Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՐԵՐ ԿԱՆ, ՀՅՈՒՐԱՆՈՑ՝ ՈՉ

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում վստահ են, որ զբոսաշրջությունը կզարգանա, եթե ներդրողները արտոնություններ ունենան:

Խորհրդային տարիներին Էջմիածինը զբոսաշրջային քաղաք էր: Թեեւ ընդամենը մեկ գործող հյուրանոց ուներ, բայց այդ մեկը շուրջ տարին աշխատում էր ողջ ծանրաբեռնվածությամբ: Հյուրանոցը հիմա էլ կա: Ավելի ճիշտ՝ կա շենքը, բայց այն, ինչ մնացել է նախկին հյուրընկալ հաստատությունից, որեւէ աղերս չունի իր երբեմնի կոչման հետ: Հյուրանոցը պակասել է, բայց չեն պակասել Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները: Ի տարբերություն հին եւ բարի ժամանակների, երբ հյուրերից շատերը ժամանակավոր ապրելու վայր էին ընտրում Էջմիածինը, հիմա հյուրերը կանգ են առնում բացառապես մայրաքաղաքի հյուրանոցներում:

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքում մեզ հանդիպած զբոսաշրջիկների հինգ հոգանոց խումբը Իտալիայից էր: Արվեստների ու հատկապես ճարտարապետության հայրենիքից ժամանած հյուրերին, թվում էր, զարմացնելու բան չպետք է ունենայինք: Բայց, պարզվեց, Սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունն այնքան էր կլանել նրանց, որ ամեն սյունի ու կամարի մոտ երկար կանգնում էին ու մանրամասն նայում-ուսումնասիրում: Ասացին, որ յոթ օրով են եկել Հայաստան եւ մտադիր են Գեղարդում, Սեւանում, Տաթեւում ու Դիլիջանում էլ լինել, բայց արդեն երկրորդ օրն է՝ հետաքրքրություններին հագուրդ են տալիս Էջմիածնում: Պատմամշակութային առումով հոգեւոր մայրաքաղաքը նրանց գրավել էր, ինչը, սակայն, բավարար չէր իտալացիների յոթօրյա այցը այստեղ կազմակերպելու համար: Իտալացի հյուրերը չնայած չէին էլ հետաքրքրվել Էջմիածնի հյուրանոցային հնարավորություններով, բայց այն, ինչին առնչվել էին գաստրոնոմիական խնդիրները հոգալիս, մեղմ ասած՝ չէր գրգռել նրանց եվրոպական քիմքը: Երեւանն անհամեմատ ավելի բարվոք պայմաններ է առաջարկում երկիր այցելած հյուրերին, Երեւանի ու Էջմիածնի հեռավորությունն այնքան էլ մեծ չէ՝ հազիվ 20 կմ, որ Էջմիածին այցելող հյուրերը մայրաքաղաքից դուրս գործող հյուրանոց փնտրեն:

Ամեն դեպքում՝ Էջմիածնի հյուրանոց չունենալու փաստը բացասաբար է անդրադառնում առաջին հերթին հենց տեղական բյուջեի վրա: Միայն այն, որ հատկապես ամռանը հոգեւոր մայրաքաղաք այցելող, մոտավոր հաշվարկներով՝ օրական 200-250 զբոսաշրջիկ, կարող էր հենց տեղում սպասարկվելով որոշակի ֆինանսական ներդրում ունենալ ոչ միայն համայնքի, այլեւ տեղացի արտադրողի բյուջեում, արդեն գրավիչ է: Սակայն այսօր քաղաք այցելող հյուրերի «առաքելությունն» ավարտվում է սոսկ պատմամշակութային հուշարձաններ այցելությամբ:

Մայրաքաղաքին մոտ գտնվելն Էջմիածնի համար եւ դրական է, եւ բացասական՝ ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը. «Դրականն այն է, որ երեւանյան աշխատատեղերը հասանելի են էջմիածինցիների համար: Իսկ վատ է, որովհետեւ բիզնեսի տեսակետից արդարացված չէ խոշոր ներդրումներ անելը»: Հյուրանոցային համալիրի կառուցման համար մեծ գումարներ ներդնելը՝ քաղաքապետը ռիսկային է համարում. «Օրինակ, շենքի կառուցման համար, պայմանական ասված՝ 1 միլիոն դոլարի ներդրում անելու դեպքում, Երեւանում եկամտաբերությունը երկու անգամ ավելի է, քան մեզ մոտ: Սա նշանակում է, որ ներդրողին ձեռնտու է այդ 1 միլիոնը ներդնել ոչ թե Էջմիածնում, այլ Երեւանում եւ կրկնակի շահույթ ստանալ»:

Որպեսզի զբոսաշրջության զարգացման իրական հնարավորություններ եւ ներուժ ունեցող մայրաքաղաքամերձ Էջմիածնում էլ լուրջ ներդրումներ արվեն, զբոսաշրջությունը աշխուժանա, քաղաքապետի կարծիքով, ՀՀ կառավարությունը պետք է որոշակի արտոնություններ սահմանի այդ ոլորտում ներդրումներ անողների համար: «Թե որ ուղղությամբ կարվեն արտոնությունները, կառավարությունն ինքը կորոշի: Բայց որ, հենց արտոնությունն է դաշտի կարգավորման շարժիչ ուժը՝ աներկբա է»,- կարծում է Էջմիածնի քաղաքապետը:

Ի տարբերություն օտարերկրյա շարքային հյուրերի, որոնք Էջմիածնում հանգրվանելու տեղ չունեն, եկեղեցին բավականին հարմարավետ պայմաններ է ստեղծել իր հյուրերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել