Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի ու բրիտանացի նախարարները հակադարձել են Պուտինին

Ապրիլ 28,2011 00:00

Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիի բունկերը ՆԱՏՕ-ի ավիահարվածների «օրինական թիրախն է»: News.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսն ու Լիամ Ֆոքսը՝ Պենտագոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Նախարարների խոսքով, օբյեկտները, որոնցից Քադդաֆին իրականացնում է իր զորքերի հրամանատարությունը, մնում են կոալիցիայի օդային գրոհների վտանգավորության ներքո:
«Մենք այդ օբյեկտները հատուկ չենք պահում մեր նշանառության տակ, բայց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի համաձայն, դրանք համարում ենք օրինական թիրախներ՝ ինչպես բոլոր լիբիական ռազմական հրամանատարական կենտրոնները, որոնք ի հայտ ենք բերում»,- ընդգծել է Գեյթսը:
Այս արտահայտությունները հնչել են ի պատասխան Ռուսաստանի վարչապետ Պուտինի քննադատությունների, ըստ որի՝ ոչ ոք իրավունք չունի Քադդաֆիին մահապատժի ենթարկելու, քանի դեռ նրա նկատմամբ դատ ու այդպիսի դատավճիռ չկա: «Ասում էին, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն լինելու: Հիմա այնտեղ խաղաղ մարդիկ են մահանում: Ասում էին, որ չեն ուզում սպանել Քադդաֆիին: Իսկ հիմա որոշ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ նրա ոչնչացումն անհրաժեշտություն է: Մի՞թե դատ է եղել»,- նախօրեին հայտարարել էր Պուտինը՝ հավելելով, թե կոալիցիոն ուժերը գերազանցում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւով իրենց ընձեռված լիազորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել