Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԻԿԻՆ ՅՈՎԱՆՈՎԻՉԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ ԷՐ

Ապրիլ 29,2011 00:00

ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշ խատանքի բյուրոյի 2011թ. ապրիլի 8-ին հրապարակած «Մարդու իրավունքների 2010 թվականի տարեկան զեկույցի» Հայաստանի վերաբերյալ մասում տեղ է գտել հետեւյալ պարբերությունը. «Փետրվարի 10-ին օմբուդսմենը գրություն ուղարկեց գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ փետրվարի 5-ին Երեւանի ոստիկանական բաժանմունքի ձերբակալված անձանց պահելու վայր այցի ժամանակ իր աշխատակիցները բացահայտել են բազմաթիվ գրառումներ, որոնցում նշվում է, որ մարդկանց այդտեղ են բերել բազմաթիվ կապտուկներով, քերծվածքներով ու այլ վնասվածքներով: Oմբուդսմենը տրամադրեց մանրամասներ այդպիսի 10 դեպքերի վերաբերյալ եւ հետաքրքրվում էր, թե գլխավոր դատախազությունն ինչ քայլեր է ձեռնարկել, եթե այդպիսիք եղել են, դրանք հետաքննելու ուղղությամբ: Տարեվերջի դրությամբ օմբուդսմենի նամակին պատկան մարմինների կողմից պատասխան դեռ չէր տրամադրվել»:

«Առավոտի» հարցին, թե, արդյոք, ասվածն ընդունո՞ւմ են իրենք, երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Շահեն Տոնոյանն ասաց. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2010 թ. փետրվարի 10-ի գրության մեջ տեղ գտած տեղեկատվության ստուգումը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարվել է Երեւան քաղաքի դատախազ Հր. Բադալյանին: Երեւան քաղաքի դատախազությունում մանրազնին ստուգվել են բոլոր փաստերը եւ 2010թ. մարտի 3-ին, օրենքով սահմանված ժամկետում, Երեւան քաղաքի դատախազ Հր. Բադալյանը պատասխանել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2010թ. փետրվարի 10-ի գրությանը:

ԱՄՆ պետքարտուղարության «Մարդու իրավունքների 2010 թ. տարեկան զեկույցի» Հայաստանի մասում վերոնշյալ տեղեկատվության անճշտության մասին ՀՀ գլխավոր դատախազը նամակով տեղեկացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել