Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԾԱԿ ՏԱՆԻՔՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ

Ապրիլ 28,2011 00:00

Անձրեւային եղանակին Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 34 ա շենքի ներսում էլ է անձրեւ գալիս: Բանն այն է, որ շենքի տանիքը վթարային վիճակում է եւ տեղումների ժամանակ անձրեւաջրերը լցվում են շենքի հարկեր՝ վնասում էլեկտրաէներգիայի լարերը, պատերի սվաղը, ինչպես նաեւ բնակարանները: Այդ ամբողջ ջուրը, ի վերջո, լցվում է շենքի նկուղ՝ թուլացնելով շենքի հիմքը: Բնակիչներն ասում են, որ իրենց շենքում նման վիճակ է արդեն 4 տարի եւ ամեն անգամ, երբ ահազանգում են թաղապետարան, վարչական շրջանի պատասխանատուներն իրենց գլխների տակ փափուկ բարձ են դնում՝ անձրեւները դադարեն, կգան-կվերանորոգեն, սակայն հարցն այդպես էլ չի լուծվում:
Թե ինչու այս շենքը չի ընդգրկվում վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան շենքերի ցանկում՝ այն դեպքում, երբ Երեւանի քաղաքապետարանը տանիքների վերանորոգման համալիր ծրագիր է իրականացնում «Առավոտի» հարցին Դավիթաշեն վարչական շրջանից պարզաբանեցին, որ խնդրին տեղյակ են: Ըստ Դավիթաշեն թաղամասի պատասխանատուների, իրենց կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնում նշյալ շենքի բնակիչների դիմումը գրանցված է եւ կստանա համապատասխան ընթացք ու լուծում՝ մոտ 20-25 օրվա ընթացքում. «Այս աշխատանքները իրականացնելու համար հայտարարված էր մրցույթ, որն արդեն կայացել է եւ փաստաթղթերի կարգավորման փուլում է: Հավաստիացնում ենք, որ այս հարցը վարչական շրջանի հրատապ խնդիրներից է»:
Նշենք, որ այսպիսի շենքեր կան նաեւ Երեւանի գրեթե բոլոր համայնքներում: Անձրեւների հետեւանքով ջրի մեջ կորչում է նաեւ Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 1/1 շենքը: Բնակիչների ներկայացմամբ, իրենց շենքի տանիքը վնասված է, ինչի հետեւանքով անձրեւաջրերը վերեւի հարկից հոսում են եւ լցվում մինչեւ նկուղ: Տեղումների օրերին հատկապես անանցանելի են լինում շենքի վերին հարկերի միջանցքները: Էլ չենք ասում, որ այդ խոնավությունն ու կեղտաջրերի հետեւանքով առաջացած աղբը լցվում են մարդկանց բնակարաններ:
Մեր հարցին, թե այս շենքի տանիքի նորոգման խնդիրը հաշվի՞ է առնվել Երեւանի քաղաքապետարանի բազմաբնակարան շենքերի տարիքների նորոգման համալիր ծրագրի շրջանակներում, Ավան վարչական շրջանի տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց, որ եթե անգամ չի ընդգրկվել՝ իրենք կնորոգեն. «Արդեն մրցույթը հայտարարված է, այն կայանալու է մայիսի 2-ին, որ կազմակերությունը հաղթի՝ նրանք էլ կիրականացնեն նորոգման աշխատանքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել