Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անապահովները ճարահատ ալեհավաք են տեղադրում

Ապրիլ 29,2011 00:00

2010 թվականի սեպտեմբերի 14-ին «AZ TV-ն նեղում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում մետրային 7-րդ ալիքով հեռարձակվող «հ2» հեռուստաընկերության հաղորդումների ժամանակ նշմարվում է ադրբեջանական AZ TV հեռուստաընկերության լոգոտիպը՝ Ղազախի շրջանում տեղակայված է 1000 վտ հզորությամբ հաղորդակ, որով մետրային նույն ալիքով հեռարձակվում են ադրբեջանական նշված հեռուստաընկերության ծրագրերը՝ արդեն երկու տասնամյակ, որ մետրային այս ալիքի ադրբեջանական հաղորդակը անհամեմատ հզոր է Նոյեմբերյանում գործողից՝ հայկականից: Այս տարվա փետրվարի 17-ին «Մեկ ալիք էլ փակվեց» լուրով էլ նկատել էինք, որ իբր սա քիչ էր, հիմա էլ Տավուշի մարզի բնակիչները վրդովված են, որ այլեւս հնարավորություն չունեն դիտելու ռուսական OPT հեռուստաընկերության հաղորդումները: Տավուշում շատերն են որոշել արբանյակային ալեհավաք գնել, որ ստիպված չլինեն հայկական տափակ սերիալների, գռեհիկ հումորի եւ «վարդագույն» լրատվության հույսին մնալ կամ ադրբեջանական հեռուստաընկերությունների գերին դառնալ:

Տավուշցիները իրենց խոսքի տերն են եղել: Իջեւանում, որը Ադրբեջանի սահմանից հեռու է մոտ 20 կմ, FM տիրույթում հասանելի են 2 ադրբեջանական եւ մեկ հայկական ռադիոկայանի ծրագրերը: Մարզի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական հեռուստաընկերությունների հաղորդումները մատչելի են, այն էլ հստակ պատկերով եւ ձայնով, իսկ, օրինակ, 1960 բնակիչ ունեցող սահմանամերձ Պառավաքարում միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրերն են հասանելի:

Ֆինանսապես ոչ բարվոք վիճակում գտնվող պառավաքարցիները (գրեթե բոլոր ընտանիքները) արբանյակային ալեհավաք են տեղադրել: Ադրբեջանցիների՝ Ղազախում տեղադրված հզոր հաղորդիչը շարունակում է ազդել Նոյեմբերյան քաղաքում մետրային 10-րդ ալիքով հեռարձակվող տեղական «Քամուտ» հեռուստաընկերության հաղորդումների վրա: Նոյեմբերյանում, Բարեկամավանում, Բագրատաշենում, Պտղավանում, Դեղձավանում, Դեբեդավանում եւ այլուր եթերում են վրացական մի քանի հեռուստաընկերություններ: Արդեն մի քանի ամիս է, ինչ արբանյակային հեռարձակմամբ գործում է վրացական՝ ռուսալեզու «Պիկ» հեռուստաալիքը: Հակառուսական այդ ալիքը թղթակից ունի նաեւ Հայաստանում: Այս ընթացքում այդ հեռուստաընկերությունը իրադարձությունները լուսաբանում է հիմնականում Վրաստանի շահերի տեսանկյունից: Դրանք հաճախ չեն համընկնում, իսկ որոշ դեպքերում էլ հակոտնյա են մեր ազգային շահերին:

Այս հեռուստաընկերությունը ամեն օր, հաղորդումների ընդմիջումներին, ցուցադրում է վրացական ազգային տարազներ, նաեւ ադրբեջանական ազգային հագուստ: Դեռեւս ոչ մի անգամ հայկական ազգային տարազ չենք տեսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել