Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ ասպիրանտները հաղթեցին ադրբեջանցիներին

Ապրիլ 29,2011 00:00

Հարավկովկասյան երիտասարդական քաղաքական բանավեճի արդյունքները

\"\"
Կարենը (ձախից) ու Արտակը:

Վրաստանում կայացած Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եռակողմ հեռուստաբանավեճ-մրցույթում հայերը զբաղեցրել են առաջին տեղը՝ 11: 9 հաշվով:

Ապրիլի 16-22-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Համերաշխ Հայաստան» հայ գիտակների թիմը մասնակցել է Հարավկովկասյան երիտասարդական քաղաքական բանավեճերին՝ «Եվրաինտեգրում, Արեւելյան գործընկերություն» թեմայով:

«Համերաշխ Հայաստան» թիմի անդամ, ԵՊՀ ասպիրանտ, ազգագրագետ Արտակ Խաչատրյանի խոսքով, բանավեճը եւս մեկ քայլ էր ղարաբաղյան հակամարտության, Հայոց ցեղասպանության ընդունման եւ մի շարք այլ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում:

Ըստ թիմի անդամների՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Վրաստանում ներկայումս կա մի սերունդ, որը դրական է տրամադրված Հայաստանի հետ խնդիրների լուծումներին՝ խաղաղ ճանապարհով:

Ա. Խաչատրյանի փոխանցմամբ, ամեն թիմից մասնակցել է 5-ական անդամ. «Մենք երկու տղա էինք, 3 աղջիկ»:

Արտակը հավելեց, որ հեռուստաբանավեճի մասնակից պետությունների պատվիրակությունները կազմված են եղել քաղաքագետներից, կառավարական, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների անդամներից. «Հայկականը միակ թիմն էր, որի կազմում կուսակցականներ չկային: Մեր մասնակցությունը կարեւոր ձեռքբերում էր, քանի որ առաջին անգամ երիտասարդների միջեւ երկխոսության հաջող փորձ կատարվեց՝ տարածաշրջանային մակարդակով»:

ԵՊՀ ասպիրանտ, պատմաբան Կարեն Սիրունյանը ասաց, որ բանավեճի հարցերի շրջանակը հասել է մինչեւ Հայոց ցեղասպանության ընդունումը, նույնիսկ առաջարկվել է ստեղծել հայկական, վրացական, ադրբեջանական տարածաշրջանային՝ Օքսֆորդ համալսարանի մասնաճյուղ:

Կ. Սիրունյանը մանրամասնեց, որ հարցերը հիմնականում վերաբերել են տարածաշրջանային քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, նրանց ունեցած ներդրումներին, ինչպես նաեւ արեւելյան գործընկերությանը:

Ա. Խաչատրյանը հավելեց. «Կարեւոր բանավեճ տեղի ունեցավ երկու վրացական թիմերի միջեւ, թե ինչպե՞ս են իրենք տեսնում տարածաշրջանի տնտեսական ապագան: Հարցերը տարվում էին երկու բլոկով, միմյանց ներհյուսված կերպով՝ Եվրամիություն, կովկասյան երկրների դեմոկրատիզացիա, ու միեւնույն ժամանակ փորձ էր արվում այդ ամենը դիտարկել միասին աճելու, զարգանալու տեսանկյունից: Սրա արդյունքում ծնվեցին հետաքրքիր գաղափարներ: Յուրահատուկ առաջարկ եղավ Վրաստանի կողմից՝ կառուցել Կովկասյան տուն: Սակայն կարծիքներ հնչեցին, որ Կովկասյան տունը կարելի է կառուցել միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանային կոնֆլիկտներն արդեն լուծված լինեն՝ այդ թվում ե՛ւ ղարաբաղյան, ե՛ւ հարավօսեթական-վրացական, ե՛ւ վրաց-աբխազական հակամարտությունները: Մենք էլ առաջարկ արեցինք՝ իսկ ինչո՞ւ չկառուցել մինչեւ հակամարտությունների լուծումները՝ առաջ քաշելով այն միտքը, որ գուցե Կովկասյան տունը, որպես այդպիսին, օգնի հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծումներին»:

Հայկական թիմը, ըստ մասնակիցների, աչքի է ընկել նաեւ կազմակերպվածությամբ: Ա. Խաչատրյանի խոսքով, ադրբեջանցիները, օրինակ, լավ տիրապետում էին թեմային, տարածաշրջանի խնդիրներին, բայց մինչեւ վերջ հետեւողական չէին իրենց կարծիքների հանդեպ, ի տարբերություն մեր թիմի: Հարց ու պատասխանի ժամանակ ադրբեջանցիները բազմիցս շեղվել են պատասխաններից, փորձելով շփոթեցնել գնահատողներին:

Վերջիններիս թվում եղել են փորձագետներ, քաղաքագետներ եւ հոգեբաններ՝ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից: Հայաստանը 2 միավորով ավելի է գնահատվել փորձագետների կողմից, ըստ որի էլ ճանաչվել է հաղթող:

Տղաները պատմեցին, որ բանավեճից հետո հյուրանոցի ճեմասրահում կազմակերպված ֆուրշեթի ժամանակ ադրբեջանցի մասնակիցը լսելով Սերժ Թանկյանի «Բարի արագիլ» երգը, խնդրել է թարգմանել իր համար, որից հետո խոստովանել է, թե հետաքրքրված է հայկական մշակույթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել