Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերը լույս չորեքշաբթի գիշերը գրավել են երկրի մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասը՝ այն դեպքում, երբ հակակառավարական ցույցերի էպիկենտրոնը հանդիսացող Դերաա քաղաք արդեն տանկեր են մտցվել:
Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, թե չորեքշաբթի օրը Դամասկոսի ծայրամասային Դումա թաղամաս են մտել հարյուրավոր զինվորականներ տեղափոխող մի քանի սպիտակ ավտոբուսներ: Հիշեցնենք, որ հենց Դումա թաղամասից էր, որ հակակառավարական ցույցի մասնակիցները երկու շաբաթների ընթացքում մի քանի անգամ փորձել էին գիշերով բողոքի երթեր կազմակերպել դեպի քաղաքի կենտրոն, եւ ամեն անգամ էլ դարձել կառավարական զորքերի կողմից բացված կրակի թիրախ:
Երեքշաբթի օրը եւս Դումա էին մտել ոստիկանության ավելի քան 2 հազար աշխատակիցներ, որոնք քաղաքում պարեկային անցակետ էին դրել եւ փաստաթղթերի ստուգման գործընթաց էին իրականացնում՝ ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին ձերբակալելու համար: Այդ մասին վկայել է նախկին մի զինվորական, որը չի ցանկացել անունով ներկայանալ: Նա նաեւ ասել է, թե Դումայի փողոցներում տեսել է մի քանի բեռնատարներ, որոնց վրա ծանր գնդացիրներ են ամրացված եղել, նաեւ գաղտնի ոստիկանության քաղաքացիական համազգեստով աշխատակիցների, որոնք զինված են եղել ինքնաձիգներով: Նա ենթադրել է, թե զինվորները կարող են լինել Հանրապետական գվարդիայի՝ ռեժիմին ամենահավատարիմ ստորաբաժանումներից մեկի անդամները:
Հիշեցնենք, որ Ասադի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը զսպելու համար երկրի նախագահը երկուշաբթի օրը տանկեր է մտցրել երկրի հարավային Դերաա քաղաք: Իրավապաշտպան Sawasiah անկախ կազմակերպության տվյալներով, այդ պահից ի վեր քաղաքում առնվազն 35 մարդ է զոհվել: Ցույցերի մեկնարկից ի վեր զոհերի թիվը ավելի քան 400 է:
Արեւմուտքը Սիրիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը, իսկ ԱՄՆ-ն երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու իր մտադրությունների մասին: