Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կցանկանայինք տեսնել ավելի մեծ առաջընթաց»

Ապրիլ 29,2011 00:00

Հատված ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի «Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցից:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլը: Ո՞րն է հիմնական ձեռքբերումը, եւ ո՞ր ոլորտները հետագա ակտիվացման կարիք ունեն:

– 2009թ. մայիսին «Արեւելյան գործընկերության» իրականացման մեկնարկով պայմանավորված՝ Հայաստանի հետ ԵՄ-ի հարաբերությունները նոր մակարդակի դուրս եկան: Այժմ մենք ձգտում ենք իրավական նոր հիմք հաղորդել մեր հարաբերություններին՝ Ասոցացման մասին համաձայնագրի միջոցով: Խորը եւ համակողմանի ազատ առեւտրի գոտու ստեղծումը Հայաստանին թույլ կտա աստիճանաբար մտնել ԵՄ ներքին շուկա, ուժեղ ազդակ հաղորդել առեւտրին եւ ներդրումներին, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանում ավելի եռանդուն տնտեսական աճին:

Մենք զգալիորեն ընդլայնել ենք ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը Հայաստանին, որը 2011-2013թթ. կհասնի 157 մլն-ի: Այդ գումարը չի ներառում այն 100 մլն մակրոտնտեսական օգնությունը, որի մասին մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման հարցում Հայաստանին աջակցելու նպատակով:

Մենք շարունակելու ենք նաեւ մարդկանց տեղաշարժման հնարավորությունների զարգացման եւ միգրացիայի հարցերով ծրագրերը. դրանք այն կարեւոր խնդիրներն են, որոնք պահանջում են սեւեռուն քաղաքական ուշադրություն:

Մենք գոհունակությամբ նշում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը տնտեսական բարեփոխումների շարունակմանը, ինչը հաստատվել է վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում: Սակայն, ընդհանուր առմամբ, մենք կցանկանայինք տեսնել ավելի մեծ առաջընթաց մի շարք հարցերի շուրջ:

Միջուկային անվտանգության բարելավումը, հաշվի առնելով Ճապոնիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ հարցերից մեկն է, եւ հուսով ենք, որ կկարողանանք զարգացնել համագործակցությունն այդ ուղղությամբ: Մենք ցանկանում ենք նաեւ, որպեսզի Հայաստանն ավելի հավակնոտ լինի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատությունների ամրապնդման, ինչպես նաեւ ԶԼՄ-ների բազմակարծության ամրապնդման հարցերում: Ակնհայտ է, որ այդ ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան: Քաղաքական եւ տնտեսական ոլորտներում առավել մրցունակ միջավայրի ապահովումն օգտակար կլինի Հայաստանի կայունության եւ բարգավաճման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել