Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկուսն էլ կարծրատիպեր ունեն

Ապրիլ 29,2011 00:00

Գործատուն էլ, հաշմանդամն էլ պետք է ձերբազատվեն դրանցից

Հայաստանում գրանցված աշխատունակ հաշմանդամ մարդկանց 90%-ից ավելին չի աշխատում եւ բեռ է պետության համար: Երեկ Աշխատանքային իրավունքի միջազգային օրվա առիթով կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց «Ունիսոն» հ/կ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում հաշմանդամների ներուժն ամբողջությամբ օգտագործվում է եւ նրանք ոչ թե նպաստառու են, այլ՝ հարկատու: Ըստ պարոն Ալավերդյանի, հաշմանդամներին աշխատանքի ընդունելու հարցում առայժմ հայ գործարարները կարծրատիպեր ունեն. եւ չնայած կան մի քանի ձեռնարկություններ, որտեղ աշխատում են բավականին մեծ թվով հաշմանդամ մարդիկ, սակայն հաշվի առնելով բիզնեսի ծավալը, պարզ է դառնում, որ նրանց ներգրավվածությունը չնչին է. «Գործատուները մտածում են՝ հաշմանդամ մարդուն աշխատանքի ընդունելը գլխացավանք է, պետք է թեքահարթակ ու սանհանգույց կառուցեն: Պետությունը պետք է երաշխիքներ ստեղծի, որպեսզի գործատուներն ընդունեն նրանց աշխատանքի»: Ա. Ալավերդյանի ներկայացմամբ, «Հաշմանդամների սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծ է մշակվել եւ այս օրերին քննարկվում է հ/կ-ների հետ: Օրինագիծն ընդունելու դեպքում գործարարները, արդեն ուզեն, թե չուզեն՝ որոշակի թվով հաշմանդամ մարդկանց աշխատատեղ պետք է ապահովեն: Ընդ որում, աշխատատեղերի թիվը կախված է լինելու հիմնարկության մեծությունից: Մեր այն հարցին, թե տվյալ օրենքի նախագիծը, բացի աշխատանքով ապահովելուց, էլ ի՞նչ է նախատեսում, պարոն Ալավերդյանը վստահեցրեց, որ պետության կողմից հաշմանդամների համար լսողական սարքեր կամ սայլակներ ձեռք բերելու հարցում կարող են նաեւ հաշմանդամ մարդկանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններն էլ մասնակցություն ունենալ. «Օրինակ, կկարողանանք ասել՝ այդ հսկայական գումարները, որ ծախսում եք տեխնիկա ձեռք բերելու համար, կարելի է այնպես անել, որ որակյալ բան գնեն: Թե չէ՝ պետության գնածը 1 ամիս հետո շարքից դուրս է գալիս: Կամ էլ թիրախային օգտագործեն, ոչ թե շատ բերեն, տան մարդկանց, որոնք իրենց գարաժում են պահելու այդ սայլակները: Նոր օրենքով հաշմանդամ մարդն ավելի մեծ հնարավորոթյուններ կունենա ակտիվ մասնակցել նման գործընթացներին»:

«Ունիսոնի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարիաննա Չալիկյանն էլ վստահեցրեց, որ գործատուները գերադասում են այնպիսի մարդկանց ընդունել աշխատանքի, որոնց հաշմանդամությունը չի երեւում. «Ես չեմ կարծում, որ մեր երկրում արհեստագործի կարիք չկա: Պարզապես գործատուների մոտ կարծրատիպեր կան. մտածում են, որ եթե երիկամ չունի, չի կարող լավ խառատ լինել: Մյուս կողմից էլ հաշմանդամներն էլ կարծրատիպեր ունեն: Նրանք թերահավատորեն են վերաբերվում իրենց իսկ ընդունակություններին: Օրինակ՝ 40 տարեկան հաշմանդամը գալիս է իր մայրիկի հետ: Մայրիկն ասում է՝ իմ բալիկն ուզում է աշխատանք գտնել, բայց այդ բալիկը կարող է ինքնուրույն խոսել, շատ լավ անգլերեն գիտի, չգիտես ինչու՝ նրա փոխարեն մայրիկն է խոսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել