Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարքսիստի նամակը՝ ռուսաց թագավորին

Ապրիլ 29,2011 00:00

Դավիթ Հակոբյանը մտահոգված է նաեւ ՀԱԿ-ի ճակատագրով

\"\"«Դուք ձեր բազմաչարչար աշխատանքով, Ձեր խիզախությամբ եւ իմաստնությամբ դարձաք հզոր եւ հայրենասեր արքաներ Իվան Ահեղի, Պյոտր Մեծի, կայսրուհի Եկատերինայի եւ Իոսիֆ Ստալինի արժանի հետնորդը: Ձեր համարձակ, արդար, լուսավոր, խելամիտ կառավարման կարճ ժամանակահատվածում Դուք կարողացաք վերամարմնավորել մեծ Ռուսիան, վերակենդանացնել նրա նախկին փառքը՝ որպես համաշխարհային քաղաքակրթության ջահակիր: 2012 թվականին անկեղծորեն ցանկանում ենք Ձեր երկրորդ հաղթական վերադարձը ռուսական գահին»,- սա մի հատված է նամակից, որը «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին եւ ողջ ռուս ժողովրդին՝ «Բիբլիական Արարատի բարձունքներից» իր, իր կուսակիցների եւ ողջ հայ ժողովրդի անունից հղել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ շնորհավորելով Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 66-րդ տարեդարձի առիթով: Երեկ «Առավոտի» հետ զրույցում այս ամենի մասին ամենայն հպարտությամբ եւ հրճվանքով պատմում էր Դավիթ Հակոբյանը: Ի դեպ, նամակի տակ ստորագրված է՝ «Հայկական Միրաբո»: Հուսանք, որ մարքսիստի ջանքերն ապարդյուն չեն անցնի. Պուտինը կընթերցի ու մեծ հիացմունք կապրի այն մտքից, թե ինչքա՜ն են իրենով հիացած հայկական տարբեր տրամաչափի գործիչները:

Սակայն մարքսիստին միայն ռուսական «ցարը» չէ, որ հուզում է: Երեկ նա «Առավոտին» բաշխեց նաեւ ներքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականները: Մասնավորաբար, անդրադառնալով նախորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընդդիմությանն ընդառաջ գնալու մասին հայտարարություններին եւ այն հանգամանքին, որ երեկվա հանրահավաքից առաջ էլ մարզերից Երեւան եկող ճանապարհները փակ էին, իսկ ընդդիմության ակտիվիստները դարձյալ ոստիկանության, մեղմ ասած, ուշադրության կենտրոնում էին, իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել էր թե՝ «նախագահ Սերժ Սարգսյանի բարեփոխումներն ու քաղաքականությունը պայմանավորված չեն այս կամ այն ընդդիմադիր ճակատից հնչող պահանջներով կամ հայտարարություններով: Երկրում կատարվող բարեփոխումները բխում են ՀՀԿ-ի եւ երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի տրամաբանությունից», մարքսիստն ասաց. «ՀԱԿ-ի ՀՀՇ-ական ընդդիմությունը պետք է քաջ գիտակցի, որ քաղաքական դիալոգի բոլոր կամուրջներն այրված են, եւ երկխոսության մոտիվներով անդրկուլիսյան բանակցությունների ձեւով շախմատային պարտիաներ իրականացնելը հանուն նրա, թե ապագա պառլամենտում մի տասնյակ տեղ կհատկացվի ՀՀՇ-ին՝ կատարյալ մանկամտություն է: Ինքնահուսախաբություն: Ընդդիմությունը, եթե իրեն համարում է իսկապես գաղափարական լիբերալ ընդդիմություն, ոչ թե խռովյալ հոգիների խառնամբոխ՝ իր խառնամբոխական տենչանքով տոգորված, պետք է ունենա միայն մեկ կարգախոս՝ արցախյան վիկինգների քաղաքական դինաստիայի անվերապահ կապիտուլյացիա: Այլ կարգախոս ժողովուրդը չի ընդունում»: Ավելին, մարքսիստը համոզված է, որ եթե ընդդիմությունը գնա որեւէ զիջման, որեւէ խնդրանքի՝ հատկապես քաղբանտարկյալների, Ազատության հրապարակի վերանվաճման եւ մարտի 1-ի նոր «ռազբորկաներ» պահանջելու մոտիվներով, «դատապարտված է վերջնական տապալման: Ինքը կդառնա իր քաղաքական գերեզմանափորը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել