Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ՝ ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Ապրիլ 29,2011 00:00

Նոր Նորքի հանրակացարանների երեխաները ծնված օրվանից խաղում են հարակից գերեզմանատան շիրմաքարերի վրա, քանի որ խաղահրապարակ չունեն:

\"\"

\"\"
Շենքի բակից աղբը անպակաս է:

\"\"
Շենքի բակում գերեզմաններ են:

Պատկերացում կազմելու համար, թե ինչպես են մեր երկրում ապրում աղքատ ընտանիքները, կարելի է այցելել Նոր Նորքի 2–րդ զանգվածի Մոլդովական փողոցում գտնվող 70/1 եւ 70/2 հասցեի հանրակացարանները: Այնտեղ ապրում են 200-ից ավելի բնակիչներ՝ Ադրբեջանից, Աջարիայից, Թուրքիայից, Իրանից ու Իրաքից արտագաղթած փախստականներ, անտուն ընտանիքներ եւ ուսանողներ: Հենց միայն նրանց սոցիալական պայմաններն ու ապրելակերպը տեսնելիս մեր երկրի տնտեսության վերելքների մասին հավաստիացումները ի չիք են դառնում: Մարդիկ ապրում են մի շենքում, որտեղ տարիներ շարունակ վերելակը չի աշխատում, աղբահանությունը շաբաթներով չի կատարվում, ինչն էլ նպաստում է առնետների ու խավարասերների բազմացմանն ու տարածմանը: Շենքի միջանցքների լուսամուտներին բացակայում են ապակիները: Եվ որքան էլ բնակիչներն իրենց ուժերով փորձում են ցելոֆանապատել, միեւնույն է՝ տեղումների ժամանակ ձյունն ու անձրեւը լցվում են ներս: Բաքվից գաղթած 77-ամյա տիկին Գալինան բնակվում է 7-րդ հարկում եւ վերելակի բացակայության պայմաններում՝ մեկ ժամ է տեւում մինչեւ իջնում է ներքեւ: Այս հանրակացարաններին հարակից գերեզմանատունն այնքան մոտ է գտնվում, որ երեխաների համար խաղահրապարակի է վերածվել: Հատկապես որ՝ փոքրիկները ծնված օրվանից իրենց շենքի բակում երբեւէ խաղահրապարակ չեն ունեցել: Նրանք նախկինում հանրակացարանի հետեւի ֆուտբոլի դաշտում էին խաղում, բայց դաշտը վաճառվել է, պարսպապատվել, ու երեխաներն այլեւս խաղալու տեղ չունեն: Այս շենքի մեծահասակները եւս իրենց հանգիստը կազմակերպելու համար «օգտվում» են գեզմանատան տարածքից՝ հավաքվելով ու նստելով շիրմաքարերին կից նստարաններին: Մեր այցելության պահին նույնպես մի քանի տարեց կին նստած էին գերեզմանատանը, այնպես՝ ինչպես կնստեին սեփական այգում, ու զրուցում էին: «Առավոտի» հետ զրույցում նրանք ասացին, որ այդ կարգավիճակին այնքան են վարժվել, որ որեւէ անսովոր բան չեն տեսնում: Փոխարենը այդ ամենի համար խիստ մտահոգված է հանրակացարանի բնակիչ, մանկավարժ Ալեքսան Գոմցյանը: Նրա կարծիքով, շիրմաքարերի վրա խաղալն ու դրանց կարեւորությունը չգիտակցելը՝ շատ բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեկան եւ մտավոր զարգացման վրա: Պարոն Գոմցյանի խոսքերով, առանց այդ էլ փախստականի կարգավիճակում լինելը շատ դաժան է եւ հոգսաշատ:

«Երկու սղարանն ինչ է, որ չեն դնում էս երեխեքը խաղան»,- վրդովված ասաց տիկին Ժաննան: Բնակիչների խոսքերով, գերեզմանատան մոտ գտնվելու փաստից նեղվում են հատկապես ամռանը, երբ շրջակայքում անտանելի հոտ է տարածվում: Նրանց ներկայացմամբ, երկրի ու ժողովրդի համար պատասխանատուներին իրենք բազմիցս դիմումներ են գրել ու ներկայացրել իրենց անմարդկային պայմանները, բայց ոչինչ չի փոխվել. «Երեւի մտածում են՝ տեղ է, էլի, տվել ենք՝ ապրեք»:

Երբ բնակիչների բողոքը փոխանցեցինք «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մուրադ Մեժլումյանին, նա փորձեց հնարավորինս մեղմացնել նրանց խնդիրները, ասելով, որ աղբահանությունը պարբերաբար կատարվում է, իսկ վերելակն էլ չի շահագործվում պարտքերի պատճառով: Նրա խոսքերով. «Խնդիրները բազմաթիվ են, առաջին հերթին վերելակի վերաշահագործման անհրաժեշտություն կա, 1-ին եւ 2-րդ մասնաշենքերը միացնող աստիճանավանդակը կարգի բերելու, լուսամուտներին ապակիներ գցելու, քանի որ դրանք, ցրտից բացի, նաեւ վտանգավոր են: Այս խնդիրները աշխատատար եւ նյութատար են, ինչը առայժմ չենք կարող լուծել»: Տնօրենի խոսքերով, Երեւանի հազարից ավելի փախստականներ դեռ կարոտ են անգամ նման մեկ սենյակի. «Էստեղ կարելի է հանգիստ, ես կասեի՝ լավ վիճակում ապրել: Այլ բան է, որ բոլորի պահանջները հնարավոր չէ միանգամից բավարարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել