Ծայրահեղությունից դրդված չպետք է ամուսնանալ
Բոլորը, վաղ թե ուշ, ցանկանում են ամուսնանալ, ստեղծել ընտանիք: Եթե ամուսնությունը հիմնված է սիրո վրա, ապա դա իդեալական տարբերակ է: Արեւմուտքում վերջին տարիների ընթացքում մեծ տարածում են գտել առանց հարսանիքի եւ պաշտոնական փաստաթղթերի ամուսնությունները, որոնք, սակայն, մեր իրականության մեջ դեռեւս տարածում չունեն:
Աստղագուշակ Կարինե Նուրիջանյանը կարծում է, որ հարսանիքն ու պաշտոնական փաստաթղթերը ձեւական բնույթ են կրում այն երկու հոգու կյանքում, որոնք պատրաստվում են մի ամբողջ կյանք միասին լինել: «Մինչ զագսի դուռը թակելը, ամուսնացողները նախ պիտի իմանան, թե իրենց ինչ է սպասվում ապագայում: Հարկավոր է ճշտել, արժե՞ կյանքներն իրար կապել, թե՞ ոչ: Գոյություն ունի անհամապատասխան զույգ արտահայտությունը, որը հաճախ ասում են զույգի արտաքին տվյալներին նայելով: Սակայն այդ արտահայտության իմաստը լավ չենք հասկանում: Եթե ամուսնացողները, մինչ ընտանիք կազմելը, պարզեն իրենց համապատասխանության փաստը, ապա կխուսափեն բոլոր խնդիրներից: Աստղերը թույլ են տալիս հաշվարկների միջոցով պարզել՝ ամուսնանալ պատրաստվողները համապատասխանո՞ւմ են իրար, թե՝ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Կարինեն, ըստ որի՝ զույգերի միմյանց համապատասխանության հաշվարկներն արվում են նրանց անձնական տվյալների հիման վրա:
«Այդ հաշվարկներն անելը հեշտ չէ, ամեն զույգի տվյալների վրա ես աշխատում եմ 3-4 օր: Դա կարծես երկրաչափական խնդիր լինի, բարդ գործընթաց է: Ասեմ նաեւ, որ այս գործին տիրապետելու համար ինձնից 13 տարի է պահանջվել, իսկ հաշվարկներն անում եմ արդեն 10 տարի, եւ կարող եմ ասել, որ մոտավորապես 99 տոկոսի դեպքում ես ճիշտ եմ եղել: Աստղերը չեն կարող սխալվել, իսկ այն մեկ տոկոսն էլ, որոնց դեպքում գուցե իմ կանխատեսածով չի եղել, դա էլ, կարծում եմ, ճակատագրի հարց է, ինչի դեմ ես անզոր եմ»,- նշեց մեր զրուցակիցը:
Լինում են դեպքեր, երբ կինը միայն ամուսնության միջոցով կարող է իր կողքին պահել սիրած տղամարդուն եւ երկարացնել փոխհարաբերությունները, սակայն տիկին Կարինեն գտնում է, որ ընտրված այս տարբերակը ամենասխալն է, որովհետեւ այդ ամուսնությունը կարող է ժամանակավոր լինել:
«Որոշ զույգեր էլ երկար տարիներ միասին լինելուց հետո են գալիս այն եզրահանգման, որ պետք է ամուսնանան, բայց դա ոչ թե նրանց զգացմունքների թելադրանքն է լինում, այլ ծայրահեղ անհրաժեշտություն: Սա եւս սխալ է, ամուսնությունը չի կարող ծայրահեղ անհրաժեշտություն համարվել: Հատկապես հայերիս դեպքում մարդիկ մտածում են, որ այդ լուրջ քայլը կյանքում մեկ անգամ պետք է լինի ու քանի որ այդպես ենք մտածում, առավել եւս չպետք է ծայրահեղությունից դրդված ամուսնանալ: Հաճախ լսում ենք, որ ինչ-որ մեկն ամուսնացել է, որովհետեւ նրա բոլոր ընկերներն արդեն ամուսնացել են: Սա հիմարություն է: Այսպես մտածողներն ու ամուսնացողներն իրենց ուժերի նկատմամբ անվստահներն են, որոնք պարզապես չեն ուզում ետ մնալ ուրիշներից: Ու սովորաբար ինքնուրույն ու ճիշտ կողակից ընտրելու հարցն այս մարդկանց համար ետին պլանում է լինում: Ահա այսպիսի դեպքերում է, որ թեկուզ մեկ շաբաթվա ամուսնացած զույգին նայելիս ակնհայտորեն զգացվում է նրանց անհամապատասխանությունը: Ու հենց այս կարգի ամուսնությունների դեպքում է, որ ամիսներ անց զույգն արդեն իսկ սկսում է քննարկել ամուսնալուծությունը»,- ասում է տիկին Կարինեն, խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել տարիքին, եւ երբեք չմտածել, որ 18 տարեկանից հետո պետք է անպայման, անհապաղ ամուսնանալ, կամ 30 տարեկանից հետո արդեն տանն են մնացել:
Ըստ նրա՝ «տարիքը բացարձակապես կապ չունի, անձը պետք է զգա՝ ինքը հոգեբանորեն պատրա՞ստ է այդ քայլին, թե՝ ոչ: Նշեմ, որ աստղերը խրախուսում են կանխամտածված ամուսնությունները: Հաշվարկը թույլ է տալիս ինչ-որ չափով լուծել կամ խույս տալ ապագայում սպասվող բոլոր խնդիրներից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման տարբերակով կնքված ամուսնությունները ամենակայունն են»:
Աստղագուշակի համոզմամբ, քանի որ բոլոր ժամանակներում էլ ամուսնությունն առավել կարեւորել են կանայք, դրա պատճառով էլ իր հաշվարկներին դիմողների մեծամասնությունը հենց կանայք են. «Ամուսնանալով՝ կինը հասարակության մեջ ձեռք է բերում ավելի բարձր դիրք, մինչդեռ տղամարդու սոցիալական դիրքը ոչ մի փոփոխության չի ենթարկվում: Իսկ «տանը մնալու» վախը թեկուզ անթաքույց ապրում է կանանց մեծամասնությունը՝ ի տարբերություն տղամարդկանց: Ամուսնության տարբերակը միշտ էլ եղել է ավելի ցանկալի, քան քաղաքացիական ապրելակերպը: Վերջինս կարող է ձգվել երկար տարիներ, իսկ հետեւանքները անկանխատեսելի են: Արժե՞ արդյոք վտանգել սերը, մտերիմ հարաբերությունները եւ գրեթե կայացած ընտանիքը՝ ապրելով անկայուն ու վտանգներով լի քաղաքացիական ամուսնությամբ: Հայ կանանց մեծամասնությունը հաստատ չի դիմի այդ տարբերակին, եթե ունենա այլընտրանք: Բայց քանի դեռ մենք այնքան էլ չենք զարգացել, որքան ցույց ենք տալիս, ապա ստիպված ենք ենթարկվել, հարմարվել ավանդույթներին, բայց ոչ մի դեպքում հարմարվելով չամուսնանալ. հարկավոր է գոնե իմանալ, թե ինչ կլինի քեզ հետ կյանքիդ մնացած տարիներին»: