Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության համար հերթական գործը հարուցվել է «News.am» լրատվական կայքի դեմ՝ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի կողմից: 2010թ. նոյեմբերի 23-ին կայքում հոդված է հրապարակել՝ «Սրտի արատով հիվանդին Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» վերնագրով: Հոդվածում ասվում է, որ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանը «News.am»-ի խմբագրությանը պատմել է, որ իրեն խաբել են եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրակարդիոխթանիչի փոխարեն էժանագին սարք են տեղադրել: Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության մասին օրենսդրությունը սահմանում է, որ զրպարտության դեպքում անձը կարող է պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում: Եթե սա դիտենք որպես գույքային պահանջ, ապա նման հայցապահանջ ներկայացնելու համար անձը պետք է այդ գումարի 2%-ը վճարի որպես պետտուրք: Ըստ «News.am»-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանի եւ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի փաստաբան Մուրադ Ասրյանի՝ կա օրենքի միատեսակ կիրառության խնդիր: Այս գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ընդունել էր հայցադիմումը այն դեպքում, երբ պետական տուրք էր վճարվել 4 հազար դրամի չափով: Իսկ նույն հայցապահանջով այլ գործերի դեպքում հայցվորներից պետական տուրք է վճարվել պահանջվող գումարի 2%-ի չափով:
Ըստ փաստաբան Մուրադ Ասրյանի՝ այստեղ օրենքի բացթողում կա. պետք է լիներ բարոյական վնաս, եւ այդ դեպքում օրենքի տեսանկյունից ոչ մի խնդիր չէր լինի պետտուրքի վճարման հետ կապված, քանի որ բարոյական վնասը դիտվում է որպես ոչ գույքային բարիք: «Եթե ներկայացնում ես պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության մասին հայցադիմում, պաշտպանում ես քո պատիվը, արժանապատվությունը, կորցրած համբավը: Պատիվը դիտվում է որպես ոչ գույքային բարիք: Հերքումը եւս ոչ գույքային բարիք է: Եթե պահանջում ես փոխհատուցում, դա եւս քո պաշտպանության եղանակներից է, որը ամրագրված է քաղաքացիական օրենսգրքով»,- մեկնաբանում է Մուրադ Ասրյանը: Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը ներգրավել էր ոչ ճիշտ պատասխանողի: Հետագայում պարզվել է, որ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ն պետք է ներգրավվեր տվյալ գործում, քանի որ հայցը ներկայացվել էր իրավաբանական անձ չհանդիսացող խմբագրությանը, այլ ոչ թե հիմնադիր «Մեդիա Կոնսալտի» դեմ: Սրտաբանական կենտրոնի փաստաբան Մուրադ Ասրյանը նշեց, որ ինքը լրատվական կայքից փորձել է պարզել, թե որ իրավաբանական անձն է այն ներկայացնում, սակայն իրեն չեն պատասխանել: Եվ որպեսզի հայցադիմումը ներկայացվի ճիշտ ժամկետին (ըստ Քաղաքացիական օրենսգրքի՝ 1 ամսվա ընթացքում), Ասրյանը որպես պատասխանող կողմ է ներկայացրել «News.am» լրատվական կայքին: Այնուհետեւ հայցվորի կողմից միջնորդություն է արվել ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու մասին: Իսկ դատարանը, գտնելով, որ կա ընդդատության կանոնների խախտում, գործը հանձնել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Անդրադառնալով հոդվածին՝ «News.
am»-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշում է, որ հայցն ընդհանրապես արդարացված չէ, քանի որ հայցվորը ներգրավել է ոչ ճիշտ պատասխանողի. «Օրենքը հստակ սահմանում է, որ զրպարտության համար պատասխանատվությունը կրում է զրպարտությունը հրապարակային ներկայացնողը: Տվյալ դեպքում ինֆորմացիան հրապարակողը տեղեկատվության աղբյուրն է, որին լրատվական գործունեություն իրականացնողը բացահայտել է: Այսինքն՝ պատասխանատվությունը պետք է կրի տեղեկատվության աղբյուրը»,- նշում է փաստաբանը: Փաստաբանը մեջբերում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ կետը. «Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա՝ լրատվական գործունեություն իրականացնողը»: Իսկ սրտաբանական կենտրոնի փաստաբան Մուրադ Ասրյանը պնդում է, որ պատասխանատվությունը պետք է կրի լրատվական գործունեություն իրականացնողը, ով տարածել է այդ տեղեկատվությունը. «Հայցապահանջը պետք է ներկայացվի զրպարտությունը հրապարակայնորեն տարածած անձի դեմ: Տվյալ դեպքում անձը տարածողը չէ, նա տվել է այդ ինֆորմացիան, բայց միգուցե այդ ինֆորմացիան սխալ է: Նախքան հրապարակելը լրագրողը պետք է այդ ինֆորմացիան ճշտեր նվազագույնը 2 աղբյուրից, թե ինչքանով է համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանում է Մուրադ Ասրյանը եւ նշում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետը. «Սույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Փաստաբանը նաեւ ավելացնում է, որ հայցվոր կողմը ունի բժշկական ծառայության մատուցման պայմանագիր, որի համաձայն՝ սրտաբանական կենտրոնը չի երաշխավորում էլեկտրակարդիոխթանիչի օգտագործման հստակ 10 տարվա ժամկետ: Ժամկետը կախված է հիվանդի օրգանիզմից, բժշկի մոտ հաճախելու քանակից եւ այլ հանգամանքներից: Այժմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի հայցն ընդդեմ «News.am» լրատվական կայքի՝ հասցեագրվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործին ընթացք կտրվի: