Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի անօթեւաններին տուն են տվել, բայց էլի տնակում են

Ապրիլ 28,2011 00:00

Բազմանդամ անօթեւան ընտանիքները դարձյալ մնալու են փտած տնակներում

Գյումրեցի անօթեւաններից շատերը հրաժարվում են տեղափոխվել նորակառույց Մուշ 2 թաղամաս՝ այն պատճառով, որ կառավարությունը, ասենք՝ մեկ սենյականոց բնակարանը հատկացրել է 6-7 անձի: Անօթեւանների դժգոհությամբ, կառավարությունն առաջնորդվել է հին որոշումներով՝ բացարձակապես հաշվի չառնելով այն փաստը, որ ընտանիքը երկրաշարժից հետո 23 տարվա ընթացքում բազմացել է: Բնակարանները բաշխելիս որպես հիմք ընդունում էին նախկին վարչապետ, ծնունդով գյումրեցի Արմեն Դարբինյանի հեղինակած ու 1999թ.-ին ընդունած կառավարության թիվ 432 որոշումը, համաձայն որի՝ ընտանիքը բնակարան է ստանալու երկրաշարժին կորցրած սենյակների քանակով: Գյումրիում բարձրացած մեծ աղմուկից հետո, օրերս կառավարությունը վերանայել է նախկին որոշումը՝ բազմանդամ ընտանիքներին հնարավորություն տալով կիսվել՝ որպես կացարան օգտագործելով նաեւ տնակը: «Շիրակ» հ/կ-ի օրերս տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ կառավարությունը որոշել է. «Աղետի գոտու բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած ընտանիքներին հնարավորություն տալ մեկից ոչ ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցնելու դեպքում բնակությունից չազատել եւ չքանդել դրանցից միայն մեկը, եթե բնակարան ստացած ընտանիքի անդամների թիվը կազմում է.
ա. 1 սենյականոց բնակարան ստանալու դեպքում  5 եւ ավելի անձ,
բ. 2 սենյականոց բնակարան ստանալու դեպքում 7  եւ ավելի անձ,
գ. 3 սենյականոց բնակարան ստանալու դեպքում 8 եւ ավելի անձ»:
«Շիրակ կենտրոն» հ/կ-ն նաեւ տեղեկացնում է, որ համաձայն իրենց 2009-2010թթ. կատարած ուսումնասիրությունների, Գյումրիում 2010-ին բնակարան ստացած 1056 ընտանիքների գրեթե կեսը՝ 460-ը բաղկացած են 5 եւ ավելի անդամներից, այդ թվում՝ 60 ընտանիք ունի 10 եւ ավելի անդամներ: Չնայած շատերը կառավարության հին օրենքներում կատարած փոփոխությունները մեծ նվաճում են համարում՝ այն իմաստով, որ այսուհետեւ բազմանդամ ընտանիքների քթից չեն բերի ու չեն պարտադրի բնակարան ստանալուն պես տնակը հանձնել, այդուհանդերձ, անօթեւանները հիացած չեն այս մոտեցումով: Ըստ նրանց, պետությունը խուսափում է իր պարտականությունները կատարելուց՝ փաստացի այնքան բնակարան չի կառուցում, որքան որ անօթեւաններ կան:
Նորակառույց թաղամասի թիվ 17 շենքի 50-րդ բնակարանի բնակիչ Լիզա Առաքելյանը, որի ընտանիքը վեց հոգանոց է, մեզ հետ զրույցում դժգոհեց, որ 1 սենյականոց բնակարան ստանալուն պես ընտանիքը ստիպված է եղել կիսվել. մեծ տղայի ընտանիքին իր անչափահաս երեխաներով թողել են տնակում, իսկ ինքն ու կրտսեր որդին տեղափոխվել են նոր բնակարան: «Էդ մի սենյականոցը իսկական միայնակ մարդու բան է, իմ փոքր տղան 37 տարեկան է, ու դարձյալ չեմ կարողանում ամուսնացնել՝ նորմալ տուն չունենալու պատճառով: Անգամ գույքը տեղադրելու տեղ չկա, էնքան որ բնակմակերեսը փոքր է, ու պատկերացրեք, որ էդ բնակարանը վեց հոգու են տվել: Միջանցքը երեսի զոռով սենյակ եմ դարձրել ու տեղավորվել եմ: Իսկ մեծ տղայիս տնակը փտած է, խոնավ, էդ ծմակի մեջ թոռնիկներս ամսվա սկիզբ հիվանդ են, ամսվա վերջ՝ հիվանդ են: Ասենք թե արտոնություն տվեցին ու տնակը չքանդեցին, դրանից անօթեւանը օթեւան ունեցա՞վ: Դա հարցի լուծո՞ւմ է: Եթե տնակը 23 տարվա լինի, բնակության համար պիտանի կլինի՞: Կռիսները ծակ են բացել, մենք ստիպված կանսեռվի կռիշկեքով փակել ենք էդ ծակերը, դե գնա ու էդտեղ ապրի: Մինչեւ ե՞րբ»,- վրդովված հարցնում է տիկին Լիզան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել