Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԻԿ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԸՆԴՎԶԵԼ

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Նրանց համար ՀԱԿ համակարգողի՝ թավշյա հեղափոխությունը սկսված լինելու մասին հայտարարությունները համոզիչ չեն եղել:

Երեկ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, որը նախապես հայտարարվածի համաձայն, կա՛մ իշխանություն-ՀԱԿ երկխոսության մեկնարկի, կա՛մ «ջրբաժանի օր» պիտի լիներ, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե Հայաստանում թավշյա հեղափոխություն է սկսվել, ու նաեւ hամոզմունք հայտնեց, թե դրա վկայությունն է այն, որ եռամյա բռնաճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ստիպված եղան գիտակցել, որ չեն կարող հաշվի չառնել ՀԱԿ-ին. «Այսինքն՝ ժողովուրդն անմիջապես իր ձեռքն է վերցնում երկրում ներքաղաքական գործընթացների կառավարումը», եւ «բոլորն ականատես են իրադարձությունների արագ զարգացման»: Թերեւս ակնհայտ էր, որ այս հայտարարությունն, իհարկե, ուղղված էր հանրահավաքին ներկա վճռական քայլերի տրամադրվածությամբ քաղաքացիներին եթե ոչ մոլորեցնելու, ապա ոգեւորելու համար:

Այդուհանդերձ, երեկ «Առավոտի» հետ զրույցում Կոնգրեսի հանրահավաքի արդյունքներին անդրադառնալով, որոնք, ի դեպ, «ջրբաժանի օր» չդարձան, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ընդգծված սարկազմով ասաց, թե «մենք արդեն մի քանի ժամ է՝ ապրում ենք թավշա հեղափոխության պայմաններում, որովհետեւ ապրիլի 28-ի ժամը 19-ից հետո հայտնի է դարձել, որ երկրում թավշյա հեղափոխություն է սկսվել», ու, մեր հարցին ի պատասխան, հավելեց, որ ինքն անձամբ չի զգում այդ թավշյա հեղափոխության շունչն ու մթնոլորտը: «Եթե դա է հեղափոխությունը, ապա կա՛մ ես ինչ-որ բան չեմ հասկանում հեղափոխությունից, կա՛մ մարդիկ, ովքեր դա հայտարարում են, գիտեն ավելին, քան ես գիտեմ, եւ մենք տարբեր կերպ ենք տեսնում այս աշխարհը»,- հայտարարեց Խզմալյանը: Մեր հարցին, թե՝ միգուցե «թավշյա» բա՞ռն է Խզմալյանին թյուրիմացության մեջ գցել, վերջինս պատասխանեց. «Միգուցե: Եվ միգուցե այսուհետեւ մենք ոչ թե «թղթե շերեփի» մասին պետք է խոսենք, այլ «թավշյա շերեփի»: Այդ իմաստով մենք փաստորեն պատմական պահի ներկա եղանք: Տեսնենք, թե «թավշյա շերեփո՛վ» ի՞նչ ճաշ կուտենք»:

Իսկ «Սարդարապատ» շարժումը փորձելո՞ւ է, ՀԱԿ-ին քննադատելուց զատ, ինքը որոշակի քայլեր ձեռնարկել իր նախընտրած մարտավարության ուղղությամբ: «Անպայման կանենք, բայց, կարծում եմ, դա՝ արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,- հավաստիացրեց շարժման ներկայացուցիչը:

Կոնգրեսի երեկվա հանրահավաքի ավարտից հետո, երբ Տեր-Պետրոսյանն արդեն ներկաներին «բարի երթ» էր մաղթել, Ազատության հրապարակում եղել էին նաեւ ընդվզողներ, որոնք առաջարկել ու ցանկություն էին հայտնել հրապարակում նստացույց սկսել: Կոնգրեսականները նրանց մի կերպ էին համոզել տուն գնալ, իսկ Զուրաբյանն անգամ հայտարարել էր, թե հաջորդ հանրահավաքին, եթե ինչ-որ բան այնպես չլինի, ինքն այդ մարդկանց հետ նստացույց կանի:

Ըստ lragir.am-ի, հանրահավաքի մասնակից մի քանի հարյուր մարդ, որոնք դժգոհել են Տեր-Պետրոսյանի ելույթի այն մասից, որով փաստացի իշխանությանը տրված պահանջների կատարման ժամկետը երկարացվում է մինչեւ մայիսի վերջ, երթի չեն գնացել ու մնացել են հրապարակում: Նրանցից մեկը ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանն է եղել: «Առավոտի» հետ զրույցում տիկին Թադեւոսյանը հետեւյալն ասաց. «Խնդիրն այն է, որ մենք մեր առաջնորդին, իհարկե, հավատում, միանշանակ վստահում ենք, բայց ժողովուրդն այլեւս չի համբերում, ուզում է հնարավորինս շուտ այս իշխանություններից ազատվել: Հետեւաբար, հաճախ նաեւ, ինչպես հիշում եք՝ իր ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանն էլ ասաց, որ կգա մի օր, երբ ժողովուրդը չի լսի ո՛չ Կոնգրեսին, ո՛չ իր խոսքը, այլ կարող է որոշել եւ իր քայլերն անել: Ժամանակն արդեն գնում է, ու ժողովրդի համբերությունն էլ արդեն հատում է: Ի վերջո, կգա այն օրը, որ ժողովուրդը չի լսի ու չի ուզի, որ իրեն առաջնորդի Կոնգրեսը: Ժողովուրդն իրականում արդեն հոգնել է ու սպասում է կտրուկ քայլերի: Ապրիլի 28-ը ջրբաժանի օր էր, բայց մենք, ամեն դեպքում, հավատում ենք մեր նախագահին: Հիմա ամեն ինչ լավ է: Մենք հետո զրուցեցինք, հասկացանք»: Զ. Թադեւոսյանն էլ փաստեց, որ կար դժգոհ զանգված, «որն ուզում էր նստացույց անել, գործողություններ»: Նա հերքեց, թե հրապարակում վրաններ տեղադրելու առաջարկ էլ է եղել: Իսկ ինքն անձամբ կողմնակի՞ց էր հրապարակում նստացույց անելու առաջարկներին: «Ես էլ եմ գտնում, որ պետք է: Եթե ասում ենք՝ գալու է ջրբաժանի օրը, եկել էր ջրբաժանի օրը, եւ այդ ջրբաժանը կուզեինք բոլորս, որովհետեւ իմ ցանկությունը ոչ թե քմահաճույք էր, այլ գիտակցում, որ յուրաքանչյուր օր մեր երկիրն ինչ կորուստներ է կրում: Եթե օրական 200 մարդ լքում է հայրենիքը, եթե օրական 200 մլն դոլար մեզնից թալանում են այս իշխանությունները, ուրեմն՝ յուրաքանչյուր օրվա վնասները պետք է հաշվի առնել եւ առաջնորդվել այդ վնասները կանխելու տրամաբանությամբ»,- փաստեց տիկին Թադեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել