլը, որոնք էլ այսօրվա համերգին կներկայացնեն կոմպոզիտորի ստեղծագործությունները:
«Առավոտի» հետ զրույցում Ռ. Ամիրխանյանն ասաց, որ CD-ն կվաճառվի Հայաստանում: Նրան հիշեցրինք, որ կոմպոզիտորը միշտ էլ ցավով է խոսել, որ մեր երկրում հեղինակային իրավունքները պաշտպանված չեն, հետեւաբար չի՞ վախենում առայժմ իր միակ CD-ի նկատմամբ «պիրատական» ոտնձգությունից: Հեղինակի խոսքերով՝ աշխարհում մինչ օրս չի հաջողվել ազատվել «պիրատներից», իսկ մարտ ամսից էլ, հեղինակային իրավունքների հետ կապված, վերանայվել են որոշ հարցեր, մասնավորաբար՝ ապրանքանիշների տեղադրման, ինչը լավագույն միջոցն է կեղծումից զերծ մնալու համար: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հատկապես իր էստրադային երգերով սիրված կոմպոզիտորը դրանք չի վստահում հայաստանյան շոու-բիզնեսի որեւէ կատարողի: «Իմ երաժշտությունը էստրադային չէ: Ընդհանրապես եւ մասնավորապես կյանքիս այս շրջանում երգերս պատկերացրել եմ պրոֆեսիոնալ, կիրթ, վոկալ-երգչական ունակություններ ունեցող արտիստների մեկնաբանությամբ: Ի դեպ, «Երդվում եմ քեզ, իմ երկիր» երգիս բառերն էլ իմն են՝ աղոթքի նման մի բան: Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ պետք է ունենա նման աղոթք, որի միջոցով երկրին հայտնի իր նվիրվածության եւ այլնի մասին»,- ասաց Ռ. Ամիրխանյանը: Ինչ վերաբերում է շոու-բիզնեսին, կոմպոզիտորի խոսքերով՝ ինքը ոչինչ չունի անելու շոու-բիզնեսում եւ մինչ օրս, եթե հատուկենտ երգեր հնչել են այս կամ այն կատարողի կողմից, ապա դա եղել է իր նախաձեռնությունը: Նա հավաստիացրեց նաեւ, որ հակառակը չի եղել, երբ երգիչը դիմի իրեն՝ ցանկանալով կատարել որեւէ երգ: Երեկոյի եւ CD-ի շնորհանդեսի առիթով էլ Ռ. Ամիրխանյանն ասաց. «Հովանավոր բառը այդպես էլ չընդունեցի: Համոզված եմ՝ ցանկացած համերգի նախապատրաստական ճիշտ աշխատանքների դեպքում արվեստագետը կարող է եկամուտ ունենալ հենց թեկուզ տոմսերի վաճառքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել