Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՈՌԵԿՏՈՐԸ «ՓԱԿԱԳԾԵՐ ԲԱՑԵՑ»

Ապրիլ 28,2011 00:00

Ռուբեն Տերտերյանը՝ կոնսերվատորիայի նորությունների մասին

\"\"«Առավոտը» տարեսկզբին ներկայացրել էր հարցազրույց՝ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Ռուբեն Տերտերյանի հետ, ով 17 տարի հասարակական, կրթական գործունեություն էր ծավալել Արգենտինայում եւ Էկվադորում: Հետաքրքրությանը, թե 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից Ավետ Տերտերյանի եւ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Տիգրանովայի որդին ընդմի՞շտ է վերադարձել հայրենիք, Ռ. Տերտերյանից ստացանք հետեւյալ պատասխանը. «Եթե «դրսում» անցածս ճանապարհով ու ապագա ծրագրերովս կարողանամ օգտակար լինել Հայաստանում, արտերկիր չեմ վերադառնա»:
Գործընկերների բնորոշմամբ՝ արվեստագետ-մտավորականի ընտանիքի ավանդույթները շարունակող Ռ. Տերտերյանը, որը մշտապես աչքի է ընկել ինքնատիպ մտածելակերպով, արվեստագիտության մեջ ուրույն ու համարձակ գաղափարներով, խոսքով ու գործունեությամբ, վերջերս նշանակվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր:
Ռ. Տերտերյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծագործական բուհի ապագան՝ Բոլոնյան գործընթացի համատեքստում: Մեր զրուցակիցը որոշ «փակագծեր բացեց». ա) դասախոսները կգնահատեն իրենք իրենց, բ) ուսանողները՝ դասախոսներին, գ) վարչական բաժինների աշխատակիցները՝ դասախոսներին եւ դ) ուսանողներն ու վարչական աշխատակիցները՝ բուհին: Բուհը կգնահատեն նաեւ շրջանավարտներն ու այն կազմակերպությունները, որոնք աշխատանքի են ընդունել կոնսերվատորիական կադրերի: Նշեց, որ ուսանողների հարցաթերթիկները լինելու են անանուն՝ բոլոր տեսակի խնդիրներից խուսափելու համար: «Բոլորը պետք է հասկանան, որ այսպիսով ոչ թե որոշվելու է դասախոսի լավ կամ վատ լինելը, այլ՝ թե որքանով է նրա գիտելիքն ու գործունեությունը համապատասխանում ժամանակի պահանջներին: Անհրաժեշտ է տեսնել իրական վիճակը բուհի տարբեր ստորաբաժանումներում եւ միայն աշխատանքի թափանցիկությամբ բոլորին հայտնի կդառնան դրական ու բացասական կողմերը: Ի վերջո, գերնպատակն է, որ բուհը ստեղծի ժամանակակից մտածելակերպով եւ հեռանկարով մասնագետներ»,- ասաց պրոռեկտորը: Հարցին, թե կուտակված խնդիրներից հատկապես որո՞նք կառանձնացներ, Ռ. Տերտերյանը պատասխանեց. «Ունենք 20-րդ դարի ավանդույթների վրա հենվող առաջնակարգ ուսումնական համակարգ եւ, առանց չափազանցության, աշխարհը պիտի մեզանից սովորի: Սակայն մեր չափանիշները պաշտպանելով հանդերձ, չպետք է լինել պահպանողական: Բուհը պետք է պատասխանատու լինի իր տված գիտելիքների եւ որակավորման համար: Եթե բժշկի սխալը կարող է սպանել մեկ անձի, ապա հոգեւոր գործունեությամբ զբաղվող մարդունը՝ մի ամբողջ սերունդ»:
Նորանշանակ պրոռեկտորը գտնում է, որ մեզանում պետք է եւս ընդունել արեւմուտքում վաղուց գործող doctor of performance եւ doctor of composition՝ կատարման եւ ստեղծագործական դոկտորներ կոչումները, որոնց աշխատանքները 60%-ով մասնագիտական են եւ միայն 40%-ով՝ տեքստային (այս «դոկտորը» համարժեք է մեր արվեստագիտության թեկնածուին):
Մեր զրուցակցի կարծիքով՝ մի նրբություն էլ կա. ուսանողների մասնակցությունը ամբիոնների նիստերին եւ ծրագրեր կազմելուն: Չէ՞ որ նրանք ավելի լավ գիտեն իրենց հուզող հարցերը, ուստի պետք է նրանց հնարավորություն տալ արտահայտվելու: Ըստ Տերտերյանի, դա խթան կհանդիսանա նրանց վերլուծական մտքի զարգացմանն ու կատարելագործմանը: Պրոռեկտորի խոսքերով. «Երաժշտական կրթության ոլորտում են ստեղծվում գեղագիտական ու բարոյագիտական այն չափանիշները, որոնց վրա հենվում է ազգային մտածելակերպը, որը ցանկացած պետության հիմքն է: Ի վերջո, ոչ թե պետությունն է պետք արվեստին, այլ արվեստը՝ պետությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել