«Շիրակն» անակնկալ մատուցեց
Երեկ «Շիրակը» իսկական անակնկալ մատուցեց թե իր երկրպագուներին, թե ընդհանուր առմամբ՝ հայ ֆուտբոլասերներին: Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում գյումրեցի ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ «Հրազդան» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ուլիսին» (առաջին խաղում երեւանցիներն առավելության էին հասել 1:0 հաշվով) եւ վճռորոշ խաղում պատվավոր մրցանակը «Միկայի» հետ վիճարկելու իրավունք նվաճեց:
U17-ի առաջին հաղթանակը
Աստանայում շարունակվող ֆուտբոլի «Ղազախստանի նախագահի գավաթի» խաղարկությունում, որին մասնակցում են մինչեւ տարբեր երկրների 17 տարեկանների հավաքականները, մեր տղաները խմբային պայքարի երկրորդ տուրում երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Ուկրաինայի իրենց հասակակիցների դարպասը եւ մրցաշարային աղյուսակում վերջին տեղից բարձրացան երկրորդ հորիզոնական: Ճիշտ է, խմբի բոլոր չորս հավաքականներն էլ՝ Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, իրենց հաշվարկում գրանցել են 3-ական միավոր:
Վաղը մարզիչ Սուրեն Չախալյանի սաները վերջին հանդիպումն անցկացնելու են Թուրքիայի հետ:
Հակառակ ուղղություններով
Երեկ երեկոյան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Իրան, որտեղ մեկնարկելու է այս տարիքային խմբի «Martis Cup» միջազգային ավանդական մրցաշարը: Երիտասարդականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հավաքական ընդգրկել է ընդհանուր առմամբ 13 մարզիկ, որոնք հիմնականում, բացի ծանր քաշային կարգից, Հայաստանի առաջնությունում երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկներ են: Նրա փոխանցմամբ, հանրապետության չեմպիոնները հանդես են գալու Թուրքիայում կայանալիք կարգով ավելի բարձր մրցաշարում: «Մենք՝ մարզիչներս, ֆեդերացիայի հետ համատեղ որոշել ենք ներքին առաջնություններում իրենց լավ դրսեւորած, սակայն չեմպիոն չդարձած ըմբիշներին այսուհետեւ միջազգային ասպարեզներում իրենց դրսեւորելու եւ մրցափորձ կուտակելու ավելի շատ հնարավորություն տալ, առանց որի՝ երիտասարդների առաջընթաց չի լինի: Իրան մեկնող տղաների մեջ կան այնպիսիք, որոնք կարող են արդարացնել ապագայի մեր սպասելիքները եւ հետագայում համալրել ազգային հավաքականի կազմը»,- ասաց Արմեն Բաբալարյանը: Հետաքրքրվեցինք, թե իրավունք կա՞ պաշտոնական մրցումներում սահմանված թվաքանակից շատ ըմբիշներով ներկայանալ, որին մարզիչը պատասխանեց, որ միջազգային մրցաշարերում այդպիսի բան նախատեսված է, իսկ պաշտոնական առաջնություններում՝ ոչ: Պարոն Բաբալարյանը խոսեց նաեւ հետագա ծրագրերի մասին. «Իրանից վերադառնալուց հետո Երեւանում պիտի մասնակցենք Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների խաղարկությանը, որը միջազգային է: Դրանից հետո մեկական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում եւ Երեւանում ու հավաքականի վերջնական կազմը որոշելով կմեկնենք Սերբիա՝ հունիսի վերջին տասնօրյակում կայանալիք Եվրոպայի առաջնություն»:
Ի տարբերություն հունահռոմեականների, ազատ ոճի նույն տարիքային խմբի հավաքականն արդեն գտնվում է Դաղստանում: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը Հայաստանի առաջնությունում առաջին տեղեր գրաված ըմբիշների հետ Խասավ Յուրտում տեղի ընտրանու հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ է անցկացնում, որից հետո մեր ըմբիշները հենց տեղում մասնակցելու են միջազգային ներկայացուցչական մրցաշարի: Ի դեպ, այս հավաքին ու Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 84 կիլոգրամից բարձր քաշային կարգերում ներկայացուցիչ չի ունենալու, քանի որ Վրաստանում կայացած նախորդ միջազգային մրցումներում նրանք իրենց չեն արդարացրել՝ չտանելով եւ ոչ մի հաղթանակ:
Առաջադրանքը անձնական արդյունքները բարելավելն է
Ռոտերդամում մայիսի 8-15-ը անցկացնելու է սեղանի թենիսի աշխարհի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցել պատրաստվում են նաեւ փոքր ռակետի Հայաստանի վարպետները: Կանաչ սեղանների առջեւ, սովորաբար, պայքարում են հարյուրից ավելի երկրների ներկայացուցիչներ:
Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Լեւոն Գրիգորյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ մրցավայր մեկնելու են երեք տղա եւ երկու աղջիկ: Տղաների մրցապայքարում հանդես են գալու Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը եւ Հարություն Հարությունյանը, իսկ աղջիկներից՝ Հասմիկ Խաչատրյանը եւ Ռուբինա Վարդանյանը: Ֆեդերացիան պլանավորել էր նաեւ երրորդ թենիսիստուհու մասնակցությունը, սակայն վերջինը վնասվածքի պատճառով չի կարող մեկնել Հոլանդիա: Մեր հարցին, թե հավաքականի անդամների առջեւ ի՞նչ առաջադրանք է դրված, Լ. Գրիգորյանը պատասխանեց. «Քանի որ այսօր մեր մարզիկները մարզաձեւում եղանակ ստեղծողների մեջ չեն, հետեւաբար, պահանջներն էլ համեստ են՝ բարելավել աշխարհի ուժեղագույն թենիսիստների պայքարում նախորդ առաջնությունում արձանագրված արդյունքները: Մասնավորապես, այս անգամ մեծահասակների ազգային հավաքական ընդգրկել ենք Հարություն Հարությունյանին: Ճիշտ է, նա Հայաստանի չեմպիոնն է երիտասարդների մեջ, եւ սա նրա նորամուտն է մեծերի պայքարում, բայց նրա առջեւ էլ շատ լուրջ խնդիրներ կան դրված»:
Առաջինում՝ ոչ-ոքի
Սենթ-Լյուիս քաղաքում շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների չեմպիոնական մրցաշարերն են ընթանում:
Կանանց եզրափակչի առաջին պարտիայում ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը եւ միջազգային վարպետ Աննա Զատոնսկիխը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ երրորդ տեղի համար գրոսմայստեր Քամիլա Բագինսկայտեի եւ միջազգային վարպետ Աննա Կրուշի դիմակայությունը:
Տղամարդկանց պայքարում Գատա Կամսկին առաջին պարտիայում պարտության մատնեց Յուրի Շուլմանին, իսկ բրոնզե մեդալի հավակնող Սեմ Շեքլենդն ու Ռոբերտ Հեսսը ի հայտ չբերին ավելի հաջողակին:
Լիմայում մեդալների պակաս չի՞ լինի
Այս օրերին վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում նաեւ Հայաստանի պատանի ծանրորդները: Նրանք պատրաստվում են Լիմայում (Պերու) մայիսի 8-15-ը կայանալիք աշխարհի պատանիների երկրորդ առաջնությանը (առաջինն անցկացվել է Թաիլանդում): Ֆեդերացիան մարզիչների առաջարկությամբ Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել վստահել է Ժորժ Եղիկյանին՝ 56 կգ քաշային կարգ, Անդրանիկ Կարապետյանին՝ 62 կգ, Վարդան Միլիտոսյանին եւ Ռազմիկ Օլթեցյանին (երկուսն էլ՝ 69 կգ քաշային կարգ), Միքայել Միքայելյանին՝ 85 կգ, Վազգեն Քոչարյանին եւ Մհեր Պողոսյանին (երկուսն էլ՝ 94 կգ), Սեուլի առաջին պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, +94 կգ քաշային Գոռ Մինասյանին:
Ծանրամարտում հայ մարզասերների պահանջները բարձր են, անկախ, թե որ տարիքային խմբի մասին է խոսքը: Մասնավորապես, Կազանում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երեք արծաթե մեդալները, կարծես, այնքան էլ նրանց չգոհացրին, թեեւ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն «Առավոտին» տված հարցազրույցում բացատրել էր դրա պատճառները, իրենց վարած քաղաքականությունը: Պարոն Խաչատրյանի հետ զրույցից որոշ հատվածներ չէին տպագրվել, որոնցից մեկը հենց մեր պատանի ծանրորդների մասին էր: Ֆեդերացիայի նախագահը մեդալների առնչությամբ ասել էր. «Մեզ համար կարեւորը պայքարն է ու այդ պայքարում հետագա անելիք քայլերը որոշելը: Իսկ եթե մեդալ նվաճելը շատերի համար շոու է, որին սպասում են, շոու կտեսնեք աշխարհի պատանեկան առաջնությունում»: