Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաղեստինյան հակառակորդ ուժերը հաշտություն են կնքել

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի գլխավորած ՖԱՏԽ կուսակցության ու ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները վերջ են դրել իրենց միջեւ վաղեմի թշնամությանն ու համաձայնագիր են ստորագրել անցումային կառավարություն ձեւավորելու մասին, որը գործելու է մինչեւ ընտրությունները:

Reuters-ի փոխանցմամբ, Պաղեստինի հետ պերմանենտ հակամարտության մեջ գտնվող Իսրայելը կասկած է հայտնել, թե այդ պայմանագիրը, որը գաղտնի կերպով ստորագրվել է Եգիպտոսում, Մերձավոր Արեւելքում խաղաղություն կհաստատի, եւ Աբբասին կոչ է արել այսուհետ եւս հեռու մնալ 2007 թ. քաղաքացիական պատերազմից ի վեր Գազայի հատվածում վերահսկողություն սահմանած մահմեդական ՀԱՄԱՍ շարժումից: Պաղեստինի ժողովրդի միասնությանը հասնելը համարվում է անկախ Պաղեստինի ձեւավորման առանցքային նախապայմաններից մեկը, սակայն Արեւմուտքը միշտ էլ հրաժարվել է գործ ունենալ ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժման հետ՝ վերջինիս կողմից Իսրայելը ճանաչելու եւ ուժի կրառումը դադարեցնել չցանկանալու պատճառով: «Մենք համաձայնել ենք կառավարություն ձեւավորել, որում կներգրավվեն անկախ գործիչներ եւ որոնք կնախաձեռնեն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը»,- Կահիրեում հայտարարել է ՖԱՏԽ-ի կողմից բանակցող պատվիրակության ղեկավար Ազզամ ալ-Ահմադը (աջից)՝ հավելելով, որ բանակցությունները տեղի են ունենում արդեն ութ ամիս, իսկ ձեռք բերված համաձայնության դրույթների իրականացմանը հետեւելու է Արաբական պետությունների լիգան: «Պաղեստինի ինքնավարությունը պետք է ընտրի Իսրայելի կամ ՀԱՄԱՍ-ի միջեւ խաղաղությունը: Երկուսի հետ խաղաղություն կնքելն անհնարին է»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել