Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ՍՐՏԻՑ ՀԵՌՈՒ

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Ամիսը վերջ ունի, հաջորդ ամիսը՝ սկիզբ: Օրերը հեռանում են՝ իրենց հետ տանելով մեր կյանքը, եւ թվում է, թե անցածը արդեն չկա եւ մեզ հետ չէ այլեւս: Այնինչ՝ մեր կեսգիշերային մենության մեջ թվացյալ մոռացված օրերը հետ են վերադառնում, ամիսներն ու տարիները նույնպես հետ են վերադառնում եւ հրահրում, բողոքում են ու տեղահանում սիրտդ ու հոգիդ: Եվ դու հստակ տեսնում ես, որ ոչինչ էլ չի անցել, ամեն ինչ քեզ հետ է, եւ ինչ որ ապրել ես՝ դու ես: Եվ եթե դու ինքդ ես, քո ապրած կյանքի ներդաշնակությանը հետեւելով՝ հասկանում ես, որ ամեն ինչ, իհարկե, անցնում է, բայց սարսափելին այն է, որ ամեն ինչ չէ, որ մոռացվում է:

Ու գիշերվա լռության մեջ ինքդ քեզ անձայն ասում ես՝ ախր, չէ՞ որ ես վկայող եմ: Եվ նույն վկայողը անհոդաբաշխ համառությամբ շարունակում է խոսել քեզ հետ եւ ասում է.

Հիշո՞ւմ ես, ընդամենը երեկ հոսում էր ցեղիդ գետը՝ ծաղիկները ձեռքին՝ դեպի հուշարձանը նահատակների: Հիշո՞ւմ ես նաեւ, թե ինչպես քո սփյուռքահայ հայրենակից գրող ընկերդ ասաց քեզ.

Ես հայրենիք չունեմ, իմ հայրենիքը սփյուռքն է, եւ դու վիրավորվեցիր: Բայց լռությամբ ներեցիր իրեն, եւ այդ պահին դարձյալ քո ներսում ավելի ամրացար քո դժվար ապրող երկրի հողին, որը մարդկության օրորոցն է: Քանզի իմ սփյուռքահայ գրող ընկերը, իր դրսերի իմացությամբ հանդերձ, չգիտեր, սակայն, որ ուր ինքը ուզում էր գնալ, մենք այնտեղից վաղուց արդեն վերադառնում էինք: Պարզապես խնդիրը տեղ հասնելն էր: Եվ իմ ընկերը, ափսոս, չգիտեր, որ տեղ հասնելը վերջն է, իսկ վերջը մահն է: Այնինչ Աստծո արցունքի մեր երկիրը հավերժության ճամփորդ է, որ շատ անգամ է տեղ հասել: Փնտրել-գտել ու շարունակել է փնտրել: Եվ կորոնի այնքան, մինչեւ հասնի բարձրագույն արդարությանը…

Ականջդ կանչի, Ֆյոդր Դոստոեւսկի, որ ասում էիր, թե թուրքը քաջ է ոչխարի դեմ, իսկ քաջի դեմ՝ ոչխար: Իմ գրող ընկեր, մեղավորը դու չես, որ սփյուռքը քեզ հայրենիք ես անվանում: Թերեւս, լավ չգիտես նաեւ, որ քո հին Ղարաբաղ հայրենիքում մի բուռ տղաներով ջախջախեցին թուրքերին եւ տեր ու տնօրեն դարձան քո եւ իմ հափշտակված հայրենիքին: Ինչեւէ, ընկեր, վաղը իմ այս գիշերային տագնապները կտպվեն թերթում, եւ եթե դու կարդաս, հուսամ՝ կհասկանաս ինձ: Ուզում եմ իմանաս նաեւ, որ բոլորովին վերջերս մեր հանրապետության նախագահը, հայրենացավն իր մեջ, ձեռք մեկնեց մեր ընդդիմությանը՝ վեր կանգնելով երկրորդական վեճերից՝ հանուն մեր պետության ու հայրենիքի, որը քո եւ իմ հայրենիքն է: Հանուն նրա նաեւ, որ դու շուտ-շուտ այցելես քո նախնյաց երկիր, եւ մենք հաճախ հանդիպենք, քանի որ եթե աչքից հեռու ենք, սրտից էլ հեռու կլինենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել