Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպել են, որ ընդունի «իր» մեղքը

Ապրիլ 28,2011 00:00

\"\"Ոստիկանության աշխատակիցները գործ են հարուցել այն ժամանակ, երբ կորած իրի տերն արդեն գտած է եղել այն:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռ. Ազարյանի նախագահությամբ, օրինական ուժի մեջ է թողել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին, դատավոր Ա. Խաչիկյանի նախագահությամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բերդ քաղաքի բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրօրի 177 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այն է՝ գողությունը, որը կատարվել է կրկին՝ նրան դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամկետով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2009-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Գրիգորը Ռաֆայել Հովակիմյանի ավտոմեքենայից գողացել է «Սոնի» տեսակի մագնիտոլա՝ իր երկու բարձրախոսներով, պատճառելով 40 000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ՝ Գրիգոր Մաթեւոսյանը կրկին անգամ 2009 թ. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Բերդ քաղաքի բնակիչ Արթուր Մկրտումյանի ավտոմեքենայից գողացել է «Սոնի» տեսակի մագնիտոլա՝ պատճառելով 20 000 ՀՀ դրամի նյութական վնաս:
20-ամյա երիտասարդը չի ընդունում մեղքը, ավելին, 2 ատյաններում էլ հայտարարել է, որ ոստիկանությունում իրեն բռնությունների են ենթարկել, ծեծել՝ այդկերպ ստիպելով, որ ընդունի գողություն կատարելու փաստը:
Նրա պաշտպան Կարինե Գասպարյանը համաձայն չէ ոչ առաջին ատյանի, ոչ էլ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների հետ:
ՀՀ վերաքննիչ դատարանը անհիմն է համարել ամբաստանյալ Գրիգոր Մաթեւոսյանի՝ իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնություններ գործադրելու հայտարարությունները՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանը այդ կապակցությամբ կատարել է քննություն եւ չի հայտնաբերել հանցագործության հատկանիշներ:
«Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կատարած քննությունն այն էր, որ վերջինս դատարան է հրավիրել գործում ներգրավված ոստիկաններին ու հարցրել՝ արդյո՞ք բռնություն կիրառել եք ամբաստանյալի նկատմամբ,- բացատրում է պաշտպանը,- ո՞ր ծեծողը կասի՝ թե ինքն է ծեծել»:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Կարինե Գասպարյանի՝ իր պաշտպանյալի կողմից հնչեցրած բռնությունների մասին հաղորդումը սահմանված կարգով ու սահմանված ժամկետներում լուծելու մասին միջնորդությունը:
Պաշտպանը կարծիք է հայտնում, որ, մերժելով միջնորդությունը, դատարանը ոտնահարել է իր պաշտպանյալի՝ օրենքով սահմանված իրավունքները: «Դատարանը գտավ, որ իմ պաշտպանյալի կողմից որեւէ ապացույց չի ներկայացվել ծեծի փաստի առթիվ՝ համարելով, որ նա, ազատ արձակվելով, հնարավորություն է ունեցել դիմելու համապատասխան մարմիններին»:
Բացի այդ՝ պաշտպանը նշում է, որ Գրիգոր Մաթեւոսյանը հնարավորություն չի ունեցել առերեսման.«Նախաքննական մարմինը միտումնավոր առերեսման հնարավորույթուն չի տվել՝ համոզված լինելով, որ ձեռք բերված ապացույցները չեն հաստատվելու»:
Պաշտպանի խոսքերով՝ ոստիկանության աշխատակիցները գողության մասին իմացել են այն ժամանակ, երբ մագնիտոֆոնն արդեն հայտնաբերված է եղել: «Արթուր Մկրտումյանի մագնիտոֆոնը անհայտացման հաջորդ օրը հայտնաբերվել է, սակայն ոստիկանները, իմանալով, որ իրենք չեն բացահայտել դեպքը, մեկուկես ամիս անց Մկրտումյանին կանչում են ոստիկանություն՝ թե հայտարարություն տուր գողության մասին, մինչդեռ մագնիտոֆոնն արդեն Արթուրն իր ուժերով գտել էր»,- այս հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրում պաշտպանը:
Ըստ նրա՝ թե նախաքննությունը, թե դատաքննությունը ընթացել է կոպիտ խախտումներով՝ առանց օրենքի տառը պահպանելու: Պաշտպանը հավելում է, որ 2007թ.-ին Գրիգոր Մաթեւոսյանը կասկածվել է մեկ այլ հանցագործության մեջ, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ըստ նրա՝ այժմ նախկին գործով ընտրված խափանման միջոցի փաստաթուղթը բերել-դրել են այս գործի մեջ՝ իբրեւ ապացույց. «2007թ. «7» թիվը, «9» են դարձրել: Իմ պաշտպանյալը հայտարարում է, որ ինքը 2009թ.-ին նման փաստաթուղթ չի լրացրել: Չնայած այդ փաստաթուղթը որեւէ իրավական հետեւանք չէր կարող ունենալ, քանի որ այդ պահին իմ պաշտպանյալը որպես կասկածյալ ներգրավված չի եղել գործում, այնուամենայնիվ, ամիսներ անց հետաքննություն իրականացնող մարմինը գործն ուղարկել է նախաքննական մարմնին, որն էլ վերը նշված բազմաթիվ խախտումների պայմաններում իմ պաշտպանյալի նկատմամբ հետախուզում է հայտարարել»:
Պաշտպանի խոսքերով՝ դեպքի վայրում չեն հայտնաբերվել իր պաշտպանյալի ոչ մատնահետքերը, ոչ էլ ոտնահետքերը:
«Նշենք նաեւ, որ գործում եղող վկաներն ու տուժողները դատաքննության ժամանակ հրաժարվել են իրենց տված նախկին ցուցմունքներից: Նրանք հայտարարել են, որ իրենց այլ ոստիկան է հետաքննության ընթացքում հարցաքննել, իրենք Աղաբաբյան անունով հետաքննիչի հետ չեն առնչվել: Այս մարդիկ դատարանում հայտարարել են, որ իրենք սպասել են դատաքննության փուլին, որպեսզի ճիշտն ասեն: Սակայն թե Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, թե վերաքննիչ քրեական դատարանը չի գնահատել վերոնշյալը»,- բազմաթիվ խախտումների մասին է պատմում Կարինե Գասպարյանը:
Պաշտպանը դատարանի որոշումը բողոքարկելու է ՀՀ վճռաբեկ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել