Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եղվարդում խոզեր են սատկել

Ապրիլ 30,2011 00:00

Վերջին 10 օրերին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում խոզերի շրջանում անկում է արձանագրվել: Ըստ գյուղապետ Սպարտակ Զաքարյանի՝ 10 օրում 10 գլուխ խոզ է սատկել: Եղվարդի բնակիչները ասում են, որ կենդանիների մոտ նկատվում է կերից հրաժարում, թուլություն: «Եղվարդում մոտ 100-150 գլուխ խոզ կա, 10-ն արդեն սատկել է, խոր փոս ենք փորել ու թաղել: Գյուղում վերջին տարիներին խոզերի անկում չէր արձանագրվել, հարեւան գյուղերում՝ Խդրանցում եւ Ագարակում եղել է, բայց մեզ մոտ՝ չէ: Անասնաբույժը տեղում է եղել, եւ կասկածում են, որ հնարավոր է՝ կերից թունավորված լինեն», – «Առավոտի» հետ զրույցում նշեց Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը: «Առավոտը» անցած տարվա հունիսի 6-ին եւ 7-ին գրել է Խդրանց գյուղում խոզերի զանգվածաբար անկման մասին: Պատճառների մասին բան չէր ասվում, գյուղացիները ենթադրում էին, որ աֆրիկյան ժանտախտ է:
Իսկ հիմա Եղվարդում գյուղացիները պատմում են, որ 10 օր առաջ Երեւանից բերված կեր են գնել եւ տվել կենդանիներին: Անասնաբույժ Արթուր Խաչատրյանի փոխանցմամբ՝ նախնական վարկածով անկումների պատճառը կերից թունավորումն է: «Գյուղացիները հիմնականում կերն առնում են առանց փաստաթուղթ պահանջելու: Նրանք պետք է համոզված լինեն, որ ձեռք բերված աղացած թեփը խոզերի համար վտանգավոր չէ: Հնարավոր է աղի պարունակությունը ավելի մեծ լինի, իսկ խոզերը նուրբ կենդանիներ են, աղի նկատմամբ՝ շատ զգայուն: Հիմա կիրառվում են անվտանգության կանոններ, փակի տակ են պահում խոզերին, ախտահանում տարածքները: Կարող ենք ասել, որ ինֆեկցիոն դաշտ չկա», -տեղեկացնում է Արթուր Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել