Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԿԻՍԱԲԱՑ ԴՌՆԵՐԸ

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Ըստ ՍԴՀԿ ատենապետի՝ լուսավոր ապագա,  ըստ ՀՅԴ-ական պատգամավորի՝ անդունդ

Նախորդ օրը հանրահավաքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտարարեց երկխոսության կիսաբաց դռան մասին, ինչպես ինձ, այնպես էլ հանրահավաքի մասնակիցներից շատերի մոտ անհասկանալի եւ անբացատրելի զգացողություններ առաջացան: Հետո, ավելի «սառը» դատողությամբ հասկացա, որ «վերեւների» եւ «ներքեւների» միջեւ անջրպետ է առաջանում: Եվ հարցը բնավ էլ մտածողությունը, պատկերացումները կամ ավելի պակաս տեղեկացված լինելը չեն. երեք տարվա հետեւողական պայքարից, համառությունից ու սպասումներից հետո առաջնորդների նման կեցվածքը, ուզես, թե ոչ, սառը ցնցուղի պես մի բան է: Հուսահատություն ու հիասթափություն, որը անհնար է անգամ արտաքուստ թաքցնել: Երեկ, հակառակ իմ բոլոր ջանքերի, «կոնգրեսականներից» շատերը խուսափում էին այս թեմայի շուրջ խոսել, մանավանդ՝ հարցազրույցներ տալ: Այնուհանդերձ, ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հարցիս՝ ի՞նչ տպավորություններ Ձեզ մոտ առաջացրեց երեկվա հանրահավաքը, հատկապես հավաքվածների հիասթափությունը, պատասխանեց. «Ամսի 28-ին «ջրբաժան» ակնկալող ժողովրդի համար շատ բնական էր նման հակադարձումը: Ես հասկանում եմ: Երեք տարի մեզ հետ միասին պայքարել են, արդարություն են փնտրել, եւ հանկարծ ստացվում է, որ արդարության հասնելու նպատակը եւս մեկ ամսով հետաձգվում է: Բայց մարդիկ, ովքեր շատ ավելի տեղեկացված են, ավելի լավ կարող են վերլուծել եւ հասկանալ հետաձգման պատճառները, ավելի ըմբռնումով են մոտենում»: Տիկին Սարգսյանը լիովին համաձայն է առաջին նախագահի հետ, որ երեք պահանջներից երկուսը կատարվել են, մեկի մասով խոստում է տրվել. «Եթե Սերժ Սարգսյանն իրեն իսկապես նախագահ է համարում՝ կկատարի իր խոստումը, այլապես կստացվի, որ իսկի ինքն իրեն նախագահ չի համարում»: ՍԴՀԿ ատենապետը համակարծիք է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նաեւ այն հարցում, որ չի կարելի վտանգել երկխոսության հնարավոր գործընթացը, թեեւ համամիտ է, որ հեռակա կարգով այն արդեն իսկ սկսված է: «Չմոռանանք նաեւ, որ մեր տղաները դեռ բանտերում են, եւ մեր ամեն մի քայլը պայմանավորված է նաեւ նրանց ազատ արձակելու հետ: Մենք իրավունք չունենք վտանգելու նրանց ազատության մեջ գտնվելու նպատակը»,- ասաց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, որ քաղբանտարկյալները քանիցս են հայտարարել, որ իրենք շատ լավ գիտեն, թե հանուն ինչի են պայքարում եւ պատրաստ են կրել այդ զրկանքները, իսկ հիմա հնարավոր է նրանց մոտ էլ հիասթափություն առաջանա, պատասխանեց. «Ես վստահ եմ, որ՝ ոչ: Լինելով հերոսներ, հայրենիքին ու գաղափարին նվիրված տղաներ՝ վստահ եմ, որ նրանք էլ հասկանում են, որ պետք չէ վտանգել երկխոսելով սահուն իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը՝ բախումների միջոցով երկրի ներքին անվտանգությունը խաթարել կամ արտաքին ուժերին առիթ տալ մեր երկիրը Լիբիայի կամ Եգիպտոսի վերածելու»: Ստացվում է, որ ավազակապետությունը գիտակցել է ինքնամաքրման անհրաժեշտությունը: Տիկին Սարգսյանն ասաց, որ ինքն ուրախ կլիներ, եթե այդպես լիներ, սակայն հակված է կարծելու, որ սա ավելի շատ ժողովրդի ակտիվ դժգոհության արդյունքն է. «Իրենք հասկացան, որ վտանգավոր իրավիճակ է, ու քանի որ այդ ճամբարում էլ կան պետականամետ մարդիկ, երկիր, ժողովուրդ, հայրենիք գնահատող մարդիկ, գերադասեցին գործընթացներն անցնցում տանել»: Տիկին Սարգսյանը համոզված է, որ այս ամենը ներիշխանական բախումների է հանգեցնելու, բայց այլընտրանք էլ չի տեսնում հասարակության՝ իշխանությունների առջեւ դրված պահանջների կատարման համար: «Կյանքը ցույց տվեց, որ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»,- հայտնի առածով սահմանափակվեց մեր զրուցակիցը:
Իսկ թե ի՞նչ տպավորություններ եւ մտավախություններ է առաջացրել ՀՅԴ-ի մոտ ՀԱԿ-ի որդեգրած կիսաբաց դռների քաղաքականությունը, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ իրենց շատ վաղուց էին ասում, որ իշխանության եւ ՀԱԿ-ի վարքագիծն ու տեսակետը նույնական են, երկրում սեւի եւ սպիտակի քաղաքականություն է վարվում, մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ՀԱԿ-ի ագրեսիվ պահվածքի արդյունքում: «Մենք միշտ էլ համարել ենք, որ դա ամենասխալ քաղաքականությունն է, մանավանդ՝ Հայաստանի համար նման մարտահրավերների պարագայում: Հարկավոր է իսկապես համազգային համախմբում ապահովել հայ-թուրքական, ԼՂՀ հարցերում, բիզնես-միջավայրից սկսած՝ մինչեւ քաղաքացիների անընդհատ ընկնող կենսամակարդակի ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակին դիմագրավելու ու հիմնական ժողովրդավարական բարեփոխումներն իրականացնելու համար: Ցավոք, այս կիսաբաց դռների քաղաքականությունը տանում է ոչ թե բարեփոխումների իրականացմանը, այլ ոչ ազգանպաստ քաղաքականության հաստատմանը»,- կարծում է Արծվիկ Մինասյանը՝ ՀԱԿ-իշխանություն համագործակցությունն իրականության մեջ դիտարկելով իբրեւ հայ-թուրքական արձանագրությունները, որոնց կողմ են երկուսն էլ, լեգիտիմացնելուն ուղղված քայլ, որի պայմաններում կյանքի կկոչվեն նաեւ ԼՂՀ հարցում, մեր պատմական իրավունքները ուրանալուն եւ մոռանալուն ուղղված Հայաստանին թելադրվող նախապայմանները, որոնք եւ իշխանության, եւ ՀԱԿ-ի համար ընդունելի տարբերակներ են: «Լեգիտիմացման ամենամոտ քայլը կարող է լինել այն, որ այս համագործակցության արդյունքում խորհրդարան կգան ուժեր, որոնք ֆորմալ առումով կարող են լինել ընդդիմություն, բայց ազգային հարցերում ունենան նույն կեցվածքը, որը մերժելի է եւ Հայաստանում, եւ Սփյուռքում»: Այս համատեքստում մեր զրուցակիցը համաձայն է, որ իբրեւ քաղաքական ուժ՝ այս համագործակցության արդյունքում կորուստներ է կրելու նաեւ ՀՅԴ-ն, ու հուսով է, որ իշխանության ու ՀԱԿ-ի քաղաքականությունը կարժանանա բոլոր նրանց մերժմանը, ում համար ազգային արժանապատվությունը գերագույն արժեք է, այլ ոչ միջոց՝ սեփական անձը կամ խմբին իշխանության մասնակից դարձնելու: ՀՅԴ-ական պատգամավորն այս համագործակցությունից նաեւ սոցիալ-տնտեսական քաղաքականության մասով առաջընթացի ակնկալիքներ չունի, ավելին, ասում է, որ ի դեմս ՀԱԿ-իշխանություն համագործակցության՝ մեր հասարակությունը լուրջ մարտահրավեր ունի, քանի որ այս ոլորտում էլ երկու ուժերի մոտեցումները արդյունքներ չեն տվել:
Ու ինչքան էլ մարդիկ կորցրել են վստահությունն ընտրական համակարգերի նկատմամբ, Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ փոփոխությունների միակ իրատեսական, իրական, հեղափոխական ճանապարհն ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելն է: Եվ այս գաղափարի շուրջ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցության այս կերպ մտածող ուժերի հետ, բացառությամբ նրանց, ում համար դա հերթական քարոզչական հնարք է: Համագործակցության երկրորդ ճակատը սոցիալիստական ուժերի հետ է: Երրորդը՝ Հայ դատին հետեւորդ ուժերի: Արծվիկ Մինասյանն ուրախ կլինի, որ ՀԱԿ-ն ու իշխանությունն այս խնդիրների առանցքում լինեն ՀՅԴ-ի համագործակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել