«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ Լիբանանի, Հայաստանի եւ Ղարաբաղի նվիրատուների օգնությամբ Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում համայնքային կենտրոն է կառուցվում: Երկհարկանի կառույցն ունենալու է 195 քմ տարածք, ուր կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, հանդիսությունների դահլիճը, արհեստների ու ձեռքի աշխատանքի սենյակը:
Ներկայումս գյուղապետարանը գործում է հեռախոսակայանի, բուժկետը` հիվանդանոցի խարխուլ շենքում: Գրադարանն էլ ժամանակավոր հանգրվանել է դպրոցի մեկ սենյակում: Իսկ հանդիսությունների սրահ գյուղը երբեւէ չի ունեցել:
«Գյուղում երիտասարդներ քիչ կան, իսկ խնդիրներ` որքան ասես: Համայնքային կենտրոնը կաշխուժացնի գյուղի կյանքը եւ հուսով եմ` երիտասարդներին կպահի գյուղում: Գուցե այս կերպ հաջողվի գյուղը փրկել դատարկվելուց»,- հայտարարել է համայնքի ղեկավար Միքայել Օսիպյանը: Մեծ Շենը Շուշիի շրջանի հնագույն գյուղերից է: Այստեղ ապրում է 119 մարդ, մեծամասնությունը՝ տարեցներ: