Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՑԱՍՄԱՆ ՕՐԸ» 11 ԶՈՀ ՏՎԵՑ

Ապրիլ 30,2011 00:00

Երեկ Սիրիայում կայացավ «Ցասման օր», որին մասնակցեցին ավելի քան 50 բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսի բնակիչներ: «Ֆրանս-պրեսի» տվյալներով՝ Դարա հարավային քաղաքում փողոց են դուրս բերվել ռազմական ուժեր, եւ արդյունքում տասնմեկ մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս զինվորական:
Միեւնույն ժամանակ «Ալ-Ջազիրայի» աղբյուրները հայտնում են ավելի քան 25 դիակների մասին՝ ընկած քաղաքի կենտրոնում: Սակայն նշում են, որ հնարավոր չէ հստակ նշել, թե երբ են այդ մարդիկ սպանվել, քանի որ որոշ դիակներ քայքայման պրոցեսում էին: Այդուհանդերձ, դրանք հնարավոր չի եղել տեղափոխել, քանի որ տարածքը եղել է դիպուկահարների նշանակետի տակ:
Ասվում է նաեւ, որ զինծառայողների որոշ մասն անցել է ցուցարարների կողմը՝ մնալով զինված: Դրա հետեւանքով քաղաքում պարբերաբար փոխհրաձգություններ են եղել իշխանության կողմնակից զինվորների եւ ցուցարարների կողմն անցածների միջեւ:
Դարա քաղաքը լքել կամ հակառակը՝ մուտք գործել որեւէ կերպ հնարավոր չի եղել, քանի որ քաղաքը շրջափակված է զինվորականներով, սակայն մոտակա գյուղերի բնակիչները փախչում էին դեպի Հորդանան:
Սիրիայի այլ բնակավայրերում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ երեկ, գիշերվա տվյալներով, չկային:
Զանգվածային հակաիշխանական ելույթները սկսվել են Դարայում այս տարվա մարտից, ապա տարածվել են երկրով մեկ՝ ընդգրկելով անգամ հայաշատ Հալեպը, Դամասկոսը եւ այլն: Օտարերկրացի լրագրողների համար ներկայումս Սիրիայի մուտքի վիզաներ չեն տրվում, իսկ արդեն երկրում գտնվողներին արգելվում է տեղաշարժվել պետության տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել