Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ այսօրվանից Երեւանում մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը:
Երեկ ՀՀ Ազգային պատկերասրահում փառատոնի կազմակերպիչները հանդիպեցին լրագրողների հետ: Ըստ փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի, փառատոնի նպատակն է հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող հայ եւ օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշներ ներկայացնել արվեստասեր հասարակությանը:
«Այս տարի մի առանձնահատուկ փառատոն պետք է լինի, որովհետեւ այն նվիրված է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակին: Այս 7 տարիների ընթացքում կոմպոզիտորը փառատոնի կողքին է եղել իր խորհուրդներով, խոսքով: Փառատոնի առաջին համերգին հնչելու են միայն նրա ստեղծագործությունները… Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական եւ կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու հետ մեկտեղ, փառատոնը խնդիր ունի նաեւ հասարակության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներին, որովհետեւ համերգների մեծ մասը տեղի է ունենալու հենց այստեղ»,- ասաց Մ. Շահինյանը:
Այս տարի ստեղծվել է փառատոնի կամերային նվագախումբ կամ, ինչպես Մ. Շահինյանն ասաց՝ փառատոնային նվագախումբ՝ թավջութակահար եւ դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ:
Փառատոնային նվագախմբի մասին Մ. Շահինյանն ասաց. «Հավաքագրվել են մի խումբ տաղանդավոր երաժիշտներ: Արամ Թալալյանի ընտրությունն էլ պատահական չէ, որովհետեւ բազմիցս աշխատել ենք նրա հետ»:
Արամ Թալալյանի փառատոնային նվագախումբ ղեկավարելու գաղափարը մասնավորապես ուրախացրել էր Էդ. Միրզոյանին: Վարպետի խոսքով, իրեն նվիրված փառատոնի գաղափարը հաճելի անակնկալ էր. «Ինձ հատկապես ուրախացրեց այն, որ Արամն այնպիսի շահագրգռություն ցուցաբերեց փառատոնին մասնակցելու, նվագախումբ ստեղծելու, ուղղակի քեֆս բերեց: Մեր օրերում նման փառատոն կազմակերպելը հեշտ չէ»:
Մ. Շահինյանը հավելեց. «Բանն այն է, որ նվագախմբերը սկսել են «թանկանալ»: Մեծ դժվարություններ ունենք նրանց հետ աշխատելու առումով: Նույնիսկ երեւանյան նվագախմբերից որեւէ մեկի հետ համագործակցելու մեր առաջարկին պատասխան չստացանք: Օրինակ՝ դիմեցինք Կամերային նվագախմբին, նույնիսկ նորանշանակ ղեկավարի առկայության պարագայում նրանք անհասկանալի պատճառներով հրաժարվեցին մեզ հետ աշխատել: Ասացին, որ իրենց մոտ վերակազմավորում է տեղի ունենում, ստեղծվել է ազգային կենտրոն, ու այդպես էլ չհասկացա՝ ո՞ւմ պետք է դիմեմ կամ ումի՞ց սպասեմ պատասխան: Իրենց երեւի թվում էր, որ մենք պետք է նստեինք եւ սպասեինք, իրենք էլ վերջին պահին որոշեին՝ մասնակցո՞ւմ է իրենց նվագախումբը փառատոնին, թե՞ ոչ…»:
Ա. Թալալյանը նկատեց, որ փառատոնային նվագախումբը փառատոնից դուրս էլ նախկինում գործել է՝ 1996-ից սկսած. «Ուղղակի կազմը պարբերաբար փոխվել է: Ֆինանսավորում չունենալու պատճառով խումբը լուծարվել է, մնացել են միայն մի քանի երաժիշտ, մյուսներն էլ հեռացել են Հայաստանից»:
«Ազգային պատկերասրահ» փառատոնն ունենալու է 6 համերգաշար:
Մայիսի 5-ին հայ հանդիսատեսի դատին կներկայացվի արդեն 3 տարի շարունակ Լոնդոնում՝ փառատոնի շրջանակներում իրականացվող «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագրի համերգը: Ինչպես նշեց Մ. Շահինյանը, ծրագիրը լոնդոնյան հանդիսատեսի համակրանքին է արժանացել, եւ այս անգամ որոշել են այն ներկայացնել նաեւ հայ հանդիսատեսին: