Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրամով չես կրնա լուծել ամեն ինչ»

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Պոլսահայ համայնքի խնդիրները՝ ըստ թուրքական «Hurriyet Daily News» թերթի հայազգի լրագրող, գրող Վերջիհան Զիֆլիօղլու:

– Թուրքական մամուլում հիմնականում լուսաբանում եք փոքրամասնությունների, հայկական համայնքի ու սփյուռքի կյանքը: Ստամբուլում հայկական կրթություն ստանալ նախընտրողները շա՞տ են: Ի՞նչ խնդիրներ են ծառացած պոլսահայ համայնքի առջեւ:
– Ես հայկական դպրոց եմ աշխատել, իմ աշակերտությանս տարիներուն դպրոցներում բավականին աշակերտներ կային, դպրոցները չգոցվեցան, դպրոցները դեռ բաց են, բայց ընտանիքները կուզեն իրենց տղարքը ուղարկել օտար դպրոցներ, եթե դրամ ունին, ուղարկել օտար երկիրներ՝ ուսում առնելու համար: Դեռ աշակերտությանս տարիներին հայերեն սովորելն այդքան էլ կարեւոր հանգամանք չէր, վիճակը գնալով ավելի վատացավ: Հիմա կըսեն՝ երկու հազար հայ կա հայկական դպրոցներին մեջ: Թուրք մամուլին մեջ հայկական թեմաներով նյութերը կտարբերվեն մյուս նյութերեն՝ Ցեղասպանության առումով, որովհետեւ մեծ խնդիր է թե՛ գրելը, թե՛ արտահայտվելը, այսինքն՝ եթե սոցիալական, մշակութային բան մը անգամ գրես, բոլորի մեջը Ցեղասպանության խնդիրը մեջտեղ կգա:
– Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր պարագայում հայերն ու թուրքերը կկարողանան երկխոսել: Ի՞նչ զարգացումներ եք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների մասով:
– Վերջին օրերուն նույն նյութին մեջ հարցուփորձ կընենք, թե ինչ կըլլան Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները: Կուզեի վստահիլ, թե դարձյալ շարժման կանցնի, բայց իբրեւ լրագրող կրնամ ըսել, թե բոլոր տվյալները ցույց կտան, թե սառեցումը պիտի շարունակե այսպես, եւ չենք գիտեր, թե ուր կհասնե: Երկխոսելը կլինի, երբ Ցեղասպանության նյութը երկու ժողովուրդների միջեն անցնի եւ երկխոսության անցնին երկու ժողովուրդները, ոչ թե պետությունները: Պետությունները, ըստ ինձ, երկրորդական մակարդակի նյութ է, ատկե ետքը պետք է երկխոսությունը սկսի: Բայց եթե սահմանները բացվեն, անկարելի է առանց Ցեղասպանության հարցի լուծման երկխոսություն ստեղծել: Այսինքն՝ եթե նույնիսկ սահմանը բացվի, չենք կարենա շփվիլ, որովհետեւ շատ մեծ պատմական հարց մը կա երկու ժողովուրդներու միջեւ:
– Ինչպիսի՞ն է թուրք հասարակության վերաբերմունքը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ:
– Թուրքիայի ժողովրդի համար Հայաստանի սահմանը բանալը կամ գոցելը որեւէ կարեւորություն չունի: Հայաստանը կաճի գոց սահմաններով հանդերձ, վեց ամսեն մը ետքը կերթամ եւ կտեսնիմ բավականին առաջացում, աղքատություն կա՝ ինչպես նման բոլոր երկիրներու մեջ: Հայաստանում մարդկանց վերաբերմունքը թուրքերու հանդեպ տարբեր է, սփյուռքահայության նման չէ, կուզեն շփվիլ, բարեկամանալ:
– Հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են: Ո՞րն էր պատճառը, որ ոչ մի հայ չներկայացվեց այդ ընտրություններին, արդյոք դա ավելի չի՞ վատացնի պոլսահայության վիճակը:
– Յոթ հայ թեկնածուներ եղան, բայց որեւէ մեկը չկարողացավ մնալ: Պոլսահայերը չեն կրցել իրենց միջեւ լեզու գտնել, հարուստ մարդիկ կուզեն իրենք անուն ըլլալ: Հրանտ Դինքե մահեն ետքը շատ մեծ պոպուլիզմ եղավ թե՛ թուրք, թե՛ հայ համայնքին մեջը: Ամեն մարդ կուզե ինքը ըլլա: Հոս անունեն ավելի կարեւոր բան մը կա՝ կարեւոր տեղ մը ժողովուրդ մը ներկայացնել: Ասորիները իրենք իրենց կաջակցեն, երկու թեկնածու ունեցան: Հրանտ Դինքի մահեն ետքը շատ խառը վիճակ մը ստեղծվեցավ, թե՛ մշակույթը, թե՛ լեզուն կորսված է, մի քանի հարյուր հարուստներու ձեռքը կդառնա ամեն ինչ, եւ անոնք կուզեն մեծ ժողովուրդի առջեւ բացվիլ: Բայց եթե դու մոռնաս քո ինքնությունը եւ քո ժողովուրդը, պիտի չկարենաս բացվիլ, խնդիրը հոս է: Ուսման, մշակույթի գիտակցության պակասը կա, ժողովրդին պատկանելության պակասը կա, դրամով չես կրնա լուծել ամեն ինչ, պոլսահայության առջեւ շատ մեծ խնդիրներ պիտի ծագեն մոտ ապագայի ընթացքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել