Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ՞ ԼԵԶՈՒ ՊԻՏԻ ԻՄԱՆԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ

Ապրիլ 29,2011 00:00

Նրանցից ոմանք գիտեն միայն փողի լեզուն

\"\"

Հայաստանի «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունը երեկ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետ համատեղ հրավիրել էր «կլոր սեղան»՝ «Սպայի նկարագրի առանձնահատկությունների ձեւավորմանը բանակում եւ հասարակության մեջ» թեմայով: Քննարկմանը չմասնակցեցին պաշտպանության նախարարն ու նրա տեղակալները: 46 հրավիրյալներից 12-ը գնդապետներ էին, 2-ը՝ գեներալ-մայոր:

ԵՊՀ եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորները նույնպես հրավիրվել էին, սակայն նրանք, ինչպես եւ իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարկ չէին համարել ներկա գտնվել: «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը կոչ արեց բացախոսության, սակայն երբ իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը օգտվեց այդ առաջարկից, արժանացավ զինվորականների քննադատությանը:

Ստեփան Դանիելյանն ասաց, որ ուշադրության են արժանի հրամանատարական կազմի պահվածքը, ապրելակերպը, բիզնեսը: Նա ասաց, որ բանակը ընկալվում է որպես հարստացած գեներալների բիզնեսի աղբյուր, եւ մեր բանակի թերություններից է նաեւ այն, որ մեր սպաների կրթական ցենզը ցածր է: Արդյունքում, ըստ նրա, «առաջ են գնում այն սպաները, որոնք ունեն կասկածելի կապեր»: Ըստ ելույթ ունեցողի, անարդարությունն ու անվստահությունն առաջանում են դրանից: Նա ասաց, որ զինվորը տեսնում է ամեն ինչ, եւ ինքը՝ իրավապաշտպանը, գիտի զինվորների, որոնք ծառայությունից հետո լքել են Հայաստանը:

Ըստ Մանկավարժական համալսարանի դասախոս Կամո Վարդանյանի՝ այսօրվա սպան լիդեր է, եւ նրան ընդօրինակում են զինվորները: Նա ասաց, որ ուսումնասիրել է բանակում ինքնասպանությունների դեպքերը. «Այն զորամասում, որտեղ կա զբաղվածություն, այնտեղ դեպքերը բացակայում են: Սպան պետք է կազմակերպի զինվորի առօրյան»:

ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի կարծիքով, սպան պետք է լինի իրազեկված, պետք է պայքարի իր իրավունքները փաստացի պաշտպանելու համար: Նա նկատեց, որ բանակում կատարվող դեպքերը հետեւանք են «մարդասիրական արժեքների բացակայության»: Իր ուսումնասիրություն-ելույթում Գ. Հարությունյանը մի ուշագրավ դիտարկում արեց. մեր զինվորները նամակներ, դիմումներ, բողոքներ չեն գրում, նրանց փոխարեն այդ մասին բարձրաձայնում են նրանց ծնողները:

Երբ խոսք գնաց սպայի ինքնակրթման, լեզուներ իմանալու մասին, գնդապետներից մեկը հարց տվեց. «Ավարայրի ժամանակ Վարդան Մամիկոնյանը քանի՞ լեզու գիտեր»: Սակայն քննարկմանը զորավար Մամիկոնյանի ներկայացուցիչներ չկային, ուստի այդ հարցը մնաց անպատասխան: Զինվորականներն իրենց հերթին դժգոհ էին բանակի դեմ հարձակումներից, «թերթային զազրախոսություններից» եւ նշում էին, որ երկրի անկախացումից հետո բանակը միակ կայացած պետական կառույցներից է: Նրանցից մեկն անգամ նկատեց. «Գեներալ Մանվելից ձերբազատվեցիք, հիմա ումի՞ց եք ուզում ձերբազատվել»:

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բանակում սոցիոլոգները, հոգեբանները, տեսաբանները բացակայում են: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, նա ասաց. «Այն, որ գրում են, եկեք ուշադրություն չդարձնենք, եթե դրանք չարախոսություններ են: Սակայն կան բաներ, որոնք նախարարին չեն զեկուցվում: Նախարարությունն ավելի քիչ տեղեկություն ունի, քան ծնողները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել