Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դասարան՝ գյուղապետի աշխատասենյակում

Ապրիլ 29,2011 00:00

Համայնքի ղեկավարին ցերեկային ժամերին փոխարինում են աշակերտները

Լոռու մարզի Չկալով համայնքի ղեկավար Վիլուն Շաքարյանի մոտ որեւէ հարցով մտնելու համար հարկավոր է սպասել՝ մինչեւ դպրոցականներն ավարտեն դասերն ու ազատեն աշխատասենյակը: Դասասենյակ չունենալու պատճառով, գյուղապետի աշխատասենյակը մինչեւ կեսօր երրորդ-չորրորդ երկկոմպլեկտ դասարանների աշակերտներն են տնօրինում:

Չկալովը՝ Թումանյանի հայրենիք Դսեղ գյուղից 3 կմ է հեռու եւ հազիվ 190 բնակիչ ունի: Խորհրդային տարիներին Չկալովը Դսեղի մի մասն է եղել՝ իր կոլտնտեսությամբ: Այժմ առանձին համայնք է, որի դպրոցը 1958 թվականին կառուցված շենք է, որը հարմարեցվել է, որպես դպրոց չի կառուցվել: Չկալովի դպրոցի հիմնական խնդիրն այսօր ժամանակի չափանիշներին համապատասխան ուսումնական մասնաշենք ունենալն է: «Կրթօջախի այսօրվա շենքում լիարժեք ուսումնական պրոցես իրականացնելու բավարար պայմաններ չկան»,- ասում է Չկալովի համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Աթաբեկյանը:

Դասարանների պակաս է առաջացել, քանի որ 2009-10 ուսումնական տարվա 11 աշակերտի փոխարեն այս տարի թիվն աճել է՝ հասնելով 27-ի: Հարեւան Դսեղ գյուղից 12 սոցիալապես անապահով եւ Թումանյան քաղաքից 4 դպրոցահասակ երեխաներ են ավելացել. «Հավաստիացնելով նրանց ծնողներին, որ առանձնակի ուշադիր կլինենք երեխաների նկատմամբ՝ տեղափոխել ենք Չկալով»,- ասում է դպրոցի տնօրենը: Չկալովից դուրս ապրող երեխաներին դպրոց եւ տուն տեղափոխում են ավտոբուսով:

Բացի շենքային պայմաններից, Չկալովի հիմնական դպրոցում կրթելու եւ դաստիարակելու բոլոր միջոցները կան: Կրթօջախը միակն է հանրապետությունում, որտեղի աշակերտների ծնողները դպրոցի հետ կապված ծախսեր չեն անում, ծնողը չգիտի, որ դասագրքերի համար հարկավոր է վճարել: Մանկավարժական կոլեկտիվը, հոգաբարձուների խորհուրդն ու «Մաշտոց» կրթահամալիրը հոգում են դպրոցականների ծախսերը: Դպրոցում խորհրդային տարիներից մնացած մի բարի ավանդույթ էլ է պահպանվել՝ մանկավարժական կոլեկտիվի նախաձեռնությամբ աշխատավարձից մասհանում են անում, որ սաները թխվածքաբլիթ ուտեն: «Սկզբում ցածր դասարանների համար նախատեսեցինք, սակայն դասերը բավական երկար են տեւում, երեխաների թիվն էլ մեծ չէր, բոլորին ներգրավեցինք»,- պատմում է դպրոցի տնօրենը:

Ըստ նրա, գյուղի ծանր առօրյան՝ սովորող երեխային չի կարող խանգարել, քանի որ գյուղում երեխաները ահռելի ազատ ժամանակ ունեն, որը լցնելու լավագույն ձեւն ու միջոցը գիրքն է: «Գիրքը այն ապրանքը չէ, որ պահանջարկը որոշի առաջարկը: Գրքի պարագայում նախ պետք է առաջարկել, այնուհետեւ պահանջարկը կձեւավորվի: Գիրքը քարոզել է պետք, գրագետ գրադարանավարներ են պետք ընդամենը»,- վստահ է Գագիկ Աթաբեկյանը:

Տնօրենը նկատել է, որ դպրոցի սոցիալապես անապահով աշակերտների մեջ սովորելու ձգտումը շատ ավելի մեծ է, քան ապահով երեխաների: Սակայն երեխաների այսօրվա արդյունքները տնօրենին դեռ չեն գոհացնում:

Գյուղն ունի գրադարան, գրադարան ունի նաեւ դպրոցը, սակայն գրադարանի համար հարմար տարածք չունի: Առաջարկվել է գյուղի գրադարանը, իր շենքով ու սենյակով, միացնել դպրոցին: «Գյուղում դպրոցը պետք է կրթամշակութային կենտրոն լինի, գյուղի հոգեւոր մշակութային կյանքը պայմանավորված լինի դպրոցով եւ անցնի դպրոցի շուրջ»,- համոզված է Գագիկ Աթաբեկյանը:

Հ. Գ. Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ստեղծման ծրագրում կա նաեւ Չկալովը: Չի բացառվում, որ Չկալովն ու Դսեղը մեկ համայնք դառնան, այդ դեպքում շատ հարցեր կարող են լուծվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել