Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԶ-24»-Ն ԱՎԵԼԻ՞ ԱՊԱՀՈՎ ԷՐ

Ապրիլ 29,2011 00:00

Նախօրեին ՀՀ ոստիկանությունը մի հետաքրքիր տեղեկատվություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 27-ին, ժամը 13.30 սահմաններում Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցում անհայտ անձինք զինված ավազակային հարձակում են գործել ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, դիմել էին փախուստի: Երեկվա դրությամբ հանցագործները դեռ չէին հայտնաբերվել: Ոչ պաշտոնական տվյալներով, մեքենայով տեղափոխվող գումարը կազմել է մոտ 93 միլիոն դրամ:

Այս տեղեկությունը նախ ուշագրավ էր այն առումով, որ այդքան մեծ գումարը տեղափոխվել է ոչ թե ինկասացիայի զրահապատ մեքենայով, այլ՝ սովորական «ԳԱԶ-24» ավտոմեքենայով: Գուցե ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ այդ օրը ավազակային հարձակում է լինելու իրենց աշխատավարձը տեղափոխող ինկասացիայի վրա եւ «ԳԱԶ-24»-ով տեղափոխելը պարզապես քողարկելու տարբերակ է եղել: Իսկ եթե ոչ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է բարձր տեխնոլոգիաների այս դարում, հատկապես ոստիկանության համակարգի համար նախատեսված աշխատավարձը, միանգամից աշխատակիցների քարտային հաշվին փոխանցվելու փոխարեն, շրջել Ծարավ աղբյուրի փողոցում:

Այս առնչությամբ երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական ծառայությունից միայն հայտնեցին, որ գումարի տեղափոխման հանգամանքները պարզելու համար ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել