Լրահոս
Օրվա լրահոսը

Վտարված ասմունքը վերադառնում է

Ապրիլ 28,2011 00:00

Օրերս Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում գրական-երաժշտական երեկո էր: Բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Հերմինե Պետրոսյանը կարդաց մեր մեծերի՝ Սայաթ-Նովայի, Իսահակյանի, Չարենցի, Շիրազի, Սեւակի, ինչպես նաեւ ժամանակակից գրողների՝ Ռազմիկ Դավոյանի, Վահրամ Ալեքսանյանի եւ այլոց բանաստեղծական գոհարներից: Չնայած երիտասարդ տարիքին՝ Հերմինեն արդեն ունի իր սանը, ով նույնպես ասմունքեց: Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դպրոցի աշակերտուհի Մանուշակ Հովհաննիսյանը ուսանել է Հերմինեի մոտ: Հիշեցնեմ, որ 14-ամյա աղջնակը հաղթող է ճանաչվել Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված ասմունքի հանրապետական մրցույթում: Հերմինե Պետրոսյանը երախտագիտությամբ հիշեց իր ուսուցչին՝ երջանկահիշատակ Բաբկեն Ներսիսյանին: Ի դեպ, դահլիճում էր վարպետի որդին՝ Տիգրան Ներսիսյանը: Պոեզիայի երեկոյին ներկա էին նաեւ վաստակաշատ արվեստագետներ Սասուն Պասկեւիչյանը, Գուժ Մանուկյանը, Լեւոն Բլբուլյանը եւ այլք: Նրանք փաստեցին, որ մեր կյանքից վտարված ասմունքը կրկին վերադառնում է, վերադառնում է Հերմինեի ու այսպիսի գեղեցիկ գրական հանդիսությունների շնորհիվ:
Հերմինեն բազմաթիվ բարեգործական համերգներ է ունեցել հանրապետության բոլոր մանկատներում, քրեակատարողական հիմնարկներում, ծերանոցներում, շուրջ 70 մարզային դպրոցներում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ շարունակելու է այդ «արշավը» եւ շուտով պոեզիայի բացօթյա երեկոներ կունենա հանրապետության գյուղերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել