Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՎԱՌԱԿԱՆ ԿԵՆՑԱՂՈՎ՝ ԷԼԻՏԱՐ ԹԱՂԱՄԱՍ

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Արդեն 20 տարի առանց կոյուղու ապրող բնակիչներն առայժմ միայն խոստումներ են ստանում

Էջմիածնի՝ էլիտարի համարում ունեցող Անդրանիկ թաղամասի բնակիչների էլիտար կյանքն այդպես էլ չի դասավորվում: 20 տարի առաջ, երբ քաղաքի ունեւոր խավն այդ թաղամասում հողակտորներ գնեց ու տան հիմք փորեց, չէր էլ պատկերացնում, որ հետագա կյանքի ողջ ընթացքը եւս անցնելու է փոս փորելով: Բայց արդեն՝ ոչ թե տան, այլ՝ զուգարանի:
Անդրանիկցիների կարծիքով, եթե խորհրդային կարգերի փլուզումը մի քանի տարով ուշանար, իրենք զուգարան էլ կունենային, ասֆալտապատ ու լուսավորված փողոցներ էլ, մայթեր էլ:
Բնակիչները պատմում են, որ երկու տասնամյակ առաջ, երբ ամայի այդ տարածքում վեր բարձրացան շքեղ առանձնատները, Էջմիածնի քաղաքային խորհուրդը հանձն առավ 21-րդ դարի՝ նմանը չունեցող թաղամաս կառուցել: «Բայց Սովետը փլուզվեց՝ իր հետ տանելով նաեւ մեր թաղի կառուցապատման ծրագիրը»,- ասացին բնակիչները:
Այն, որ թաղամասի փողոցները, հատկապես անձրեւոտ օրերին, անանցանելի են դառնում նույնիսկ մեքենաների համար, ավելի քիչ է հուզում բնակիչներին, քան կոյուղագծերի բացակայությունը: Ճիշտ է, հետիոտն երթեւեկողներն այս թաղամասում այնքան էլ շատ չեն, բայց եղածներն էլ տնից դուրս են գալիս կամ կրկնակոշիկներով, կամ կոշիկների վրայից պոլիէթիլենի տոպրակներ հագած:
Ամենաառաջնային խնդիրն այստեղ կոյուղու բացակայությունն է: Էլիտար թաղամասի բնակիչները ստիպված են իրենց բնական պահանջները հոգալ պապենական մեթոդների կիրառմամբ: Ասում են՝ հորատվող փոսերը որքան խորը լինեն, այնքան երկար կծառայեն:
Լյուդմիլա Հակոբյանը թաղամասի հնաբնակներից է: Վիրավորված է, որ իշխանություններն իրենց խնդրին քամահրանքով են վերաբերվում. «Մենք էլ ենք մարդ, չէ՞: Բա կարելի՞ է թույլ տալ, որ մարդը 20 տարի էս վիճակում ապրի»: Լրացնելով հարեւանուհուն, Լալա Խաչատրյանն էլ ամոթալի որակեց 21-րդ դարում առանց կոյուղու ապրելը: «Մեր բակի ցեմենտն արդեն քայքայվել է՝ այնքան ջուր է վրայով գնացել: Կոյուղի չկա, որ ջուրը դուրս տանի. լցվում-լճանում է բակում ու քայքայում բետոնը»,- միջամտեց Քրիստինե Գյարաքյանը:
Օգտագործած ջուրն անդրանիկցիները լցնում են որտեղ պատահի՝ դժվարանցանելի դարձնելով թաղամասի առանց այն էլ անասֆալտ, փոսառատ ու ավեր ճանապարհները: Բնակիչներից շատերն այդ պայմաններին չդիմանալով՝ տունը ջրի գնով վաճառում, տեղափոխվում են այլ թաղամասեր: Իսկ առանձնատների գայթակղիչ գներով հրապուրվածները էժան գործարքի իրական պատճառները հասկանում են միայն այն ժամանակ, երբ հարմար գնով «կպցրած» նոր տուն են տեղափոխվում: Նորաբնակները, առաջին գործը, որ սկսում են՝ փոս փորելն է: Դրանից է սկսել նաեւ Սիրիայից տեղափոխված Գեւորգ Խաչատրյանը:
Բնակիչներն իրենց փորձով համոզվել են՝ որքան բազմանդամ է ընտանիքը, այնքան արագ է հասունանում նոր փոս փորելու անհրաժեշտությունը:
Քյոսինյաններն արդեն 2-րդ փոսն են հորատել: Ի տարբերություն հարեւանների, որոնց կոյուղափոսերը տնամերձ տարածքում են, նրանցը տան դիմաց է՝ փողոցի անմիջական հարեւանությամբ: «Թաղի երեխաներն այստեղ են խաղում, մենք էլ վախենում ենք, անընդհատ հսկում ենք, որ փոսը չընկնեն»,- ասաց Թինա Քյոսինյանը:
Թե որքանով է էլիտար՝ անկոյուղի եւ ցեխոտ թաղամասը, ոչ ոք չի հաշվել: Փոխարենը, մասնագետների հաշվարկով, թաղամասը կոյուղով ապահովելու համար 500 գծամետր խողովակաշար է հարկավոր՝ իր համապատասխան կառույցներով: Չարչրկված խնդրին լուծում տալու խնդրանքով բնակիչները բազմիցս դիմել են ոլորտի իրավասու բոլոր կառույցներին՝ «Հայջրմուղկոյուղու» Էջմիածնի բաժանմունքից մինչեւ Ջրային տնտեսության պետական կոմիտե:
Մինչ նրանց նամակները գրասենյակից գրասենյակ են անցնում, հատկապես ամռանը գարշահոտության մեջ բնակվող անդրանիկցիները մի նամակ էլ երկրի ղեկավարին են հասցեագրել՝ հարցն իր անմիջական հսկողության տակ առնելու խնդրանքով: Նամակը նախագահականից վերահասցեագրվել է տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեին: Ապրիլի 19-ին սույն կառույցից գրավոր տեղեկացրել են, որ «…կոյուղագծի կառուցման աշխատանքները, հնարավորության սահմաններում, կընդգրկվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից 2012 թվականին նախատեսվող համապատասխան ներդրումային ծրագրում»:
Կոմիտեի՝ «հնարավորության սահմաններում» արտահայտությունը 20-ամյա վաղեմության խնդրի հանգուցալուծմանը սպասող բնակիչներին վերջին հույսից էլ է զրկում: «Եթե նայենք նրանց հնարավորություններին, ապա մեզ համար այն երբեք էլ չի լինի»,- ասացին:
Անդրանիկցիների հոռետեսությունը, սակայն, չկիսեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության Կենտրոն-Արեւմտյան մասնաճյուղի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը: Վերջինս «Առավոտին» փոխանցեց այն, ինչ թաղամասի բնակիչներին ասել են տարածքային կառավարման նախարարությունից. Անդրանիկ թաղամասի կոյուղացումը կընդգրկվի եկող տարվա երկրորդ կեսին իրականացվելիք ծրագրերի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել