Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեծերը՝ պատկերագրքերում

Ապրիլ 29,2011 00:00

Արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանի աշխատանքի պտուղները

Վերջին տարիներին արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանի ջանքերով լույս տեսան երկու պատկերագրքեր: Առաջին ալբոմը նվիրված էր նկարչուհի Մարիամ Ասլամազյանին, ով 99 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն: Ալբոմը լույս է տեսել նրա ծննդյան 100-ամյակի առթիվ: Ալբոմի առաջաբանը գրել է արվեստաբան Իրինա Աղամյանը:

«Նկարչուհու աշխատանքները պահպանվում էին աշխարհի մոտ 50 թանգարաններում, հեղինակավոր պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում: Ալբոմի մեջ ներգրավվել են այն ստեղծագործությունները, որոնք հնարավոր է եղել ձեռք բերել»,- ասում է տիկին Փիլոսյանը: Հիմնականում դրանք նկարչուհու Գյումրիի թանգարանում պահպանվող կտավներն են, որին մոտ 600 աշխատանք են նվիրաբերել քույրեր՝ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանները (նկարչուհին ծնունդով Շիրակավան գյուղից է, որը այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում): Նրա աշխատանքները պահպանվում են նաեւ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում եւ Արեւելքի ժողովուրդների թանգարանում: Ալբոմում տեղադրվել են նաեւ այդ երկու թանգարաններում պահվող ստեղծագործությունների պատկերազարդումները: Նրա աշխատանքներից տիկին Փիլոսյանը արժեւորում է Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող «Տատիկի դիմանկարը», «Հիվանդ բաջին», «Գառնիի ձորը», «Մոր դիմանկարը»: Յուրահատուկ ուշադրություն է գրավում «Հերոսի վերադարձը» կտավը, որը նույնպես վառ գույներով է արված: Բացի գեղանկարչությունից, Մ. Ասլամազյանը զբաղվել է նաեւ խեցեգործությամբ: Ալբոմում ընդգրկված են նկարիչներ Ն. Նիկողոսյանի, Ա. Գրիգորյանի, Դ. Ժիլինսկու, Ա. Շիրազի հուշերը նկարչուհու մասին: Այստեղ տեղ են գտել նաեւ արվեստաբաններ Մ. Ստեփանյանի, Շ. Խաչատրյանի կարծիքները նկարչուհու արվեստի վերաբերյալ: Փոքրիկ հոդվածով հանդես է եկել նաեւ այս պատկերագրքի կազմող Ս. Փիլոսյանը:

Երկրորդ ալբոմը հրատարակվել է 2010թ. եւ նվիրված է ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Իսկանդարյանին, ով այժմ 88 տարեկան է: Շուրջ 68 տարի արվեստագետը ստեղծագործում է, բայց մինչեւ վերջերս չուներ ոչ կատալոգ, ոչ էլ ալբոմ: Անցյալ տարի լույս տեսավ ալբոմը, որտեղ արտացոլված է Խաչատուր Իսկանդարյանի ողջ ստեղծագործական պատկերը: Կազմողը եւ առաջաբանի հեղինակը Սյուզաննա Փիլոսյանն է: Իսկանդարյանը բազմաժանր արվեստագետ է, զբաղվել է քանդակագործությամբ, գրաֆիկայով, խեցեգործությամբ: Իսկ սկսել է իր ստեղծագործական ուղին, ինչպես եւ շատ մեր հայտնի քանդակագործներ (ինչպիսիք են Դ. Չուբարյանը, Ա. Շահինյանը, Ս. Բաղդասարյանը, Ե. Վարդանյանը), Երեւանի պիոներների պալատում՝ Սամվել Մանասյանի մոտ: Նա առաջիններից մեկն է, ով զբաղվել է մանրաքանդակագործությամբ (դրանց թվին են պատկանում Ի. Գյուրջյանը, Ն. Նիկողոսյանը եւ այլք): Իսկանդարյանը «Հին Երեւանը» մանրաքանդակների շարքն է ստեղծել, որոնք հուշեր են հին Երեւանի պատկերներից: Դրանք են՝ «Փայտ կտրողը», «Սղոցողը», «Դանակ, մկրատ սրողը», «Կոշիկ մաքրողը»: Այս աշխատանքները պահպանվում եւ ցուցադրվում են Պատմության թանգարանում:

Պատկերագրքում զետեղված են նաեւ արվեստագետի մատենագիտությունը, վերատպությունների ցանկը, որտեղ ներառված են ստեղծագործությունների կատարման տարեթիվը, նյութը եւ որտեղ են գտնվում այդ աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել