Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ԿՐՃԱՏՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

Ապրիլ 30,2011 00:00

Երեկ ծրագրերի մասին խոսելիս հայտարարեց նորընտիր ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը

\"\"
Երեւանի քաղաքապետն (ձախից) ու նորընտիր ռեկտորը՝ ընտրությունից հետո:

Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր վերընտրվեց, այն էլ միաձայն, Հովհաննես Թոքմաջյանը: Ոչ միայն քվեարկության արդյունքից, այլեւ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի վերաբերմունքից երեւում էր, որ նա ցանկալի թեկնածու է: Նիստը նախագահում էր բուհի խորհրդի նախագահ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Ներկաներին բաժանվել էր բուկլետ, որտեղ մանրամասն գրված էր, թե ինչ բարեփոխումներ են կատարվել բուհում՝ 2006-2010թթ.:
Պարոն Թոքմաջյանը իր ելույթում շեշտեց, որ իրենց առջեւ դրված մի շարք խնդիրներ արդեն հաղթահարվել են, ունեն բավականին նվաճումներ, այժմ հետեւյալ ուղղություններով են աշխատելու՝ որակյալ ուսուցման ապահովում, գիտահետազոտական եւ այլ աշխատանքների, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ընդլայնում: Նա փաստեց, որ իրենց բուհի ճարտարապետություն մասնագիտությունը բրենդ է, դիպլոմը ճանաչելի՝ Ֆրանսիայում, իսկ իրենց ուսանողները տարիներ շարունակ մասնակցում են բազմաթիվ միջազգային մրցույթների ու գլխավոր մրցանակներով վերադառնում: Ըստ նրա, զարգանում է նաեւ դիզայնի ֆակուլտետը, որոշ անելիքներ կան շինարարական բլոկի առումով. անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ:
Հ. Թոքմաջյանը նշեց, որ ուսման մակարդակը բարձրացնելուն է նպաստում բուհին կից վարժարանը, թիվ 3 ավագ դպրոցի հետ եւս կնքվել է պայմանագիր. «Երեխան պետք է մեր համալսարան գա՝ մտածել կարողանալով, մեզ հարկավոր չեն կրկնուսույցների մոտ վարժեցված դիմորդներ»: Գորիսի ավագ դպրոցում էլ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը հոսքային դասարան ունի, որը ղեկավարում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը (Թաթոս): Ռեկտորը խոստացավ, որ առաջիկայում կբարձրացվեն աշխատավարձերը, աշխատանքներ են տարվում, որպեսզի ուսումնական գրականությունը տեղադրվի համացանցում եւ հասանելի լինի ուսանողներին:
Ի տարբերություն որոշ բուհերի, այս համալսարանում լայն լիազորություններ են տրված ուսխորհրդին: Մայիսի 3-ին այն հուշագրեր կստորագրի սնունդ մատակարարող կազմակերպության եւ արհմիության հետ: 100 անապահով ուսանող էլ անվճար կսնվի: «Ուսխորհրդին է վերապահված հնարավոր բոլոր շեղումների կամ կոռուպցիոն դրսեւորումների քննումը»,- հավելեց ռեկտորը: Նա մի հարցի մասին էլ խոսեց. «Մենք պրակտիկ բուհ ենք, եթե մեր արդյունքները չներդրվեն արտադրության մեջ, գիտական աշխատանքները ոչ մի լումայի արժեք չեն ունենա»:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց սերտացնել բուհի եւ քաղաքապետարանի կապերը: Ցանկություն հայտնեց, որպեսզի այս բուհի շրջանավարտները այլ դպրոցների հետ էլ առավելագույնս շփվեն. «Հաճախ ասում են՝ ներդրողի դեֆիցիտ կա, իրականում ամենամեծ դեֆիցիտը այն պրոդուկտն է, որը պետք է առաջարկենք ներդրողին»:
Ընտրվելուց հետո պարոն Թոքմաջյանը խոստացավ, որ կանի ամեն ինչ, որպեսզի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները չամաչեն իր՝ ռեկտոր լինելու համար: Արձագանքելով դասախոսներից մեկի դիտարկմանը, թե անհրաժեշտ է օպտիմալացում իրականացնել բուհում, որովհետեւ այս տարի դիմորդ չլինելու պատճառով ֆինանսական հոսքերը պակասելու են, Հ. Թոքմաջյանը պաշտոնապես հայտարարեց, որ կրճատումներ չեն լինելու, որեւէ հավաքարար անգամ չի ազատվի աշխատանքից:
Հավելենք, որ այս ռեկտորի մոտ բոլոր ժամերին ուսանողների մուտքն ազատ է: Նա պատասխանելով այդ մասին «Առավոտի» հարցին, ասաց, որ իրեն ուսանողները կարող են դիմել ցանկացած հարցով, բացի չսովորելու դեպքում գնահատական ակնկալելուց: Ուսանողների հետ ռեկտորը արշավների է մեկնում, ֆուտբոլ խաղում, համատեղ նախագծեր են անում, սակայն երիտասարդները երբեք առիթից չեն օգտվում:
Իսկ ինչի՞ արդյունքում կրճատումներ չեն լինելու: «Մարդ կրճատելը լավագույն տարբերակը չէ, եթե, իհարկե, կրճատումը կապված չէ որակի ապահովման, կոռուպցիայի կամ պարկեշտության ու պատասխանատվության պակասի հետ: Կրճատումը լուրջ տրավմա է մարդու համար: Ես այնպես եմ պլանավորել ամեն ինչ, որ առանց կրճատումների կանցնենք այս շրջանը: 4 ֆակուլտետ միացնելու եւ կիսելու ենք, շինարարական բլոկն էլ անջատելու ենք տեխնոլոգիականից»: Մեր հաջորդ հարցին՝ բուհում բառի բուն իմաստով կենդանի լեգենդներ են աշխատում, նրանց ներկայությունը զգոնացնո՞ւմ է, պարոն Թոքմաջյանը պատասխանեց. «Այն էլ ինչքան, պակերացնո՞ւմ եք, օրինակ, Ջիմ Պետրովիչի կողքին աշխատելը… Որոշում ընդունելիս մտածում ես՝ բա որ սխա՞լ լինի, այս մարդու աչքերին ո՞նց եմ նայելու: Երբ նոր էի եկել բուհ, մի քիչ այլ էր, հիմա ավելի հեշտ է աշխատելը, թունելի վերջում լույս է երեւում: Այն տարիներին, օրինակ, ֆիզկուլտամբիոնում կաշառք էին վերցնում, սկզբում ամբիոնը փակեցինք, հետո բացեցինք, Հովհաննես Զանազանյանին նշանակեցինք ամբիոնի վարիչ, կաշառքը վերացավ… Հիմա շատ մաքուր է մեր բուհը»: Ի դեպ, անվանի ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը՝ շնորհավորելով նորընտիր ռեկտորին, ասաց, որ չի ափսոսում նրա օգտին քվեարկած բյուլետենի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել