Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ ԳՈՐԾ

Ապրիլ 28,2011 00:00

\"\"Ի վնաս տավուշցիների եւ Տավուշի բնության

Տավուշի մարզխորհրդի այս տարվա նիստերից մեկում մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ գործարարներն իրեն առաջարկել են ներկայացնել մարզից որոշակի ժամանակահատվածում իրացվելիք փայտանյութի կոնկրետ քանակության մասին տեղեկատվություն, որպեսզի կանխատեսելի բիզնես ծավալեն: Իսկ մարզում հիմա փայտի հումքով մի այլ բիզնես է ծաղկում. Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների ու մայրուղիների վրա տեղակայված խորովածանոցների եւ ռեստորանների համար պատրաստվում է փայտածուխ: Փայտածուխի արտադրամասեր են գործում Ազատամուտ, Վազաշեն, Սեւքար համայնքներում:
Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղը նախկինում քաղաքատիպ ավանի կարգավիճակ ուներ: Այն հիմնվել է բենտոնիտի փոշու վերամշակման գործարանի հենքի վրա: Ներկայումս այս ձեռնարկությունը չի աշխատում: Երիտասարդներն էլ ստիպված են ապրուստ հոգալու այլ միջոց գտնել: Աղստեւ գետի ափին ծխի բազմաթիվ քուլաներ են վեր հառնում, մոտ մեկ տասնյակ փայտածխի արտադրամասեր են գործում: Նրանցից մեկի մոտ էլ կուտակված փայտի, ծխացող վառարանների, փայտածխի փոշու բլրի մոտ հանդիպեցինք երկու երիտասարդի եւ մեկ անչափահասի: Իրենց գործի մասին խոսում էին դժկամորեն, չուզելով: Ասացին, որ նախկինում լրագրողներ այցելել են ու թերթերում հոդվածներ հրապարակվել, հրաժարվեցին խոսել իրենց օրական վաստակի մասին, կտրականապես հրաժարվեցին լուսանկարվել: «Մենք լավ օրից չենք այստեղ, տես՝ հագիս շորը փոշուց եւ ծխից ոնց որ քար լինի: Երկաթե վառարանը փայտով լիցքավորելիս՝ մեզ ծուխն է խեղդում, ածուխը վառարանից հանելիս՝ փոշին»,- գանգատվեցին բանվոր երիտասարդները: Սեւագործ այդ բանվորներն ասացին, որ եթե չլիներ այդ ծանր աշխատանքը, Ազատամուտում երիտասարդներ չէին մնա, կգաղթեին: Մեր տվյալներով, հարեւան Վազաշենում տուբերկուլյոզով հիվանդ մեկը, չկարողանալով կերակրել բազմանդամ ընտանիքը, իր տան բակում փայտածուխի արտադրամաս է դրել՝ թունավորելով շրջակայքը: Շրջակա միջավայրի համար վնասակար ու վտանգավոր, անտառի հաշվին այս աշխատանքով մի քանի տասնյակ մարդ առանց թունավորվելու փող է աշխատում, մոտ հարյուր մարդ էլ կյանքը թունավորելով՝ օրվա հացի փող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել