Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵԿԱՆ ԸՆՏՐԵՑԻՆ ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

Ապրիլ 29,2011 00:00

\"\"«Դեմ» քվեարկեց միայն խորհրդի անդամներից մեկը

Երեկ տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի ընտրությունը: Ֆակուլտետի ընդլայնված խորհրդի 70 անդամներից ընտրության գործընթացին ներկա 69 անդամների գործը բավականին հեշտ էր, քանի որ դեկանի թափուր պաշտոնի համար միայն մեկ թեկնածություն էր առաջադրվել՝ բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանինը: Մինչ ընտրության բուն գործընթացին անցնելը, թեկնածուն ներկայացրեց այն հիմնական անելիքները, որոնք ինքն իրականացնելու է դեկան ընտրվելուց հետո: Մասնավորապես՝ «վիրահատական» միջոցներ են սպասվում հեռակա համակարգում: Հետո էլ խոստացավ զերծ լինել խարդավանքներից, անձամբ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելուց: Եղան նաեւ Յու. Դավթյանի հասցեին գովասանական ելույթներ:

Դրանց հաջորդեց հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացը: Այնուհետեւ ներկայացվեց ընտրության կարգը, որը գաղտնի պետք է կազմակերպվեր: Հայտարարվեց, որ «կողմ» քվեարկել ցանկացողները պետք է քվեաթերթիկից ջնջեն «դեմ» բառը: Սակայն երեւի այս հայտարարությունը բավարար չէր խորհրդի եւ հատկապես ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանի համար, քանի որ վերջինս նախաձեռնություն ցուցաբերեց եւս մեկ անգամ գրատախտակի վրա քվեաթերթիկ նկարելով բացատրել, թե ինչպես պետք է կատարել ընտրությունը: Եվ ակամայից, թե այլ պատճառներից ելնելով՝ նա ջնջեց «կողմ» բառը: Սա ծիծաղ բարձրացրեց խորհրդի անդամների շրջանում:

Այս ամենից հետո բոլորը դուրս հրավիրվեցին, եւ խորհրդի անդամները մեկ-մեկ պետք է մուտք գործեին համապատասխան սենյակ, վերցնեին քվեաթերթիկը, այնուհետեւ այցելեին կից սենյակ փակ՝ գաղտնի ընտրությունը կատարելու համար: Սակայն նկատեցինք, որ ընտրություն կատարելու համար նախատեսված սենյակում խորհրդի անդամները խմբով էին հավաքվում, միմյանց հետ քննարկում, հետո միայն քվեարկում: Սրա մասին բարձրաձայնեցինք բուհի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի մոտ եւ նա ակամայից դարձավ կարգուկանոն հաստատող, ինչի ընթացքում, հերթապահելով քվեարկության համար նախատեսված սենյակի դռան առջեւ, մեկ-մեկ էր ներս թողնում խորհրդի անդամներին: Մինչ հաշվիչ հանձնաժողովը կատարում էր ձայների հաշվումը, «Առավոտը» զրուցեց Յուրի Դավթյանի հետ: Մեր հարցին՝ հատկապես ո՞ր արժանիքների համար պիտի իրեն ընտրեն, պարոն Դավթյանը պատասխանեց. «Ես այս բուհում պատահական մարդ չեմ, ինձ այստեղ շատերն են ճանաչում, երիտասարդ տարիներից այստեղ եմ եղել, ստացել Լենինի կրթաթոշակ, անմիջապես ընդունվել ասպիրանտուրա, ինչը հազվադեպ էր պատահում, դարձել այս բուհի կոմերիտական կազմակերպության քարտուղարը, պաշտպանել թեկնածուական, դոկտորական ատենախոսություններ, երկար տարիներ եղել եմ բուհի պրոռեկտորը: Սակայն վերջին 8-9 տարիների ընթացքում հարկադիր պարապուրդի մեջ եմ եղել: Հավանաբար հիշում եք, որ նախկին ռեկտորի ընտրվելուց հետո ցույցեր էին կազմակերպվում, ես դրանց կազմակերպիչներից էի: Հետո նախկին ռեկտորն ինձ աշխատանքից ազատեց, բայց այժմ ցանկանում եմ վերականգնվել բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Ուզում եմ, որ մենք լավ ուսուցիչներ մատակարարենք երկրին: Ես լուրջ մարտահրավերներ ունեմ եւ՛ դասախոսական անձնակազմի, եւ՛ ուսանողության շրջանում: Բայց մեծամասնությունն ինձ սիրում է»: Ծրագրերի մասին էլ ասաց. «Ես անգրագետ ուսանող չեմ հանդուրժելու»: Մեր հարցին՝ իսկ անգրագետ դասախո՞ս, պարոն Դավթյանը պատասխանեց. «Անգրագետ դասախոսին չհանդուրժելը շատ ավելի դժվար է, քան անգրագետ ուսանողին»: Խոսելով ֆակուլտետի վարկանիշի մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Բանասիրական ֆակուլտետը միշտ էլ բարձր վարկանիշ է ունեցել, սակայն վերջին շրջանում առհասարակ բուհի վարկանիշն է ընկել, ինչում մեղավոր ենք մենք բոլորս, հատկապես՝ բուհի նախկին ղեկավարությունը: Բայց իրենք հստակ նպատակ ունեին, թե ինչի համար են բուհը ղեկավարում: Ուստի պիտի կոտրվի այդ կարծրատիպը»:

Ի վերջո, բանասիրական ֆակուլտետի դեկան ընտրվեց Յուրի Դավթյանը, ձայների՝ 69 «կողմ» եւ 1 «դեմ» հարաբերակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել