Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ջրագծին սպասելիս

Ապրիլ 28,2011 00:00

\"\"Բնակիչները բողոքում են, պաշտոնյան՝ պնդում, որ խնդիր չկա

Կապանի ծայրամասային Բարաբաթում թաղամասում, որը գյուղական կենցաղով փոքրիկ ավանի է նման, 130 տնտեսություն կա` մոտ 300 բնակիչ: Ըստ թաղային լիազորի` ամռան ամիսներին բնակիչների թիվն ավելանում է, այստեղ են գալիս հովեկներ` հանրապետության տարբեր վայրերից, արտերկրից, նաեւ Կապան քաղաքի այլ թաղամասերից են Բարաբաթում գալիս ու մշակում տնամերձ այգիներն ու բանջարանոցները: Մեծ հողակտորներ այստեղ չկան, յուրաքանչյուրն իր տան մերձակա փոքր այգին է մշակում, լոլիկ, լոբի, կանաչի եւ այլ մշակաբույսեր աճեցնում` այս կերպ հոգալով ընտանիքի կարիքները: Ոռոգման շրջանից առաջ բարաբաթումցիներից շատերին կրկին մտահոգում է ջրի խնդիրը: Այս խնդիրը կար նաեւ անցած տարի՝ մատակարարվող ջրի գրաֆիկն ու քանակը բնակիչների սրտով չէր: Նրանց խոսքով, 2010-ին իրենք ջուրը ստանում էին 2 օրը մեկ` 24 ժամով, իսկ ամռան տապին 2 օրը մեկ տրվող ջուրը չի բավարարում լիարժեք ոռոգում իրականացնելու համար: «Նախկինում ամեն օր ջուր էին տալիս, հիմա 2 օրը մեկ են տալիս: Տարբեր ջրագծեր կան, մենք 21 հոգով մի խողովակից ենք օգտվում, հենց որ ջուրը տալիս են, բոլորը միաժամանակ բացում են ծորակները, եւ ջուրը չի հերիքում, որ այգիները կարողանանք նորմալ ջրել: Մենք էդ հարցով մի քանի անգամ դիմել ենք ջրամատակարար ընկերության ղեկավարին, պատասխանել է, որ ջուր չկա, ինչքան հերիքում է՝ էդքան էլ տալիս են: Չորս ամսվա համար 5500 դրամ գումար ենք վճարում, ջրաչափեր տեղադրված չեն, իրենք են հաշվում, ըստ խողովակի թողունակության ու ասում՝ էսքան եք վճարելու, ես էլ պարտաճանաչ վճարում եմ», – ասում է ամեն գարուն Բարաբաթում տեղափոխվող ու այգի մշակող Հրաչիկ պապը:
«Կապան» ջրօգտագործողների ընկերության՝ ՋՕԸ տնօրեն Օնիկ Աթայանն էլ մեզ հետ  զրույցում հավաստիացնում է, որ բնակիչները նման հարցով իրեն չեն դիմել: «Եթե դժգոհություններ ունեն, թող գրավոր դիմեն մեզ, մենք էլ քննարկենք եւ կլուծենք հարցը: Ինչի՞ են դժգոհում, անցած ամռանը օրական 2000-3000 խմ ջուր ենք տվել Բարաբաթումին, մեկ խմ-ի արժեքն էլ 11 դրամ է: Էդ թաղամասին ջուր տալիս ենք ըստ խմբերի, 7-8 խումբ կա: Մենք խմբերի ղեկավարների հետ ենք կապի մեջ: Ընկերությունը պատրաստակամ է մատակարարել այնքան ջուր, որքան բաժանորդին անհրաժեշտ է: Մատակարար ընկերությունը պետք է ջուր տրամադրի բաժանորդի ներկայացրած հայտի համաձայն: Եթե երկու օրը մեկ ջուրը քիչ է, թող դիմեն, պայմանագիր կկնքենք ու կտրամադրենք այնքան ջուր, որքան ցանկանում են: Հայտ ներկայացնելիս պետք է նշեն իրենց անհրաժեշտ ջրի պաշարը եւ պարտաճանաչ վճարեն օգտագործած ջրի համար: Էնտեղ շատերը ջուրը օգտագործում են, բայց հրաժարվում են վճարել», – պարզաբանում է Օնիկ Աթայանը եւ տեղեկացնում, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով այդ թաղամասում նոր ջրագիծ է անցկացվում: Ոչ ՋՕԸ ղեկավար Օնիկ Աթայանը, ոչ էլ Բարաբաթումի թաղային լիազոր Վարուժան Բաբայանը տեղյակ չէին, թե որքան գումար է ծախսվելու այս նպատակի համար: Վերջինս նշեց միայն, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են, նոր ջրագիծ են կառուցում եւ հները վերափոխում` համակարգն ավելի կատարելագործելու եւ ջրամատակարարման որակը բարելավելու համար: «Նոր ջրագիծ կառուցելուց հետո, կարծում ենք, դժգոհություններ չեն լինի: Հիմնական դժգոհությունը ջրագծերից մեկի բաժանորդների կողմից էր, որը խիստ ծանրաբեռնված էր: Միեւնույն ջրագծից միաժամանակ 50 հոգի են օգտվում, եւ ջուրը չի բավականացնում: Հիմա 2-րդ ջրագծի կառուցումից հետո բաժանորդների կեսը մի խողովակից կօգտվի, իսկ մյուս կեսը` երկրոդ խողովակից: Ամեն ինչ անում ենք՝ մեկնարկած աշխատանքները մինչեւ ոռոգման սեզոնը ավարտին հասցնենք», – ավելացնում է պարոն Բաբայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել