Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՍԱԲԵԿՅԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ Է»

Ապրիլ 28,2011 00:00

\"\"Երեկ հայտարարեց Թատերական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Արմեն Մազմանյանը՝ հավաստիացնելով, որ, ի տարբերություն Գեղարվեստի ակադեմիայի իր պաշտոնակցի, ինքը բուհում տեղակայված թատրոնը չի փակի:

Երեկ ռեժիսոր Արմեն Մազմանյանը քվեարկության՝ 20 կողմ եւ 2 դեմ արդյունքով ընտրվեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտոր: Եղան մարդիկ, որ բաց քվեարկեցին: Ներկա էին ԿԳ եւ մշակույթի փոխնախարարներ Արա Ավետիսյանն ու Արթուր Պողոսյանը, ԱԺ հանրապետական պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Արման Սահակյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը եւ անգամ տեր Շահե քահանա Հայրապետյանը: Օրակարգում 3 հարց կար՝ բուհի խորհրդի քարտուղարի ընտրություն, ռեկտորի ընտրություն եւ բուհում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների ռազմավարական ծրագրի հաստատում:
ԵԹԿՊԻ խորհրդի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն առաջարկեց խորհրդի քարտուղարի իր թեկնածուին՝ Նարինե Սարգսյանին, ում միաձայն ընտրեցին: Ստուգվեցին՝ ռեկտորի միակ թեկնածուի բոլոր փաստաթղթերը նորմալ էին, ապա ելույթի հնարավորություն տրվեց Արմեն Մազմանյանին, ով այդ օրը ինստիտուտ էր եկել իր՝ սովորականից տարբեր, մարգարտյա թզբեհով: Նա ռուսերեն արտահայտություններ մեջբերելով՝ բավականին երկար խոսեց: Ասաց, որ նախ ինստիտուտի կարգավիճակն անպայման պետք է փոխվի. այն պետք է ակադեմիա կամ համալսարան դառնա: Առանց գիտական աստիճանի Մազմանյանը շեշտեց, որ ակնկալում է բուհի գիտական պոտենցիալի ավելի ակտիվ աշխատանքը. «Պետք է արտադրվի գիտական միտք»: Նաեւ քանիցս շեշտեց, թե շփվել է ՎԳԻԿ-ի (Всероссийский государственный институт кинематографии им. С.А. Герасимова) ռեկտորի հետ ու փորձել համոզել՝ համատեղ ծրագրեր իրականացնել դասախոսների եւ ուսանողների վերապատրաստման առումով: Մազմանյանի պատկերացմամբ, պետք է որոշ առարկաներ ինստիտուտում վերախմբագրվեն, օրինակ՝ ֆիզկուլտուրա առարկայի անվան տակ, ըստ նրա, արժե անցնել ակրոբատիկա, բեմական մարտ, կասկադյորություն: Ռեկտորի թեկնածուն նշեց, որ շատ առարկաներ պետք է վերախմբագրել, որպեսզի պարզ լինի, թե ինչ են ուզում ստանալ. «Թե չէ՝ վաղուց անցած, հնացած բաներ են՝ “любовник, герой…”: Սոս Սարգսյանը չհամաձայնեց. «Ինչի՞… բայց պետք են, է՜… ինչքան շատ լինեն «լյուբովնիկները»՝ էնքան լավ»: Ի թիվս այլ խնդիրների, ռեկտորի թեկնածուն փաստեց ինստիտուտի կինոամբիոնի ողբերգական վիճակը, որը գալիս է նաեւ համապատասխան ուսումնաարտադրական բազա չունենալուց: Շեշտեց, որ իրենց բուհը ռազմավարական նշանակություն ունի, նրա կարծիքով՝ պարտադիր չէ, որ բոլորը այստեղ դիպլոմ ստանան, կարելի է ոչ արժանավոր շրջանավարտներին ուղղակի փաստաթուղթ տալ այն մասին, որ որոշակի կուրսեր ու դասընթացներ են անցել. «Թե չէ՝ դիպլոմ ես տալիս, դեգեներատներ ստեղծում, իրենք էլ էդ դիպլոմը տալիս են հասարակության գլխին՝ եթերում… «Ուռոդ» սերիալներ են նկարվում, դեգեներատ սցենարներով»: Քանի որ առաջարկների մեծ մասը գումարի հետ էր կապված, Ա. Մազմանյանը ասաց, թե իր մի քանի ծանոթներ կաջակցեն, նրա ձեւակերպմամբ, «նաեւ եթե լավ քրքրենք Ցեռուի սարքած ինտերնետ ասածը, կարելի է տարեկան մեկ-երկու գրանտ գտնել»: Մազմանյանը դժգոհեց բուհի շենքային պայմաններից. «Փտած, ավերակ միջավայրում գեղեցիկը պրոպագանդել չի կարելի……Ինչպես ասում են՝ “Культура должна быть культурной”:
 Իսկ երբ անդրադարձավ ինստիտուտին վերաբերող հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրին, Սոս Սարգսյանը զարմացած հարց տվեց նրան. «Ինչի կոռուպցիա կա՞ ինստիտուտում»: «Ինչքան գիտեմ՝ ոչ……ասում են, ըստ ստատիստիկայի՝ վերջին տեղում ենք»,- պատասխանեց Մազմանյանը: Նա հավելեց, թե պարտադիր չէ, որ կուրս ավարտացնողը նորից կուրս հավաքի, շնորհալի մարդիկ կան, նրա՛նց արժե հրավիրել: «Օրինակ, առաջինը ես եմ հրաժարվելու կուրսից»,- հայտարարեց նա: Սոս Սարգսյանն էլ ասաց. «Հա, էդ շատ լավ կլինի»:
«Առավոտը» պարոն Սարգսյանից հետաքրքրվեց, մտավախություն չունի՞, որ նորընտիր ռեկտոր Արմեն Մազմանյանը թատերականի շենքում գտնվող Համազգային թատրոնի հետ կվարվի այնպես, ինչպես ժամանակին Արամ Իսաբեկյանը՝ Մնջախաղի թատրոնի հետ: «Այսինքն՝ նոր ռեկտորը մեզ դուրս հանի՞… Գիտեք, էդ մտավախությունը միշտ կա, բայց չեմ կարծում: Եվ եթե արվեստագետ մարդը պիտի զբաղվի թատրոն փակելով, թո՛ղ փակի»,- պատասխանեց վարպետը:
Նույն հարցը ուղղեցինք նաեւ Ա. Մազմանյանին, ինչը նրան ափերից ուղղակի հանեց. «Անբարոյականություն է նման բաներ ասելը, դեղին պրեսսայի եւ հիվանդ մարդկանց երեւակայության արգասիք…»: Քիչ անց էլ նորընտիր ռեկտորն ասաց. «Ժամանակին, երբ Մնջախաղի թատրոնի գլխին էդ խաղը խաղում էին, միակ մարդը, որը հոդվածներով, նամակներով կռվում էր դրա դեմ՝ ես էի: Ու առայսօր էլ կարծում եմ, որ Իսաբեկյանը մարդասպանություն է արել, երեխա է սպանել, երբ որ թատրոն է վռնդել Գեղարվեստի ակադեմիայի շենքից: Ես ինչպե՞ս կարող եմ Համազգային թատրոնի նկատմամբ ոտնձգություն ունենալ: Ուրիշ հարց, որ մենք Համազգայինի հետ պիտի համատեղենք, որովհետեւ արդեն գործում է ուսումնական թատրոնը: Սոս Սարգսյանն այն մարդը չի, որի հետ ես պիտի խնդիր ունենամ, մանավանդ՝ ես էստեղ հայտնվել եմ հենց Սոս Սարգսյանի «թեթեւ» ձեռքով, ինձ էս ինստիտուտին մոտ չէին թողնում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել