Թատրոնի միջազգային ինստիտուտի եւ Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերրի ծննդյան օրվա (1727-1810): 1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որեւէ ականավոր ներկայացուցիչ. 2011-ին այդ պատիվը տրվել է բելգիացի պարուհի Ան Թերեզա Դը Կերսմեկերին, ով, ապրիլի 27-ին այդ ուղերձն ընթերցելուց բացի, Փարիզում միաժամանակ հանդես է եկել մենապարով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տանը: Իր խոսքում նաեւ նշել է. «Ես կարծում եմ, որ պարը տոնակատարություն է, որը մեզ վերադարձնում է մարդկայինը: Երբ մենք պարում ենք, բնականաբար, օգտագործում ենք մեր մարմնի ու զգացողությունների մեխանիզմները՝ ուրախություն, տխրություն եւ մեր սրտից եկող ամեն ինչ արտահայտելու համար: Կյանքի շրջադարձային իրադարձությունները տոնելու համար մարդիկ միշտ են պարել եւ մեր մարմինները կրում են մարդկային փորձի ողջ հիշողությունների ծանրությունը: Մենք կարող ենք պարել մենակ կամ միասին: Մենք կարող ենք կիսել այն՝ ինչը մեզ դարձնում է նման կամ տարբերակում իրարից: Ինձ համար պարել՝ նշանակում է մտածել: Պարի միջոցով մենք կարող ենք մարմնավորել ամենավերացական մտքերը եւ բացահայտել այն, ինչը չենք կարող տեսնել կամ անվանել: Պարը կամուրջ է մարդկանց միջեւ, կամուրջ երկրի ու երկնքի միջեւ: Մենք կրում ենք աշխարհը մեր մարմիններում: Եվ, վերջին հաշվով, ես կարծում եմ, որ պարի յուրաքանչյուր ակնթարթ հատված է մի պարից, որը չունի ոչ սկիզբ, ոչ ավարտ»: