Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ-ՀԻՄԱ՞, ԹԵ՞ ՀԵՏՈ-ՀԵՏՈ

Ապրիլ 29,2011 00:00

ՀԱԿ-ը կշարունակի պայքարը մինչեւ հաջորդ հանրահավաք, որը տեղի կունենա մայիսի 31-ին, եւ որին, ըստ ամենայնի, ելույթ կունենան ազատ արձակված քաղբանտարկյալները:

\"\"

Ինչպես եւ սպասվում էր, Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը անցավ առանց ավելորդ կրքերի, հանգիստ մթնոլորտում, ինչին, անշուշտ, նպաստել էին իշխանության վերջին քայլերը: «Ջրբաժան» բառը գործածվեց միայն մեկ անգամ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից (ելույթը կարդացեք 9-րդ էջում)։ Հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, թե այսուհետ ներկա-բացակա են անելու, եւ խնդրեց, որ ուշացողներ չլինեն. «Մինչեւ դուք գալիս եք, մենք կիսաջան ենք լինում»,- բողոքեց ՀՀՇ առաջնորդը: Հայտարարվեց նաեւ, թե որոշ ճանապարհներ փակ են, եւ մարդկանց չեն թողնում հասնել մայրաքաղաք: Արամ Մանուկյանի կարծիքով՝ «այսօր ՀԱԿ-ը՝ ընդդիմությունը, թելադրում է քաղաքական օրակարգ, այսօր իշխանությունը հաշվի է նստում եւ իր ամբողջ գործունեությունը իրականացնում է՝ հաշվի առնելով ձեր կամքը, ընդդիմության կազմակերպվածությունը, գրագիտությունը, համառությունը»:

Հանրահավաքի առաջին ելույթի իրավունքը տրվեց «մեր սիրելի Թորիկին»՝ դերասան Աշոտ Ադամյանին, ով հայտարարեց, թե ընդդիմությունը կանգնել է, որպեսզի պառակտված երկրում պառակտվածությունը այլեւս վերանա. «Առանց երկիրը ավելորդ ցնցումների ենթարկելու մենք պահանջում ենք շուտափույթ խոսել իշխանափոխության մասին»:

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, մինչեւ վերջերս ազատազրկված Սամսոն Խաչատրյանը թեպետ գրավոր ելույթ ուներ, բայց որոշեց չկարդալ եւ խոսեց առանց թղթի՝ հայտարարելով. «Թուլիսվելու վախտը գալու ա, միեւնույն ա, թուլիսվիլ տենք»:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր հերթական տնտեսագիտական վերլուծությունները ներկայացնելով՝ ասաց. «Իշխանությունը ինքը տեսնում է, որ տնտեսական վիճակը որեւէ կերպ շտկել չի լինում, երեւի ուզում են մի քիչ շտկել, զգում են, որ բանը բանից անցել է, փող չունեն բյուջետային ծախսեր կատարելու»: Հետո զայրացավ կոալիցիոն ուժերից մեկի մի հայտարարության առիթով. «Հայտարարում է, ասում է՝ օրենսդրական նախաձեռնություն ենք ցուցաբերել մանր ու միջին ձեռնարկությունները խրախուսելու, հըլը տեսեք՝ օրինացն ա ասում: Մեզ բոլորիս դրել են ապուշի տեղ, խաղում են, ուզում են, իբր թե, երկխոսության լեզվով մեզ քաշեն ճահիճը: Դա չի լինելու»: Նախկին վարչապետը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին համբերության համար, բայց եւ զգուշացրեց. «Շատ համբերելու տեղ չունենք, մենք կներքաշվենք ճահճի մեջ, մեզ պետք է իշխանափոխություն»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ականատես են շատ սրընթաց զարգացումների. «Մեծ խելքի տեր պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ շարժման այս ձեռքբերումներից հետո շատ իրական է դառնում մեր գլխավոր նպատակների իրականացումը, ավազակապետության ապամոնտաժման եւ ժողովրդավարական բարեկեցիկ երկիր ստեղծելու մեր ծրագիրը մնում է նույնը, եւ մենք պահանջում ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ դրանց միջոցով լեգիտիմ, ժողովրդի առջեւ հաշվետու, կոռուպցիայից զերծ իշխանության ձեւավորում, ինչպես նաեւ համակարգային փոփոխություններ»: Ըստ ՀԱԿ համակարգողի, Հայաստանում թավշյա հեղափոխություն է սկսվել:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց մարտավարությունը հստակ արդյունքներ է տալիս. «Ոչ մեկը մեզ որեւէ նվեր չի տալիս, էդ դուք եք ձեր ներկայությամբ պարտադրում, պահանջում, որ այն, ինչ մենք ուզում ենք, ի կատար ածվի»: Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ կա մեկ տարբերակ՝ խաղաղ եւ քաղաքակիրթ ճանապարհով լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները. «Այս իրավիճակից դուրս գալու ելքը մեր համախմբվածությամբ եւ համբերությամբ իշխանությանը պարտադրելու, դրանով իսկ երկիշխանության տարրեր ձեւավորելով՝ միապետությունը ժողովրդավարության վերածելն է: Հակառակ դեպքում՝ ուզում ենք մենք, թե ոչ, ուզում է իշխանությունը, թե ոչ, հեղափոխությունն անխուսափելի է, որովհետեւ աշխարհն ու 21-րդ դարն է այդպիսին: Բարեբախտաբար, իշխանության վերջին շրջանի պահվածքը ցույց է տալիս, որ նրանք էս հասկացել են, որ իրենց նախորդի նման արյունով, պարտադրանքով, ամեն գնով իշխանությունը պահելը անեծք ու դժբախտություն է: Համենայնդեպս, ես շատ կուզենայի, որ գործող նախագահը դա հասկանար, որովհետեւ իմ եղբայր ու նաեւ իր ասելով, իր ընկեր Վազգենը ասում էր. «Կան հարցեր, որոնք միայն ազգովի է հնարավոր լուծել, հակառակ դեպքում՝ առանձին-առանձին կկորցնես Հայաստանը: Հետեւաբար համբերություն, իմաստնություն ու Աստծո օրհնությունը մեզ բոլորիս»:

Վերջում հանրահավաքի մասնակիցները ավանդական երթ անցկացրին, որի ընթացքում մեկ-երկու տեղ ոստիկանների հետ միջադեպեր տեղի ունեցան, բայց առանց լուրջ հետեւանքների:

Հանրահավաքի եւ երթի ավարտից հետո մի խումբ մասնակիցներ նստելով Ազատության հրապարակի հարթակի աստիճաններին՝ պահանջում էին նստացույց անել եւ վրաններ դնել: Սակայն ՀԱԿ-ի ղեկավարները հորդորեցին դա չանել, եւ մասնակիցները ի վերջո գնացին իրենց տները:

Հ. Գ. Ժամը 22.00-ին կրկին վերադարձա հրապարակ: Միտինգավորներ չկային, սակայն մեր ազատության խորհրդանիշը իսկական աղբանոց էր հիշեցնում՝ թղթեր, թերթեր, տոպրակներ, արեւածաղկի սերմ, շշեր եւ այլն: Կարծում եմ, որ վատ չէր լինի, եթե «հիմա» վանկարկող երիտասարդները իրենց էներգիան օգտագործեին նաեւ հանրահավաքից հետո հրապարակը տեսքի բերելու վրա: Հավանաբար, այս հարցում էլ ՀԱԿ-ը եւ քաղաքապետարանը պետք է կառուցողական երկխոսություն սկսեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել