Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՎ ԳՆԱԼՆ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է»

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Համոզված է ԱԺ եւ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը

– 2011թ. փետրվարի 17-ին կոալիցիոն նոր համաձայնագրի ստորագրումը մինչեւ այսօր էլ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Կան կարծիքներ, ըստ որոնց՝ կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո ԲՀԿ-ն որոշ չափով զիջել է դիրքերը եւ կորցրել ինքնուրույնությունը: Դուք համաձա՞յն եք այս տեսակետին:
– Բացարձակապես համաձայն չեմ նման տեսակետների հետ: Նախ ասեմ, որ կոալիցիոն համաձայնագիրը իրավական պարտավորություններ չի ենթադրում, ինչը փաստել են նաեւ ՀՀԿ մեր գործընկերները: Կոալիցիոն նոր համաձայնագրի ստորագրման հետ կապված՝ մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ անձամբ ես արդեն իսկ տվել ենք համաձայնագրին միանալու օբյեկտիվ պատճառների մասին մեր մեկնաբանությունները: Այն է՝ երկրի ղեկավարի դիրքերի ուժեղացում՝ ուղղված արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելուն եւ հնարավոր սադրանքները կանխելուն: Իսկ ինչ վերաբերում է մեր դիրքերի թուլացմանը, ապա կարող եմ միայն հիասթափեցնել նման երազանքներով տառապողներին: ԲՀԿ-ն մեր երկրի հզոր քաղաքական ուժերից մեկն է՝ ամուր եւ միասնական քաղաքական թիմով, եւ շարունակում է իր հետեւողական քաղաքական գիծը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման ու բարգավաճման:
– Ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե գալիք խորհրդարանական ընտրություններում իշխող կոալիցիան գնալու է միասնական ցուցակով, հնարավոր համարո՞ւմ եք դեպքերի նման զարգացումները:
– Կարծում եմ՝ միասնական ցուցակներով ընտրությունների գնալն անտրամաբանական է, քանի որ եւ ՀՀԿ-ն, եւ ԲՀԿ-ն ունեն իրենց կայուն ընտրազանգվածները: Խոշոր քաղաքական ուժերի եւ ինքնուրույն խաղացողների պարագայում միասնական ցուցակներ չեն կազմվում: Որպես կանոն, միասնական կարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնում են փոքր եւ մանր կուսակցությունները, որոնք առանձին մասնակցության դեպքում շանս չունեն խորհրդարանում ներկայացված լինելու:
– Վերջերս տեղի ունեցավ բռնցքամարտի «Գագիկ Ծառուկյանի անվան» միջազգային մրցաշար: Մրցաշարի հետ կապված եղան տարբեր մեկնաբանություններ, մասնավորապես՝ մրցաշարի անվան հետ կապված: Եթե ճիշտ եմ հիշում՝ Դուք եւս բռնցքամարտիկ եք:
– Այո, եւ որպես Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ ինձ համար տեսանելի են բռնցքամարտի ոլորտում պարոն Ծառուկյանի կատարած խոշոր ներդրումների արդյունքները: Մի՞թե սա դրական չէ, մի՞թե կարելի է Հայաստանի վարկանիշը եւ հեղինակությունը բարձրացնող նման միջոցառումների անցկացումը քննադատել: Նման մրցումների անցկացման նպատակներից մեկն այն է, որ Հայաստանը ստանա օլիմպիական վարկանիշային մրցումներ անցկացնելու իրավունք, ինչը մեծապես կնպաստի մեր սպորտի ավելի արագ տեմպերով զարգացմանը: Անժխտելի փաստ է, որ 2004թ.-ից ի վեր, երբ մեր կուսակցության առաջնորդը ընտրվեց ՀԱՕԿ-ի նախագահ, հայկական սպորտը սկսեց թռիչքային զարգացում ապրել, նախկին, հաճախ նաեւ ամոթալի պարտություններին փոխարինելու եկան փառահեղ հաղթանակներ, Հայաստանը տարբեր մարզաձեւերում տվեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, Օլիմպիական խաղերի մեդալակիրներ: Մեր երկիրը դարձել է ծանրամարտի համաշխարհային գերտերություններից մեկը, առաջին անգամ մենք կարողացանք ունենալ կանանց ծանրամարտի աշխարհի չեմպիոն՝ ի դեմս Նազիկ Ավդալյանի, ում, օգտվելով առիթից, մաղթում ենք շուտափույթ առողջացում: Վստահ եմ, որ ապագայում սպասվող խոշոր միջազգային ստուգատեսներում Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք նորանոր եւ աննախադեպ սպորտային հաջողություններ: Իսկ մենք պարտավոր ենք մեր չափով աջակցել հայկական սպորտի զարգացմանը եւ զերծ մնանք անիմաստ եւ անտեղի խոսակցություններից:
– ԲՀԿ առաջնորդի ԱԱԽ-ի կազմում ընդգրկվելու փաստը եւս տարաբնույթ վերլուծությունների տեղիք տվեց, Դուք ինչպե՞ս եք սա մեկնաբանում:
– ԲՀԿ-ն նախկինում էլ է ունեցել ներկայացուցիչ Անվտանգության խորհրդում՝ ի դեմս Ավետ Ադոնցի: Վերջինիս դեսպան նշանակվելու կապակցությամբ այդ տեղը թափուր էր մնացել: Կարծում եմ՝ ԱԽ-ում կուսակցության ղեկավարի մակարդակով ներկայացված լինելը նպատակահարմար քայլ է, քանզի պարոն Ծառուկյանը Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի առաջնորդն է, կոալիցիոն կուսակցության ղեկավար, եւ տրամաբանական է, որ նման դիրքի մարդը ներգրավված լինի ԱԽ կազմում:
– Պարոն Բալասանյան, որոշ վերլուծություններ են արվում նաեւ ԲՀԿ պասիվության մասին, համաձա՞յն եք այս կարծիքի հետ:
– Բացարձակապես: Ինչպե՞ս կարելի է խոսել պասիվության մասին, երբ, օրինակ՝ ԱԺ ԲՀԿ պատգամավորներն զբաղված են ակտիվ օրենսդրական գործունեությամբ: Այս պահին մեր պատգամավորների կողմից շրջանառության մեջ են դրված օրենքների նախագծեր, որոնք միտված են նպաստելու վերջին ժամանակներում երկրի ներքին կյանքի թիվ մեկ հարցը դարձած գյուղատնտեսության զարգացմանը: Մեր պատգամավորները եւ տարածքային կառույցներն ակտիվորեն աշխատում են գյուղերի զարգացմանը նպաստելու ուղղությամբ՝ սկսած գյուղացիներին տրամադրվող ուղղակի օգնություններից, մինչեւ իսկ թեմային առնչվող քննարկումների կազմակերպում: Օրինակ՝ դեռեւս 2010թ. դեկտեմբերից ԱԺ-ում շրջանառության մեջ է «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին», «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինքս նույնիսկ կոչով դիմել եմ քաղաքացիներին, որպեսզի ներկայացնեն առաջարկություններ եւ անեն դիտողություններ: Գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում մենք սերտորեն համագործակցում ենք նաեւ «Ֆերմերների ազգային միավորման» հետ: Անցած տարվա դեկտեմբեր ամսից շրջանառության մեջ է դրված նաեւ «Հայցագրերի քննարկման կարգի մասին» օրենքի նախագիծը: Մոտ ժամանակներս շրջանառության մեջ կդրվեն նաեւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» օրենքի նախագծերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել